ԿարևորՀասարակություն

Ուղերձները ներառական են, իրականությունը՝ ոչ. հաշմանդամները շարունակում են բախվել խտրական վերաբերմունքի

88-ի երկրաշարժից հետո մեր երկրում հազարավոր մարդիկ հաշմանդամություն ձեռք բերեցին ու սկսեցին բախվել տարատեսակ խնդիրների: Թեև պետությունը հայտարարում է ներառական միջավայր ստեղծելու գերակայության մասին, քաղաքացիական հասարակությունը փորձում է օգնել այդ քաղաքականությունն իրագործելու հարցում, բայց բազմաթիվ խնդիրներ մնում են չլուծված: Ուղերձներն ու հայտարարությունները ներառական են, իրականությունը՝ ոչ՝ ասում են խնդրով զբաղվող կառույցների ներկայացուցիչները։

«Ծալում ես ծունկդ, հակառակ ձեռքով ես բարձրացնում, հիմա հավասար զուգահեռ իջեցնում, հիմա մյուսը: Ապրես»:

Ամեն երկուշաբթի  Տիգրանը «Ադա» հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցության կենտրոնում է: Կինեզիոթերապիստ Մարգարիտա Մարուքյանի հետ  անցկացրած 30 րոպեները ամենասպասվածն են նրա համար: Նաև՝ անգլերենի պարապմունքները: Ասում է՝ աստիճանաբար սովորում է առանց  քայլակի տեղաշարժվել:

Տիգրան Գևորգյան. «Քայլակը կամաց թողնում եմ»։

15 -ամյա Տիգրան Գևորգյանը Վանաձորի թիվ 24 հիմնական դպրոցում է սովորում: Դպրոցի ներսում տեղաշարժվելն ավելի հեշտ է՝ ասում է: Փոքր–ինչ լարվում է դասամիջոցներին, երբ աշակերտների հոսքի մեջ ապահովության զգացումը թուլանում է.

«Դպրոցի ներսը հարմար է, դուրսն է մի քիչ, մեկ էլ 2-րդ հարկ բարձրանալու խնդիրն է: Կարող եմ բարձրանալ, եթե կողքս մարդ չլինի, բայց երեխաները շատ արագ են շարժվում ու խառնաշփոթի մեջ կարող եմ ընկնել»

Երեխաները շատ են, բոլորի հետ ամեն օր չեմ կարող՝ Մարգարիտա Մարուքյանն է ասում: 13 երեխաներից յուրաքանչյուրն իր ժամն ունի:  Ամենափոքր այցելուն, ասում է, արցախցի 2- ամյա Դավիթն է:

«Հենաշարժողական խնդիրներով երեխաների հետ եմ ես աշխատում: Տարիքով ամենամեծը Տիգրանն ա, մնացած երեխաները՝ սկսած 2 տարեկանից ունենք: Արցախից տեղահանված Դավիթ ունենք, որ թերսնուցման պատճառով ոտքերի մկանային տոնուսը թուլություն ունի, չի կարողանում հստակ քայլել»:

«Ադա» կենտրոնում հաշմանդամության տարբեր խնդիրներ ունեցող 50-ից ավելի երեխաներ, այդ թվում՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքներից, ստանում են բազմամասնագիտական ծառայություններ՝  ասում է «Լուսաստղ» կազմակերպության նախագահ Անի Գաբրիելյանը, որին կից է գործում կենտրոնը: Նաև հումանիտար աջակցություն են տրամադրել՝ SOAR բարեգործականի և հաշմանդամների «Փյունիկ» կազմակերպության միջոցով: Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված 100-ից ավելի ընտանիքների կարիքներ են գնահատել ու բազմաթիվ խնդիրներ հայտնաբերել

«Արցախից տեղահանված 9 երեխաներ մեզ մոտ ստանում են տարբեր ծառայություններ՝ լոգոպեդի, հոգեբանի, ֆիզիոթերապիստի, կինեզիոթերապիստի, հատուկ մանկավարժի և արտթերապիայի: Հաշմանդամություն ունեցողների ընտանիքներն այս պահին սոցիալական աշխատողների միջամտության խնդիր ունեն, որովհետև չգիտեն ո՞ւր դիմել, սոցիալական նպաստների,  հաշմանդամության խումբը վերանայելու, կենսաթոշակների հարցով: Ըստ կարիքների գտանք, որ անհապաղ է դեռահաս աղջիկների հետ աշխատանքը: Նրանց պետք է տանից հանել, հոգեբանական աշխատանք տանել, որովհետև այդ երեխաների հայացքներից երևում է, թե ինչքան են վախեցած, հուսահատ, ապագայի նկատմամբ ոչ մի պլաններ չունեն, անգամ ուսումը չեն ուզում շարունակել»:

Անին հաշմանդամություն է ձեռք բերել 88-ի երկրաշարժի հետևանքով: Այն ժամանակ, ասում է, հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կառույցներ չկային: Չնայած մարդկային ու ֆինանսական սուղ ռեսուրսներին՝ փորձում են անել առավելագույնը: ՀՀ սոցապ նախարարության տվյալներով՝ մեր երկրում ապրում է հաշմանդամություն ունեցող 184 323 քաղաքացի, որոնցից 8.588-ը՝ երեխաներ: Նրանցից 17 829-ը բնակվում  է Լոռու մարզում,  674 –ը երեխաներ են: Անուշ Ասլանյանն արդեն 10 տարի հաշմանդամների շահերի պաշտպանությամբ է զբաղվում: Ասում է՝ պետության ու հասարակական սեկտորի փոխգործակցությամբշնորհիվ փորձ է արվում ներառական միջավայր ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց համար: Ցավում է, որ հաշմանդամություն ունեցող անձինք դեռևս տարատեսակ խնդիրների են բախվում:

«Լավ կլիներ որ չանդրադառնայինք մատչելիությանը, կցանկանայինք, որ  որոշում, ծրագիր իրականացնելիս,  հուշում չլիներ, որ դա պիտի լինի մատչելի, ներառական: «Լոռի» շահերի պաշտպանության խումբը մոնիթորինգի արդյունքում որոշ շենք -շինություններ ևս դիտարկել է, կան թեքահարթակներ, որոնք չեն համապատասխանում չափորոշիչներին: Եթե նախկինում պարտադիր էր 3 տարում շենքը մատչելի դարձնել, հիմա այդ պարտադրանքը մեղմացվել է, և խիստ պատիժ չի կրում»:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հիշում է Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանի դրսևորած անհանդուրժող վարքագիծը՝ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ։ Վերջինը վիրավորական հայտարարություններ էր արել ավագանու նիստի եկած «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ նախագահի հասցեին:

Արձագանքելով տհաճ միջադեպին՝ ՀԿ-ն հայտարարություն է տարածել,  որում մասնավորապես ասված է․ «Նման վարքագիծը չպետք է հանդուրժվի, պետք է ապահովել, որ իշխանություն ունեցողները պատասխանատվության ենթարկվեն իրենց արարքների համար: Հանրային իշխանության բոլոր մարմինները պետք է գիտակցեն, որ պարտավոր են մատչելի և բարենպաստ միջավայր ապահովել հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող կանանց քաղաքական և քաղաքացիական իրավունքներն իրացնելու համար»։

Ուղերձներում, ասում է,  ամեն ինչ լավ է, ներառական, մինչդեռ  հաշմանդամություն ունեցող անձինք շարունակում են  խնդիրների բախվել: Ամենազավեշտալին այն էր, ասում է Մուշեղը, որ  օրեր առաջ հայհոյանքներ հնչեցրած Փելեշյանը դեկտեմբերի 3-ին ուղերձ էր հղել: Պաշտոնին վայել վարքագիծ չդրսևորածների ու պատասխանատվության չենթարկվածների շրջանակը չպիտի մեծանա՝ ասում է:

 «Դրանից մի քանի օր առաջ ինքը արել էր մի բան, որը չափազանց անընդունելի էր, սեռական հայհոյանք էր հնչեցրել, որևէ կերպ հայհոյանքը չի կարող արդարացվել, դա անընդունելի վարք, որը պիտի պատասխանատվության ենթարկվի: Սա այն իրավիճակն է, որում մենք ապրում ենք, հայտարարություններ, շատ գեղեցիկ տեքստեր»:

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ ուղերձ էր հղել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը՝ վերահաստատելով, որ «հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների երաշխավորումը պետք է հիմնված լինի նրանց արժանապատվության հարգման, զարգացման հնարավորությունների, հանրային կյանքում մյուսների հետ հավասար պայմաններով ներգավվածության, որոշումների կայացման գործընթացում ինքնուրույնության, միջավայրային մատչելիության ապահովման սկզբունքների վրա: Պետական իրավասու մարմինները պետք է առաջնորդվեն այն ընկալմամբ, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների երաշխավորումը սահմանադրորեն ամրագրված պետության` այլընտրանք չունեցող պարտավորություն է»— մեջբերման ավարտը:

Մուշեղը հակասություններ է տեսնում: Մարդու իրավունքների մասին, ասում է, ավելի շատ խոսում են, քան կիրառում՝ հատկապես պաշտոնատար անձինք: Ի պաշտոնե նրանք կոչված են ապահովելու միջավայր, որտեղ մարդու իրավունքները ոչ թե կխախտվեն, այլ պաշտպանված կլինեն:

«Մարդու իրավունքների պաշտպանն իր հայտարարության մեջ մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումներ էր շեշտադրել, բայց,  օրինակ, հարց է ծագում, արդյո՞ք խուլ անձը, ում բերման են ենթարկել ոստիկանություն և ունի պաշտպանության կարիք, կարող է ինքնուրույն դիմել պաշտպանին: Ոչ, չի կարող: Արդյո՞ք սայլակով տեղաշարժվող անձն ինքնուրույն կարող է դիմել ՄԻՊ գրասենյակ: Ոչ, չի կարող, ո՛չ Երևանում, ո՛չ Վանաձորում: Հայտարարության և իրականության միջև կա հակասություն»:

«Ռադիոլուր»-ը հետաքրքրվել էր ՀՀ ՄԻՊ աշխատակազմից, թե Լոռու մարզի գրասենյակ հաշմանդամություն ունեցող քանի քաղաքացի է դիմել  և արդյոք  գրասենյակը քաղաքաշինական առումով մատչելի է տեղաշարժման խնդիր ունեցող քաղաքացիների համար: ՄԻՊ աշխատակազմը  չէր հստակեցրել, թե հաշմանդամություն ունեցող քանի քաղաքացի է դիմել Լոռու մարզի գրասենյակ: Բայց չէին էլ հերքել, որ  գրասենյակի տարածքը մատչելի չէ տեղաշարժման խնդիր ունեցող անձանց. Գրավոր հարցման պատասխանում, մասնավորապես, նշված էր. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման մատչելիության ապահովման հարցը Մարդու իրավունքների պաշտպանի համար հրատապ լուծումներ պահանջող հարցերից է: Պաշտպանի հանձնարարությամբ քննարկվում են շենքը հնարավոր սեղմ ժամկետներում վերանորոգելու կամ փոխելու, այդ առնչությամբ առկա խնդիրները հաղթահարելու տարբերակները»:

Կարդացեք նաև

Back to top button