ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

«Ապագա կա» Հայաստանի՞, թե՞ Արցախի համար․ հստակեցումներ Փաշինյանից  

«Ապագա կա» կարգախոսի շրջանակում ի՞նչ է անում Հայաստանի գործող իշխանությունը Արցախի ապագայի համար․ այս հարցը ընդդիմադիր պատգամավորները փորձել են պարզաբանել կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ։ Ադրբեջանի կողմից ուժով խնդրի լուծումը միջազգային հարթակներում պատժի ենթակա քայլ է, ինչի ուղղությամբ ՀՀ–ն պետք է աշխատի ՝ համոզված է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Արցախի հակամարտությունը մեր բոլորի տեսանկյունից չի ավարտվել։ Նախկին ժամանակահատվածում Արցախը գոյություն է ունեցել, ինչ էլ ուզում եք ասել, միևնույնն է՝ ձեր իշխանության ժամանակահատվածում է, որ Արցախը հայաթափվել է, ձեր ժամանակ է, որ այդ բանակցությունները ընդհատվել են, որովհետև դուք իրարամերժ հայտարարություններ և գործողություններ եք արել և այսօր նորից ոչ մի բան չեք ձեռնարկում Արցախի պատմական մեր տարածքը հետ բերելու, գոնե բանակցելու այդ ուղղությամբ»։

Հարցի պատասխանը Հայաստանի վարչապետն առաջարկում է գտնել 2024–ի բյուջեի հիմքում և առհասարակ ՀՀ Սահմանադրության մեջ։

«Որպես ՀՀ վարչապետ իմ խնդիրը ՀՀ ապագան է։ Սահմանադրությունն ինձ տալիս է պատասխանատվություն ՀՀ ապագայի վերաբերյալ և ես կենտրոնացած եմ այդ խնդրի վրա։ Ինչ վերաբերում է այն ընկալմանը, թե մենք Ղարաբաղին անտարբեր մնացինք, կան նաև դիտարկումներ, որ մենք Ղարաբաղին ինչ–որ իրավիճակում մենակ ենք թողել, ես նման արձագանքներին կարող եմ ընդամենը մեկ բառով գնահատական տալ՝ ե–րախ–տա–մո–ռու–թյուն։ Իմ եզրակացությունն այն է, որ որոշ ուժերի կողմից երկար տարիներ ԼՂ հարցն օգտագործվել է մի նպատակի համար, որպեսզի Հայաստանում պետություն չկայանա։ 1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովից հետո, ըստ էության, ԼՂ հարց չի եղել։ Մենք չենք առերեսվել այդ իրականության հետ, և սա նաև մեր խորքային պրոբլեմներից մեկն է, այդ թվում՝ մեր կառավարության»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի ուղղությամբ աշխատանքներին, ապա Փաշինյանի խոսքն այստեղ ավելի հակիրճ է․ «Կարող եմ ասել, որ գերիների հնարավոր վերադարձի համար տարվում է ամենօրյա աշխատանք»։

Ընդդիմադիր պատգամավորները հանրության ուշադրությունն են հրավիրում ևս մեկ դրվագի վրա, որը կապված է նախապատերազմյան շրջանում կառավարության աշխատանքի հետ։ Կոնկրետ աշխատանքի համար հատկացված կոնկրետ գումարի մասին է բարձրաձայնում «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Մինչև պատերազմն ի՞նչ անհրաժեշտություն, ի՞նչ հիմնավորում կարծեմ 1,7 միլիարդ գումար հատկացնել Հայաստան–Թուրքիա սահմանից Մարգարայով դեպի Վանաձոր, դեպի Վրաստանի սահման ճանապարհ կառուցելու»։

Փաշինյանը առաջարկում է կոնսպիրոլոգիաների դաշտ չմտնել։ Գումարի հատկացումը ավելի քան տրամաբանական է համարում։

«Այդ ճանապարհները ՀՀ ճանապարհներ են։ Տասնյակ բնակավայրեր են այդ ճանապարհներից օգտվում։ Այդ նույն տրամաբանությամբ հարցրեք ի՞նչ կարիք կար, որ օրինակ, Երևան–Սևան, Իջևան–Բերդ կամ Նոյեմբերյան, կամ Գորիս, կամ Կապան ճանապարհը կառուցում էիք։ Բոլոր ճանապարհներն էլ կառուցում ենք»։

Ըստ հայկական կողմի առաջարկի՝ այդ ճանապարհը նաև «Խաղաղության խաչմերուկ»–ի վերածված «Հայկական խաչմերուկ» նախագծի մաս է։ Թեև պատգամավորների ընդդիմադիր հատվածը պնդում է, որ ծրագրի հիմքում տնտեսական օգուտների հաշվարկներ չկան, կառավարությունը հակադարձում է՝ հաշվարկները կան, ընդ որում՝ միջազգային կազմակերպության կողմից արված։ Պատրաստ են դրանք փոխանցել ընդդիմադիրներին ծանոթանալու համար։ Միաժամանակ հստակեցնում են՝ «Խաղաղության խաչմերուկ»–ը միայն տնտեսական նախագիծ չէ։ Այն նաև քաղաքական, անվտանգային և տարածաշրջանային բովանդակություն ունի։

Կառավարությունը պատրաստ է ընդդիմադիրներին ծանոթացնել նաև աշխատանքային փաստաթղթերին, որոնք առնչվում են Ադրբեջանի հետ վարվող հեռավար բանակցություններին։ Ըստ վարչապետի՝ իրատեսական չեն պնդումները, թե իշխանությունը փորձում է ինչ–որ բան թաքցնել։

«Հիմա 21–րդ դարն է, ամեն ինչը հրապարակային է։ Հիմա 96 թիվը չէ, որ Լիսաբոնում փաստաթուղթ ընդունվի 20 տարի չիմանանք՝ այդ փաստաթղթի մեջ վերջը ինչ է գրված, 23–րդ տարում նոր իմանանք։ Լիսաբոնի գագաթաժողովի արդյունքներով ընդունված փաստաթուղթը, նախագահողի հայտարարությունը, որտեղ ասվում է, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի շրջանակներում, այն է՝ ԼՂ–ն պետք է ինքնավարություն ստանա Ադրբեջանի կազմում։ Միշտ չէ, որ մենք, այդ թվում ես էլ, դուք էլ, մենք բոլորս մեր օգտագործած տերմինները համադրության մեջ ենք դրել այդ տերմինները ստեղծած կառույցների և մարմինների ընկալումների և մեկնաբանությունների հետ։ Ինչի արդյունքում իրականության և մեր նպատակադրումների միջև առաջացել են անհաղթահարելի խզումներ։ Ձեզ հավաստիացնում են, որ հիմա այդպիսի բան չկա, որ դուք չգիտեք»։

Իրականում ընդդիմադիր 3 պատգամավոր դեռ մեկ ամիս առաջ էր դիմել արտգործնախարարություն Ադրբեջանի հետ բանակցվող փաստաթղթերի բովանդակությանը ծանոթանալու ցանկությամբ։ ԱԳՆ գնալու փոխարեն նույն հարցը շարունակում են բարձրացնել կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին։

Back to top button