ԿարևորՀասարակություն

Սահմանամերձ բնակավայրերում նոր տներ են կառուցվում․ պետական աջակցության ծրագիրը կգործի նաև 2024–ին

2022 թվականից սահմանամերձ գյուղերում գործում է պետության ֆինանսավորմամբ սեփական տուն կառուցելու ծրագիրը, որի նպատակն է նշված բնակավայրերի զարգացումը, ժողովրդագրական խնդիրների լուծումը, անապահով կամ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումը և, ընդհանուր առմամբ, գյուղական բնակավայրերի բնակֆոնդի թարմացումը։ Ծրագրի շրջանակներում իրականացվում են բացառապես կառուցապատման աշխատանքներ և նախատեսված չէ անշարժ գույքի ձեռքբերում։ Ծրագրին մասնակցության քանի՞ հայտ է արդեն հաստատվել և արդյոք այն շարունակական կլինի՞։ Մանրամասները՝ Վիկտորյա Սարգսյանի ռեպորտաժում։

Վերջին երկու ամիսներին սահմանամերձ գյուղերում պետության ֆինանսավորմամբ սեփական տուն կառուցելու ծրագրին դիմողների թիվը կտրուկ աճել է։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանն ասում է, որ ծրագրի շրջանակում արդեն հաստատվել է 220 հայտ։

«Նրանցից 111-ի դեպքում հիպոտեկային վարկավորման գործընթացը ևս ավարտվել է։ Այսինքն՝ նրանք արդեն ստացել են վարկի առնվազն մեկ փուլ։ Ունենք ընտանիքներ, որոնք արդեն երկրորդ և երրորդ փուլեր են ստացել, ինչը նշանակում է, որ մինչև տարեվերջ մենք գուցե ունենանք արդեն շահագործման հանձնված տներ»։

Ծրագրի շրջանակներում տուն կառուցելու համար պետությունը բանկերի,  ֆինանսական կառույցների միջոցով մինչև 16 մլն դրամի վարկ է տրամադրում։ Ամբողջ գումարը սուբսիդավորում է պետությունը։ Դիմելիության առումով ամենաակտիվը Տավուշի մարզն է․

«Նախ նշեմ, որ 80 գյուղական բնակավայրերի ցանկը հաստատված է կառավարության համապատասխան որոշմամբ։ Երեք տասնյակից ավել գյուղեր ընգրկված են Սյունիքի մարզից, երկու տասնյակից ավել՝ Տավուշի և ունենք գյուղեր Վայոց ձորի, Գեղարքունիքի ու Արարատի մարզերից։ Դիմելիության առումով առաջատար է Տավուշը՝ 113 հայտ։ Նրան հաջորդում է Սյունիքը՝ 30 հայտ, իսկ Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարտի մարզերում՝ միջինում 25 հայտ»։

Արցախից բռնի տեղահանվածների կողմից հայտեր այս պահին դեռ չկան, սակայն ակնկալվում է, որ առաջիկայում նրանք նույնպես կդիմեն ծրագրին։ Պատճառը, ըստ նախարարության ներկայացուցչի, այն է, որ ծրագրի շահառու դառնալու համար ամուսիններից մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի։

«Քանի որ հիմա մեր հայրենակիցները այդ գործընթացի մեջ են, վստահ եմ, որ քաղաքացիություն ստանալուց հետո իրենք նույնպես կհետաքրքրվեն այս ծրագրով։ Ինչու՞ եմ այսքան վստահ խոսում։ Որովհետև, եթե համեմատական անցկացնենք 2020թ տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագերի հետ, ապա այնտեղ վերջին վիճակագրությամբ ունենք 35 հայտ։ Այս ցուցանիշը վկայում է, որ մեր հայրենակիցները չեն խուսափում ապրել սահմանամերձ բնակավայրերում, չնայած, որ տարածված է մեկ այլ կարծիք»։

Ծրագրից կարող են օգտվել գրանցված ամուսնություն ունեցող անձինք, տարիքային սահմանափակում չկա, երեխաներ ունենալու կամ չունենալու հանգամանքը ևս հաշվի չի առնվում։ Գայանե Ղարագյոզյանն ընգծում է նաև, որ դիմողները չպետք է ունենան գործող ժամկետանց պարտավորություններ։

«Վերջիններս պետք է ունենան հող կամ կիսակառույց շինություն սահմանամերձ բնակավայրերից մեկում, ինչպես նաև նախագիծ և շինթույլտվություն։ Այդ փաստաթղթերով պետք է մոտենան բանկ ու կատարեն սովորական վարկային գործարք։ Մինչև 16 մլն-ի դեպքում քաղաքացու վարկունակությունը չի գնահատվում, քանի որ ամբողջ գումարը պետությունն է ապահովում»։ 

Գործընկեր բանկերն ու ֆինանսական կառույցները ներկայում հինգն են, բայց ցանկն ընդլայնվելու միտում կա։ Դիմելուց առաջ խորհորդ է տրվում նախապես ծանոթանալ այդ ցանկին, քանի որ այն նաև փոփոխվում է։ Բանկերից երեքն արդեն ընդունում են դիմումները։

«Խոսքը գնում է evocabank-ի, conversbank-ի և acbabank-ի մասին։ Unibank-ն այս պահին 6 շահառուների հետ պիլոտային ծրագիր է իրականացնում, որի շրջանակներում Սյունիքի մարզի Նռնաձոր համայնքում փոքրիկ թաղամաս է կառուցվում։ Այս նախատիպը եթե հաջողի, այս բանկը նույնպես կշարունակի ակտիվ դիմումներ ընդունել։ Մյուս գործընկերը Finca վարկային կազմակերպությունն է, որն այս պահին պրոդուկտի ներդրման փուլում է, ինչից հետո նույնպես կսկսի դիմումների ընդունում»։

2024 թվականի համար սահմանամերձ գյուղերում պետության ֆինանսավորմամբ սեփական տուն կառուցելու ծրագրին պետությունը նախատեսում է հատկացնել 1 միլիարդ 200 միլիոն դրամ։  

Back to top button