ԿարևորՀասարակություն

Օնլայն տաքսիները կհարկվեն․ սպասե՞լ թանկացումների, թե՞ ոչ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում կատարված փոփոխություններով օնլայն տաքսի ծառայությունները հաջորդ տարվանից կհարկվեն։ Մինչ այժմ օնլայն տաքսիների ոլորտը օրենսդրորեն չի կարգավորվում, ուստի բացակայում են վերահսկման հստակ մեխանիզմները։ Օրենսդրական փոփոխությամբ օնլայն տաքսի ծառայությունների շրջանառությունը կգրանցվի հարկայինում։ Բացի այդ, յուրաքանչյուր ուղևորության համար կսահմանվի պետական տուրք, որը կանխիկ և անկանխիկ վճարման դեպքում տարբեր կլինի։

Օնլայն տաքսիներով երթևեկությունը կհարկվի, իսկ նման հարթակներում չգրանցված տաքսիների գործունեությունը կարգելվի: Խորհրդարանն օրենսդրական փոփոխությունն ընդունեց ձայների 56 կողմ, 6 դեմ և 17 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյան․

«Բազմաթիվ վարորդներ իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով ուղևորափոխադրումներ են իրականացնում, որոնք չեն վերահսկվում և չեն հարկվում։ Էլեկտրոնային ծառայությունները փաստացի պատվերներ են ընդունում, փոխանցում անհատ վարորդներին, կարգավորում են իրենց հարթակներով փոխադրման սակագները, սահմանում փոխադրման պահանջներ»։

Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման պատվերներ ձևակերպող և փոխանցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը այսուհետ կկանոնակարգվի։ Տաքսի ծառայությունները պետք իրենց ծրագրում փոփոխություններ կատարեն, որոնք թույլ կտան ուղևորներին էլեկտրոնային ՀԴՄ կտրոններ տրամադրել։ Այդպիսով այդ ընկերությունների շրջանառությունը կգրանցվի հարկայինում։

Բացի այդ, յուրաքանչյուր ուղևորության համար կսահմանվի պետական տուրք, որը կանխիկ և անկանխիկ վճարման դեպքում տարբեր կլինի, հայտնեց փոխնախարար Արմեն Սիմոնյանը․

«Կանխիկ վճարման դեպքում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից տուրքը կսահմանվի 2%, 2025 թվականի հունվարի 1-ից՝ 3,5%, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից՝ 5%, անկանխիկ վճարման դեպքում` 1,5%, 2,5% և 26 թվականի հունվարի մեկից 4%»:

Այս վճարումները հարկային ծառայությանը կփոխանցեն տաքսի-ընկերությունները, այլ ոչ թե վարորդները: Բացի այդ, իրենց բիզնեսը վարելու իրավունքի համար ընկերությունները տարեկան 1 մլն դրամ տուրք կվճարեն։ Օրենսդրական փոփոխությունը ոլորտի կարգավորման առաջին քայլն է, նկատեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Հաջորդիվ հնարավոր է՝ քննարկվի վարորդներին և նրանց մեքենաներին ներկայացվող նվազագույն պահանջների հարցը․

«Քանի որ մենք այս պահին վիճակագրություն չունենք, որոշել ենք ձեռնպահ մնալ՝ նաև հաշվի առնելով, որ օնլայն հարթակներն իրենց հերթին որոշակի պահանջներ սահմանում են։ Սակայն, երբ օրենքը սկսի աշխատել և որոշակի վիճակագրություն կհավաքվի, կարող ենք գնալ ավելի առաջ, ավելի նորմալ խաղի կանոններ սահմանել, որոնք երկարաժամկետ կլինեն»։

Ոլորտի վերահսկողությանը տնտեսագետ Ատոմ Մարգարյանը դրական է վերաբերվում։ Այլ հարց է՝ արդյո՞ք միայն հարկելով կարող են վերահսկողության դաշտ բերել օնլայն տաքսիները։

«Դուք իհարկե, կարող եք ցանցային վերահսկողության տակ առնել «x» թվով ընկերությունների կամ անհատների, բայց «y» թվով ծառայություններ կամ անհատներ կշարունակեն գործել ստվերում։ Տասնյակ հազարավոր մեքենաների գործարար ակտիվությունը վերահսկելը շատ բարդ է»։

Տնտեսագետը չի բացառում, որ  հարկման ռեժիմի փոփոխությունը հնարավոր է բարձրացնի նաև տաքսի ծառայությունների գինը, թեև այլևս թանկացնելու տեղ էլ չկա։

«Եթե թանկացումներից ենք խոսում, էլ թանկացնելու տեղ չկա։ Եվ դա նրանից չէ, որ այդ ծառայությունները վերահսկողության դաշտում են, այլ ճիշտ հակառակը։ Եթե վերահսկողություն լինի, ռեալ մրցակցություն, կկարգավորվի սակագինը, որակը, ամեն ինչը։ Ամբողջ խնդիրն այն է, որ նորմալ վերահսկողություն չկա։ Ընդհանրապես, կառույցները պետք է լինեն կոմպետենտ։ Այդ ժամանակ պարզ կդառնա տվյալ մեքենայի ծախսը, և հնարավոր է՝ պարզվի, որ ոչ թե էժան էր սակագինը, այլ 4-5 անգամ ավելի թանկ արժեն ծառայությունները, քան պետք է լինեին իրականում»։

Թե օրենսդրական փոփոխությունն ինչքանով կազդի գնագոյացման վրա, Ատոմ Մխիթարյանն առայժմ չի կարող ասել։ Բայց որ օնլայն տաքսի ծառայությունները արդեն իսկ գերշահույթով են աշխատում, կասկած անգամ չունի։ Ուղևորը գուցե չշահի այս փոփոխությունից, բայց բյուջեն հաստատ գոհ կմնա, վստահ է տնտեսագետը։

Back to top button