ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Աղետի գոտում տնակները կապամոնտաժվեն. վերջնաժամկետը 2027 թվականն է

Այսօր լրանում է Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցը։ Այն, ըստ պաշտոնական տվյալների, շուրջ 25 հազար կյանք խլեց, հարյուր հազարավոր մարդիկ մնացին անօթևան, լուրջ ավերածությունների ենթարկվեցին Գյումրին, Վանաձորը, Ստեփանավանն ու Սպիտակը։ Երեքուկես տասնամյակ անց ավերիչ երկրաշարժի հետևանքներն ամբողջությամբ վերացված չեն։ Այս տարիների ընթացքում Կառավարությունը մեկ անգամ չէ, որ խոստացել է շրջանառությունից հանել «աղետի գոտի» ձևակերպումը։ Պետական մի շարք ծրագրեր ուղղված են եղել երկրաշարժի հետևանքով տունը կորցրած անօթևաններին բանկարաններով ապահովելուն, սակայն իրականացված ծրագրերով խնդիրը հիմնովին չի լուծվել: Անցած տարեվերջին Կառավարությունը հայտարարեց՝ մտադիր է մինչև 2027 թվականը 88-ի երկրաշարժի գոտին ազատել տնակներից։ Սա աղետի գոտին վերականգնելու արդեն 5-րդ պետական ծրագիրն է:

Մի շարք համայնքներում դեռ տնակային ավաններ կան։ Երկրաշարժից 35 տարի անց աղետի գոտին դեռ ամբողջովին չի վերականգվել, հազարավոր մարդիկ դեռ տնակներում են ապրում: Ապամոնտաժման ենթակա տնակների մեծ մասը Գյումրիում է՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։

«Այս տարվա փետրվարի 1-ի դրությամբ՝ մեր մարզում առկա են 2905 ոչ հիմնական շինություններ։ Այս տարի 59 տնակ ապամոնտաժվել է»։

Երկրաշարժից անօթևան դարձած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը մեկնարկել են դեռ 1989 թվականից: Այդ ընթացքում պարբերաբար սահմանվել են հաշվառման ժամկետներ, իրականացվել են տարբեր ծրագրեր: 2018 թվականից Քաղաքաշինության կոմիտեն է համակարգում այդ աշխատանքները։ Բնակարանով ապահովման վերջնաժամկետ սահմանված էր 2021 թվականը։ Վերջին ծրագրով բնակապահովման պետական աջակցության ծրագրի շահառու էր ճանաչվել Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի 5419 ընտանիք: Մոտ 70 մլրդ դրամի շրջանակում 5391 ընտանիք արդեն ապահովվել է բնակարանով: Բնակարան ստանալուն է սպասում Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի 28 ընտանիք: Նրանք սակայն նախընտրել են իրենց բնակարանային խնդիրը լուծել Կապսի ջրամբարի վերաբնակեցման ծրագրի շրջանակում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը։ Սրանով, ըստ էության, 2008-2021 թվականի պետական աջակցության ծրագիրն ավարտված է, իսկ պետական պարտավորությունները՝ կատարված.

«Մենք ընտանիքներ ունենք, որոնք կամ հերթագրվելու հետ են խնդիրներ ունեցել, կամ անհամաձայնություն ունեն ծրագրում չընդգրկվելու հետ կապված, և դիմել են իրենց իրավունքները դատական կարգով վերականգնելու համար։ Կառավարությունը հստակ ամրագրել է՝ եթե կլինեն այդպիսի ընտանիքներ, կառավարությունը նրանց ևս աջակցություն կցուցաբերի։ Այս պահի դրությամբ 44 ընտանիք է վերականգնել բնակապահովման իրավունքը»։

«Աղետի գոտի» տերմինը շրջանառությունից հանելու նպատակով անցած տարեվերջին Կառավարությունը հայտարարեց, որ մտադիր է մինչև 2027 թվականը 88-ի երկրաշարժի գոտին վերջնական ազատել տնակներից։ Սա աղետի գոտին վերականգնելու արդեն 5-րդ պետական ծրագիրն է:

«Անօթևանության խնդիր կա, որը ոչ թե երկրաշարժի հետևանք ենք ուղիղ համարում, այլ երկրաշարժից հետո տարիների ընթացքում ձևավորված երկրորդային բնակարանային կարիքներ։ Քանի որ մարդկանց բնակարանային խնդիրների լուծումը ավելի երկար ձգվեց, քան պլանավորված էր, նաև բնակարանային խնդիրների լուծման արդյունքում այդ տնակների չքանդումը բերեց մի վիճակ, երբ մարդիկ որպես բնակարանային այլընտրանք դիտարկեցին տնակներում ապրելը։ Դրան նպաստեցին նաև աղետի գոտու բնակավայրերում բնակիչների սոցիալական վիճակը»։

Նոր ծրագրով աղետի գոտու բնակավայրերը վերջապես կազատվեն տնակներից՝ հավաստիացնում է պաշտոնյան։ Մինչև 2027 թվականը կապամոնտաժվեն պետական, համայնքային սեփականության տարածքներում տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինությունները, բնակիչները կվերաբնակեցվեն։ Ֆինանսական աջակցություն կստանան այն ընտանիքները, որոնք նախորդ տարիներին ստացել են բնակարանի գնման վկայագիր, սակայն բնակարան ձեռք չեն բերել: Այն ընտանիքները, որոնք ունեն սեփականություն, սակայն դրանք քանդման ենթակա են, նույնպես բնակարանի ձեռքբերման վկայագիր կստանան: Բնակարան ստացած, սակայն տնակը չքանդելու պատճառով բնակարանը չսեփականաշնորհած ընտանիքներին տրվելու է 6 ամիս՝ ապամոնտաժելու շինությունը:

«Կան ընտանիքներ, որոնք ունեն սեփականություն, բայց բնակվում են տնակում, դրանք այն ընտանիքներն են, ովքեր պետական, բարեգործական ծրագրերի շրջանակներում ստացել են բնակարաններ, բայց տնակը չեն քանդել։ Նրանց աջակցություն չի տրամադրվի, ուղղակի կծանուցվի, որ սահմանված ժամկետում ազատեն և ապամոնտաժեն տնակները։ Այս խմբին են պատկանում նաև չօգտագործվող կամ լքված տնակները»։

Ծրագրի շահառու չեն դառնա նաև այն ընտանիքները, որոնք ժամանակին ստացել են իրենց բնակարանները, ապա վաճառել ու նորից տնակ են վերադարձել ։ Այս ընտանիքներին ապամոնտաժելու պարտադիր պայմանի դիմաց առաջարկվում է միայն մեկ տարվա բնակարանի վարձի փոխհատուցում: Դրանից հետո պետությունն այլևս որևէ պարտավորություն չի ունենա նրանց նկատմամբ։

Back to top button