ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հումանիտար փաստաթղթի քաղաքական բովանդակությունը․ ի՞նչ կա Հայաստան-Ադրբեջան երկկողմ հայտարարության հիմքում

Երևանը հայտարարում է, որ առաջնորդվել է մարդասիրական արժեքներով, Բաքուն նշում է, որ հաստատվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու ցանկությունը, միջազգային հանրությունը ողջունում է։

Նախօրեին Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի աշխատակազմերը համատեղ հայտարարությամբ տեղեկացրին, որ Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների։ Սա Երևանի ու Բաքվի միջև երկկողմ ձևաչափով ամրագրված առաջին համաձայնությունն է։ Ընդդիմադիրները կարծում են, որ այս համաձայնությամբ  հիմք է դրվում Երևան-Բաքու երկկողմ բանակցություններին, ինչը վտանգավոր են համարում։ Իշխանությունը հորդորում է ոչ թերագնահատել հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությունը, ոչ էլ գերագնահատել այն․հարցը հումանիտար զգայուն խնդրի է վերաբերում։

Հայաստանի ներքաղաքական դաշտում չեն վստահում հայ գերիներին ազատ արձակելու Բաքվի քայլի զուտ մարդասիրական բովանդակությանը։ Մտավախություններ կան, որ հայտարարության հիմքում քաղաքական  հաշվարկներ են։ Դրանցից առաջինը, թերևս, առանց միջնորդների ուղիղ շփման ու երկկողմ բանակցությունների ձգտումն է։ Դեռ ամիսներ առաջ սա Ադրբեջանի ցանկությունն էր ու առաջարկը։

Դրա իրագործումը խիստ վտանգավոր է համարում «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Կարծում եմ, որ Ադրբեջանն իր հաշվարկներն ունի։ Նախ, իհարկե, ճնշումներն այս հարցով միջազգային օրակարգում արդեն վաղուց կային։ Բնականաբար, դրան Ադրբեջանը որևէ հոդաբաշխ բացատրություն չէր կարողանում տալ։ Փորձում է մեղմել այդ ճնշումները։ Երկրորդը՝ սրանով փորձում է ասել, որ ճիշտը երկկողմ բանակցություններն են։ Որովհետև այս հարցով էլ ճնշումներ կան՝ չեն գնում Եվրոպա, չեն գնում որևէ այլ տեղ բանակցելու։ Բանակցություններն, ի վերջո, դադարեցվում են ո՞ւմ մեղքով։ Այս մեղադրանքից էլ պետք է ազատվեր Ադրբեջանը, և կարծում եմ այս քայլը նաև դրան էր ուղղված։ Իսկ այստեղ խոսակցությունը հաղթողի և պարտվողի դաշտում է, և այս առումով ես լավ ակնկալիք չունեմ»։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական երկկողմ հայտարարությունը հեռուն գնացող նպատակներ չունի։

«Հարցը հումանիտար խնդրի է վերաբերում։ Սա շատ կարևոր հայտարարություն է , և պետք չէ թերագնահատել այն, բայց նաև գերագնահատել ընդհանուր բանակցային գործընթացի տրամաբանության մեջ։ Այն, ինչ Հայաստանը ասել է, շարունակում է պնդել, որ Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները պետք է տեղի ունենա այն սկզբունքների շուրջ, որոնց կողմերը համաձայնություն են տվել դեռևս այս տարվա հուլիսին եռակողմ հանդիպման ընթացքում, և Հայաստանը հորդորում է միջնորդ կողմերին ապահովել բանակցությունների շարունակականությունը այն հարթակներում, որտեղ դրանք սկսվել են»։

Խանդանյանը հստակեցնում է՝ բանակցային վերջին փուլի տրամաբանությամբ՝ արտգործնախարարների հանդիպումները կազմկերպվում են Վաշինգտոնում, երկրների ղեկավաներինը՝ Բրյուսելում։ Վաշինգտոնն արդեն արտահայտել է իր ակնկալիքը և սպասում է կողմերի պատասխանին՝ արտգործնախարարների հնարավոր հանդիպման առնչությամբ։ Բրյուսելին վերաբերող հստակեցումներ օրվա ընթացքում հնչել են նաև Բաքվում։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը շատ լավ հարթակ է երկու երկրների միջև վստահության ամրապնդման գործընթացը խթանելու համար։

Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը արդեն դրական են գնահատել Միացյալ Նահանգները, ԵՄ-ն, Ռուսաստանը, միջազգային տարբեր կառույցներ։ Առաջին արձագանքողներից մեկն էլ Թուրքիան է։

Ինչպե՞ս ծնվեց երկկողմ հայտարարությունը և գերիներին վերադարձնելու որոշումը՝ այս հարցերի մանրամասները ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում չգիտեն։ Հայտնի տեղեկությունն այն է, որ քննարկումը  ընթացել է վերջին օրերին, հեռավար, ոչ «առաջին դեմքերի» մակարդակով՝ ասում է Խանդանյանը։

«Տեղի են ունեցել բանակցություններ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև։ Չեմ կարծում, որ դա երկրների ղեկավարների մակարդակով է եղել։ Դա եղել է աշխատակազմերի մակարդակով։

Արմեն Գրիգորյան-Հաջի՞և
Գուցե, բայց գուցե անձանց խումբ է շփվել, դրա համար չեմ ցանկանա այս պահին ինչ-որ անուններ հնչեցնել։ Հայտարարության մեջ արձանագրվում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմն են բանակցել։ Մանրամասն տեղեկություն չունեմ բուն պրոցեսի վերաբերյալ, բայց եղել են առաջարկներ, գիտեք, որ ժամանակակից տեխնոլոգիաների դարում հեռահաղորդակցության միջոցների օգտագործման պայմաններում դժվար չէ կապ հաստատել և այս հարցը լուծել։ Արդյո՞ք դա տեղի է ունեցել մեկ միջնորդի կամ անձանց կողմից, կդժվարանամ պատասխանել։ Եթե հետագայում վարչապետի աշխատակազմը հարկ համարի մանրամասներ հաղորդել՝ կհաղորդի»։

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը համոզված է՝ գերիների վերադարձը օրերի և նույնիսկ ժամերի հարց է։ Չի բացառում, որ որոշումը հասունացել է Ադրբեջանի վրա արտաքին ճնշումների հետևանքով։

«Իհարկե, չենք կարող բացառել, և դա գուցե շատ կարևոր ազդեցություն է ունեցել գործընթացի վրա։ Ադրբեջանը եթե շարունակի ապակառուցողական լինել բանակցությունների ընթացքում, մենք շարունակելու ենք հորդորել, որ մեր միջազգային գործընկերները և այն կողմերը, որոնք պատրաստակամություն և պարտականություն են ստանձնել միջնորդ հանդիսանալ բանակցություններում, շարունակեն ճնշումը Ադրբեջանի վրա»։  

Հայաստանի իշխանությունների՝ մինչև տարեվերջ «Խաղաղության պայմանագիրը» կնքելու ցանկություններին և նպատակներին հակառակ, ընդդիմադիրները մտահոգված են՝ շուտափույթ կնքված փաստաթուղթը կարող է շատ բացեր և չճշտված հարցեր պարունակել։  

«Ես Ադրբեջանի կողմից զիջումների մասին որևէ հայտարարություն մինչև հիմա չեմ լսել։ Կոնկրետ, օրինակ, հարցը հետևյալն է․Նիկոլ Փաշինյանը այստեղ հայտարարել է 29 800 քմ Հայաստանի տարածք։  Դա ընդունվո՞ւմ է Ադրբեջանի կողմից, թե՞ ոչ։ Այդպիսի հստակ հայտարարություն չի եղել, և ես չեմ էլ տեսնում, որ դա կարող է լինել։ Ադրբեջանին այսօր ձեռնտու չէ ֆիքսել Հայաստանը իր հստակ սահմաններով։ Որովհետև թուլացած բանակցող ունի դիմացը, և իր՝ ուժի դիրքրից խոսելը և իրականացնելը դեռ չի պատժվել աշխարհի կողմից։ Նա շարունակելու է այս նույն տրամաբանությամբ առաջնորդվել»։

Արդյո՞ք բարի կամքի դրսևորումները կարող են վերաբերել նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ադրբեջանական գերությունից վերադարձնելու խնդրին․ հարցի պատասխանը չունեն ոչ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավարը, ոչ էլ ԱԺ-ում քննարկումների մասնակցած փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։ Վերջինը նախընտրեց չպատասխանել բանակցություններին առնչվող որևէ հարցի։  

Back to top button