ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Արևմուտքը փորձում է Բաքվին կառուցողական դաշտ բերել

Բաքվի վերաինտեգրման առաջարկները դեռ ուժի մեջ են՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Օ’Բրայանի այցին ընդառաջ հայտարարել է Ադրբեջանի ղեկավար Ալիևը՝ նշելով, թե դրանք ներառում են իրավունքների և անվտանգության երաշխիքներ։ Ալիևը խոսել է նաև Խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկների փոխանակման մասին՝ դարձյալ դժգոհելով արևմտյան միջնորդներից ու մեղադրելով Երևանին գործընթացը ձգձգելու մեջ։ Սակայն չի բացառել առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը։ Փորձագետները կարծում են, որ այդ հանդիպումն ամենայն հավանականությամբ տեղի կունենա հաջորդ տարեսկզբին։

Արևմուտքի դիվանագիտությունն աշխատում է Բաքվին արևմտյան հարթակում բանակցությունների բերելու ուղղությամբ և կարծես հաջողել է՝ կարծում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ վերլուծելով ԱՄՆ-ից ու Բրյուսելից հնչող հայտարարություններն ու ԱՄՆ պետքարտուղարի օգնական Օ’Բրայանի Բաքու այցին ընդառաջ Ալիևի արած ձևակերպումները։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, պարզաբանելով Օ’Բրայանայցը Բաքու, ասել է, որ եթե ԱՄՆ–ն դադարեցնի  դիվանագիտական հարաբերությունները Ադրբեջանի հետ, դրանով չի նպաստի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության օրակարգին։ Միլլերը շեշտել է, որ ԱՄՆ–ն շարունակում է համագործակցել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ խնդրահարույց հարցերը հստակեցնելու ուղղությամբ։

Սրան զուգահեռ ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն էլ Բաքվին կառույցի անունից կոչ է արել երաշխավորել Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում՝ սեփական տներ վերադառնալու իրավունքը, նաև կոչ է արել տեղում ապահովել միջազգային մշտական ներկայություն։ Նա քննադատել է սեպտեմբերյան էթնիկ զտումները Ղարաբաղում։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը այս հայտարարություններում հստակ ակնարկներ է տեսնում։

«Արևմուտքի դիվանագիտությունն իր հունով շարունակվում է։ Ադրբեջանին ներկայացվում են պահանջներ, երբ դրա կարիքը կա, Ադրբեջանին սիրաշահում են, երբ դրա կարիքը կա, նույնը նրանք անում են Հայաստանի հետ։ Այս պահին Արևմուտքը խնդիր ունի Ադրբեջանին վերադարձնել Հայաստանի հետ հարաբերությունները՝ արևմտյան հարթակներում քննարկելու  հարթություն, և Օ’Բրայանի այցի օրակարգի խնդիրներից մեկը դա է լինելու։ Հետագայում թե ինչ կլինի, կախված  կլինի Ադրբեջանի վարքագծից։ Կարծում եմ, որ Ադրբեջանը տեղի կտա և կգնա Արևմուտքում հանդիպելու, ինչը կդարձնի առուծախի առարկա։ Գուցե դրա դիմաց Ադրբեջանը մեկ այլ հարցում ինչ-որ բան ստանա»։

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի այցին ընդառաջ Ալիևը խոսել է նաև Հայաստանից ստացված առաջարկների մասին, ասել է, թե ուսումնասիրելուց հետո կպատասխանեն դրանց, ինչին, թերևս, կհաջորդի արտգործնախարարների հանդիպումը։  Բարձր գնահատելով Շառլ Միշելի ջանքերը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը դադարեցնելու գործում, վստահեցրել է, որ այժմ քննարկվում է հնարավոր նոր հանդիպում կազմակերպելու հարցը։

Ալիևը դարձյալ Երևանին մեղադրել է խաղաղության պայմանագրի ընդունումը ձգձգելու մեջ և ասել, թե իր տպավորությամբ Հայաստանը կարծես պատրաստ է ընդունել Ադրբեջանի հինգ սկզբունքները։ ։

«Կարծում եմ՝ դա ակնարկ է մարաթոնի, որը երկու անգամ մենք տեսանք տարվա ընթացքում։ Վաշինգտոնում գուցե նման մի բան նորից լինի, որը կպատրաստի Փաշինյան-Ալիև հանդիպում։ Իհարկե, հասկանալի է, որ Բաքուն փորձում է սեփական խաղը խաղալ և ստանալ ավելին, հնարավորինս ձգձգել այդ Խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը, բայց Ադրբեջանի հնարավորությունները սահմանափակ են, և Ալիևը՝ որպես բավականին խելոք դիվանագետ, հասկանում է դա, և նախապատրաստում է իր հասարակությանը այն տարբերակին, որի դեպքում Ադրբեջանը այլևս չի կարողանա ձգձգել ու ստիպված կլինի գնալ, հանդիպել, նույնիսկ ստորագրել»։

Ալիևն այս անգամ էլ չի շրջանցել  միջազգային հանրությանը՝ մեղադրանքներ ուղղելով  ԵԱՀԿ ՄԽ-ին, որի կազմում էին Ռուսաստանը, ԱՄՆ և Ֆրանսիան և հպարտանալով, որ Բաքվին հաջողվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով, թեև խումբն անընդմեջ նշում էր, թե հարցը ռազմական լուծում չունի։

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը, անդրադառնալով Ալիևի այս հայտարարություններին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ մենք առավոտից երեկո ասում ենք, որ պատերազմական ճանապարհով ստեղծված իրողությունները քաղաքական հարթակում ամրագրելը բերելու է ագրեսիայի «արդարացման» ու նորանոր ագրեսիաների, հենց սրա համար ենք ասում։ Եթե Հայաստանը ունակ լիներ խելացի աշխատել, ապա Ալիևի այս հայտարարությունը կդառնար ուղղակի գլխացավանք Ադրբեջանի համար, այս հայտարարությամբ Ադրբեջանը ցույց է տալիս, որ ինքը սպառնալիք է ոչ միայն Հարավային Կովկասի, այլ համաշխարհային կայունության համար»։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նույնպես կարծում է, որ Ալիևի այս հայտարարությունները ոչ միայն քաղաքական խաղի դրսևորումներ են, այլ նաև մարտահրավեր՝ ուղղված միջազգային հանրությանը։

Back to top button