ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

Դիզափայտի ծաղիկներն ու Հադրութի բակերը՝ երևանցի և ստեփանակերտցի փոքրիկների համատեղ կտավներում

2020թ.-ի արցախյան պատերազմից հետո Հադրութից տեղահանված մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը շարունակում է գործել։ Երևանում, Աշտարակում, Մասիսում և Արտաշատում տեղացի և արցախցի սաները գործում են միասին։ Խմբակներն աշխատանքով են ապահովում տեղահանված ուսուցիչներին, իսկ սաներին տալիս անվճար սովորելու հնարավորություն։

-Դուրս եկել է, նկարել եմ:

-Սա որտեղ է՞… Ուսուցիչներն ասում են՝ Հադրութում, գիտե՞ս որտեղ է:

-Այո, Արցախում:

Երևանում 7-ամյա Մելքոնը դասերից հետո հաճախում է «Հադրութ մանկակապատանեկան ստեղծագործական կենտրոն»: 2020թ.-ի 44-օրյա պատերազմն ու 2023-ի բռնի տեղահանումը կենտրոնը տեղափոխեցին նախ Ստեփանակերտ, հետո էլ Երևան:

Հադրութի տներից մեկի գունեղ բակը «պատերազմից փրկված» նկարից նոր թղթի վրա «վերակենդանացրած» Մելքոնի նման, երևանցի այլ փոքրիկներ էլ արցախցիների հետ հաճախում կենտրոն:

«Ես Անժելան եմ, ծնվել եմ Ստեփանակերտում, էստեղ մեծ գոբելեն է, տարբեր շրջանները միացրել ենք իրար։ Սա Հադրութի շրջանն է, եկեղեցու բակն է, սա մատուռներից մեկն է, սա էլ Շուշին»։

Փոքրիկ Անժելայի ասեղնագործ կտավում դեռ կավելանան Ասկերանի շրջանի Մայրաբերդն ու Դիզափայտ լեռան ծաղիկները։ Պատկերներն ամենայն ճշտությամբ վերաստեղծվում են Արցախից Հայաստան հասած կտավներին, գուլպաներին, կարպետներին և գորգերին նայելու միջոցով։

Երևանի, Աշտարակի, Արտաշատի և Մասիսի խմբակներ ամեն օր ավելի քան 20 երեխա է հաճախում։ Կենտրոնի տնօրեն Իրա Թամրազյանը պատմում է՝ ջրանեկրերը, ուլունքները, թելերը, փայտն ու կավը սաներին 1 հարկի տակ են հավաքում ոչ միայն դասերից հետո, այլև հանգստյան օրերին։ Նյութերն արվեստի գործեր դարձնել սովորեցնում են Արցախից եկած ուսուցիչները։

«Մենք չենք դադարում աշխատել։ Աշխատողները գալիս են անվճար։ Կփորձենք հովանավորներ ձեռք բերել։ Հիմա փորձում եմ ավելի շատ մարզերի վրա աշխատել։ Մեր աշխատողները, ով մարզում բնակություն է հաստատել, տուն է վարձել և էնտեղ ապրում է, կփորձենք բացել  մասնաճյուղ»։

Կենտրոնի տնօրենը երկար է թվարկում հովանավորների անունները։ Նվերներն, ըստ նրա, անգին են՝ կավագործության վառարան, կարի մեքենաներ, կարպետի ու գորգի հաստոցներ և ոչ միայն։ Ներկ-վրձնից մինչև թել-ասեղ՝ նույնպես նվիրատուների ջանքերի արդյունքն են։

«Արցախի մշակույթի, կրթության նախարարությունը կենտրոնի բոլոր գործերը ուղարկում էր Երևան։ Դիլիջանում, Գյումրիում, Երևանում կազմակերպվող բոլոր միջոցառումներին մենք էլ էինք գալիս, մասնակցում։ Երբ տեղափոխվեցինք, բոլորը զանգեցին՝ որտեղ ե՞ք, ինչ ե՞ք անում։ Եվ ամեն մեկը փորձեց մի բանով օգնել»։

Որտե՞ղ են հադրութցի ստեղծագործողները՝ 2020-ի պատերազմից հետո հարցնում է կոմպոզիտոր Արա Գևորգյանը։ Աշխատանքային նյութերով լի պարկերով նա առաջինն է այցելում կենտրոնի երևանյան հասցե և ասում՝ պետք է շարունակել։

«Էդ էլ մի ուրիշ ոգևորություն է, եթե Արցախի օպերատիվ շտաբը, հասկանալի է, որպես արցախցիներ է մեզ ընդառաջել, ապա էսպիսի վաստակավոր, ճանաչված մարդը ասում է պետք է ցուցահանդեսներ անենք աշխարհով մեկ։ Այդպիսի մարդը մի օր բերում է ճամպրուկ, ու ասում ՝ դե նկարները դնում ենք։ Առաջին ցուցահանդեսը Մոսկվայում մեր հայկական եկեղեցու թանգարանում ներկայացվեց, և առաջին հովանավորները էդտեղից եկան»։

Փայտամշակման խմբակի համար բացակայող հաստոցը ստեղծագործական կենտրոնին է նվիրում հենց մոսկովյան ցուցահանդեսից հետո Հայաստան ժամանած հովանավորը։ Խմբակը վերականգնվում է նաև Արցախից որպես մասունք բերված կաղնու փայտի շնորհիվ։

«Հետո հերթական հովանավորների միջոցով մենք ձեռք բերեցինք կարպետի և գորգի հաստոցներ, այսօր դրանք տեղակայված են Աշտարակում, Արտաշատում և Մասիսում։ Նույնիսկ, որ էն ժամանակ որպես Հադրութի ներկայացուցիչներ դեսպանատներ գնում էինք հանդիպման, ամեն մի դեսպանի կարողանում էինք մեր Արցախի նախշերով մի կարպետ նվիրել, և իրենք զարմանում էին՝ ոնց կարելի է 2-3 ամսվա ընթացքում և՛ գործած, և՛ բերած մեզ տված»։

Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը դժվար պահին ձեռք է մեկնել նաև սաների և ուսուցիչների ընտանիքներին։ Իռա Թամրազյանը կատակում է՝ ցավոք Հադրութն արդեն փորձառու էր, երբ Ստեփանակերտին էր պետք օգնել։

«Գալիս էին մեր ընկերները մեզ մոտ, ասում էին ինչ է պետք, ասում էի այ էս աշխատողիս, օրինակ, մահճակալ չունի։ Իսկույն բերում էին, ու էսպես կարճ ժամանակում թվով 100 ընտանիքի մենք կարողացանք օգնել։ Հիմա աշխատում ենք, որպեսզի Էջմիածնում կարողանանք կարպետի, գորգի մասնաճյուղ բացել։ Ուզում եմ նաև անմիջապես գյուղերում աշխատել։ Տաղանդավոր երիտասարդներին բերենք սովորեցնենք ու իրենց գյուղերում բացենք խմբակներ, որպեսզի կարողանան դասավանդել»։

-Դուք մեծ պլաններ ունեք:

-Դե մեկ է, 3 տարվա մեջ արել ենք, ինձ համար դժվար չէ շարունակական էդ գործը անել։ Մենք ում էլ հանդիպել ենք մարզերում, բոլորն էլ լավ բարի մարդիկ են եղել, եթե գնացել եմ ասել եմ դպրոցի այս սենյակը կտա՞ք մեր մասնագետը էդտեղ աշխատի,  և՛ ձեր երեխաների, և՛ բոլոր երեխաների համար, շատ մեծ սիրով ընդունել են։ Ի՞նչ կա դժվար բան։ Լավ վերաբերմունք է և՛ դպրոցի համար, և՛ մեր աշխատողը էնտեղ կաշխատի ու կստանա ցավոք սրտի մի 50 հազար դրամ /ծիծաղում է,-հեղինակ/։ Բայց, մեծ սիրով գնում են ու աշխատում։

Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնով հետաքրքրվում են նաև արվեստագիտական օտարերկրյա շրջանակները։ Ճապոնական Սագա համալսարանի մշակութային բաժնի դասախոսներն, օրինակ, 2022 թ.-ին հենց այս կենտրոնում են ուսումնասիրել հայկական կարպետի և գորգի զարդանախշերը։

Back to top button