ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ռուսաստանի կողմից «մերժված» բեռներում խնդիրներ չկան․ 160-ից ավելի բեռնատար կրկին կփորձի հատել Վերին Լարսը

Վերին Լարսի անցակետի թե ռուսական, թե վրացական կողմում կրկին կուտակումներ են։ Ձնաբքի ու մերկասառույցի պատճառով Գուդաուրի–Կոբի ճանապարհահատվածը փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար, դրա պատճառով հայկական ավելի քան 1500 բեռնատար չի կարողանում շարունակել ճանապարհը ։ Այս պահին սա հայկական բեռների կարծես թե միակ խոչընդոտն է․ եթե նախորդ շաբաթներին  Հայաստանից Ռուսաստան արտահանվող բեռները խստացված ընթացակարգով ֆիտոսանիտարական ստուգումների էին ենթարկվում ու որակական թերություններ ունենալու պատճառաբանությամբ վերադարձվում  Հայաստան, ապա այսօր արդեն  հայկական կողմը խնդիրը լուծված է համարում։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից «Ռադիոլուրին» փոխանցել են՝ կրկնակի ստուգման են ենթարկվել Վերին Լարսի անցակետից վերադարձված բոլոր բեռները։

«Հենց այս պահին էլ մեքենաները կանգնած են ու կկանգնեն, քանի որ եղանակը դարձյալ վատ է, ձյուն է գալիս»։

«Ռադիոլուրի» զրուցակիցը, որ դեպի Ռուսաստան բեռնափոխադրումներով է զբաղվում, պատմում է՝ տարվա այս ամիսներին Լարսի մի օր բաց, մի օր փակ լինելը սովորական երևույթ է, բեռնատարներն էլ արդեն գիտեն, որ ձյունը խանգարելու է ժամանակին տեղ հասնել։

«Երբ ձյուն է գալիս Գուդաուրիի հատվածում, 2-3 օր անդադար գալիս է, հետո մի այդքան էլ պետք է, որ մաքրեն ճանապարհը բացվի»։

Կեսօրի տվյալներով՝  եղանակային վատ պայմանների պատճառով Վերին Լարսի անցակետի ռուսական կողմում ավելի քան 1000, իսկ վրացական կողմում 500 հայկական բեռնատար է կանգնած։ Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ այս պահին արդեն հայկական բեռների միակ խոչընդոտը եղանակն է։

«Վերին Լարսի անցակետում այս պահին մեր բեռները որևէ սահմանափակում չունեն, միակ խնդիրը այդ ճանապարհահատվածով երթևեկության սահմանափակված լինելն է։ Հուսով ենք, որ շուտով ճանապարհը երկկողմանի կբացվի»,– ասում է Հակոբյանը։

Եղանակային պայմաններից բացի՝ վերջին շաբաթներին հայկական բեռներն այլ խոչընդոտներ էլ ունեին։ 10 օրվա ընթացքում ռուսական կողմը մի քանի տասնյակ բեռնատար անցակետից հետ էր ուղարկել՝ պատճառաբանելով, թե որակական խնդիրներ կան։ Հետո Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը հայտարարել էր, որ վնասատուներով վարակված բեռների մատակարարումը Հայաստանից կտրուկ աճել է։ Հայկական կողմն էլ հակադարձել էր՝ բոլոր բեռները մինչև սահմանային անցակետեր հասնելը պարտադիր ստուգման են ենթարկվում։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում վստահեցրել էր՝ «մերժված» բեռները Հայաստան հասնելուն պես կրկնակի փորձաքննության կենթարկվեն։ Արդեն 10 օր անց տեսչականում արձանագրում են՝ հայկական բեռները որակական խնդիրներ չունեին։

«Բնականաբար, վերադարձված բոլոր ապրանքները ստուգվել են, եթե ինչ–որ խնդիրներ եղել են, ապա այդ ապրանքները բնականաբար դեպի Լարս չեն ուղևորվել, բայց դրանք չնչին մասն են կազմել, գրեթե չեն եղել։ Ամենայն հավանականությամբ խնդիրները ուղեկցող փաստաթղթերում են եղել, և դրանք շատ արագ շտկվել են։ Հիմնականում վերստուգումից հետո՝ ամսի 1-ից մինչև այսօր, արդեն տրվել է 166 սերտիֆիկատ, և այդ սերտիֆիկատներով մեքենաները հասել են Լարս, որոշները արդեն նույնիսկ անցել են»,– մանրամասնում է տեսչականի ներկայացուցիչը։

Դեկտեմբերի առաջին տասնօրյակի ընթացքում հայկական 3 բեռնատար, այնուամենայնիվ, մերժման որոշում  է ստացել, բայց խնդիրները ռուսական կողմի հետ կարծես թե հարթվում են՝ շեշտում է Անուշ Հարությունյանը։

«Այս գործընթացին նպաստել են նաև այն բանակցությունները, որոնք տարվում էին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ու ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն միջև։ Խնդիրը դրվել է այնպես, որ որևէ խնդրահարույց բեռ Հայաստանից չպետք է ուղարկվի դեպի Ռուսաստան, և մեր կողմից էլ, որ որևէ տարբերակված մոտեցում չպետք է լինի հայկական բեռների նկատմամբ»։

Չնայած պաշտոնական պատասխաններին ու պնդումներին, որ խնդիրը կարգավորված է, բեռնափոխադրումներով զբաղվող ընկերություններից մեկի ներկայացուցիչը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ առայժմ խուսափում են ռուս-վրացական սահմանով ֆիտոսանիտարական ստուգման ենթակա ապրանք տեղափոխել։ Գնահատել են ռիսկերը ու որոշել, որ անիմաստ է բեռնատարները սահման հասցնելը։

«Այս պահի դրությամբ ես չեմ ուղարկում այն բեռները, որոնք կարող են խնդիրներ ունենալ սահմանին։ Բայց որքանով տեղյակ եմ, հիմա արդեն ֆիտոսանիտարական ստուգման ենթակա որոշ բեռներ արդեն անցել են»։

Օրերս վերինլարսյան իրավիճակին անդրադարձել էր նաև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ու ընդգծել, որ խնդիրները լուծելու  համար տարբեր մակարդակներում քննարկումներ ու հանդիպումներ են անցկացվել։ Նախարարը, օգտագործելով առիթը,  նկատել էր, որ հայկական ապրանքները պետք է բարձրորակ լինեն ու «ձգտեն» հայտնվել նաև այլ՝ Վերին Լարսից չկախված շուկաներում։

Back to top button