ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Իրավապաշտպանները Հայաստանում չխախտված իրավունք չեն գտնում

ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Թագուհի Թովմասյանի ձեռքին Մարդու իրավունքների ՄԱԿ-ի ընդհանուր հռչակագիրն ու Եվրոպական կոնվենցիայի դրույթներն են։ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի վերաբերյալ քննարկումը սկսում է հաշվելով, թե քանի իրավունք կա, որը պահպանվում է երկրում․

Հերթով կարդալով գնում եմ, գիտե՞ք, միայն երկու դրույթ կա, որ չի խախտվել․ դա ամուսնության իրավունքն է, որ մարդիկ իրար հետ ազատ ամուսնանում են և ստրկություն չկա, այսինքն՝ մարդուն հարկադրաբար չեն տանում ստրկացման։ Մնացած բոլոր իրավունները խախտված են։

Քննարկման մի քանի րոպեն բավական էր, որ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ղեկավար Արաքս Մելքոնյանը նկատեր՝ այս իրավունքների պաշտպանությունն էլ ամենաբարձր մակարդակում չէ․

— Տիկին Թովմասյան, կարծում եմ, որ ձեր նշած երկու իրավունքները ևս կարող են խախտվել, որովհետև մենք հատկապես ազգային փոքրամասնությունների դեպքում ունենք հարկադիր, վաղաժամ ամուսնության դեպքեր։
— Հետ եմ վերցնում խոսքերս։
— Եվ թրաֆիքինգի դեմ պայքարում ստրկությունը շատ հնարավոր է։ Թրաֆիկքինգը հենց ստրկություն է։

Այսպիսով՝ քննարկման մասնակիցների եզրակացությունը հնչեց քննարկման հենց սկզբում՝ Հայաստանը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կաղում է։ Թագուհի Թովմասյանի կարծիքով, խնդրահարույց են հատկապես ազատ ընտրությունների և քաղաքական հետապնդումների հարցերը։ Նա կարծում է, որ Հայաստանում այժմ ամենամեծ թվով քաղբանտարկյալները կան։ Հակադարձում է ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Էդգար Մարտիրոսյանը․

«Կոնկրետ դատական ակտերով որևէ գնահատական չենք կարող տալ, սակայն չի կարելի քաղաքական հետապնդում պայմանավորել միայն այն հանգամանքով, որ անձը քաղաքական գործունեությամբ է զբաղվում։ Քաղաքական հետապնդում պետք է որակել այն դեպքում, երբ իրավական հիմքը բացակայում է, այսինքն՝ բացառապես պայմանավորված է քաղաքական գործունեություն իրականացնելով։ Այս պարագայում պաշտպանն ընդգծել է իր հրապարակային խոսքում, որ ցանկացած այն դեպքում, երբ կլինեն անաչառ, ստույգ և հավաստի տեղեկություններ այդ մասին, պաշտպանը հանդես կգա հայտարարությամբ»։

Արաքս Մելքոնյանն էլ 2023-ի իրադարձություններից առանձնացնում է ոստիկանների գործողությունները։ Կարծում է՝ նրանց համար ստեղծված է անպատժելիություն միջավայր, որը խնդիրներ է առաջացնում․

«Մենք ականատես ենք եղել ոստիկանության անահամաչափ և նույնիսկ հանցավոր գործունեության։ Սակայն որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել։ Կան հոլովակներ, որոնցում նույնիսկ անչափահասների բռնության կադրեր կան, և քաղհասարակության գնահատականը միանշանակ է՝ ոստիկանների գործունեությունը եղել է անհամաչափ և ապօրինի»։

Թագուհի Թովմասյանը մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը՝ օրակարգային, լուծումը՝ խիստ դժվար է համարում։ Օրենսդրի՝ ոլորտային հանձնաժողովի նախկին նախագահն ասում է՝ ինքն անգամ իր իրավունքները չի կարողանում պաշտպանել։ Այս դեպքում այլ մարդկանց իրավունքների պաշտպանության մասին խոսելը դժվար է։

«Ես պատգամավոր եմ ընտրվել ժողովրդի քվեով, իսկ հանձնաժողովի նախագահ ընտրվել եմ պատգամավորի քվեով։ Գտնվում էի անաշխատունակության պայմաններում, չէի կարող ֆիզիկապես ներկա լինել աշխատանքի, և ՔՊ-ն մի օր քնից արթնացավ և 8 րոպեում որոշեցին, որ ինձ պիտի հեռացնեն աշխատանքից։ Իմ՝ լսված լինելու իրավունքը նրանք պարտավոր էին հարգել, և նրանք պարտավոր էին հաշվի նստել այն իրավիճակի հետ, որ ես ունեմ անաշխատունակության թերթիկ։ Բայց նրանք գնացին մինչև վերջ, ինձ ազատեցին՝ հետ կանչեցին։ Հիմա ամբողջ պրոբլեմն այն է, որ ես Հայաստանում չեմ կարողանում դատական պաշտպանություն ապահովել ինքս ինձ համար, բնական է՝ չեմ կարող խոսել մյուսների իրավունքների մասին»։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ղեկավար Արաքս Մելքոնյանը կարծում է՝ խնդիրներն ավելի հեշտ լուծելի կլինեն, եթե առաջարկվող գործողությունների պլանը համապաստախանի ժամանակի պահանջներին։ Այս տարի ընդունվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագիրը։ Ռամավարությունը, սակայն, մշակվել է 2019-ին, ինչից հետո երկրում շրջադարձային փոփոխություններ են տեղի ունեցել։

Իրավապաշտպանները կարծում են՝ խնդիրների մասին բարձրաձայնումը պետք է զուգորդվի գործողությունների՝ տվյալ խնդիրներին թիրախային լուծում առաջարկող պլան ունենալու հետ։

Back to top button