ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

20 օրում՝ 20 առաջարկ․ պետբյուջեի նախագիծն արդեն վերջնական տեսքով խորհրդարանում էր

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկել է 2024թ պետական բյուջեի նախագիծը։ Առաջին ընթերցումից հետո 20 օրվա ընթացքում նախագծի վերաբերյալ գործադիրն ավելի քան 2 տասնյակ առաջարկություն է ստացել։ Պետբյուջեի նախագծի վերջնական տարբերակում փոփոխություններ են կատարվել հիմնականում ծախսային տողերում։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մանրամասնել է՝ փոփոխոթյունների հիմնական պատճառը Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին ուղղված սոցիալական աջակցության ծրագրերն են։ 2024թ ֆինանսական գլխավոր փաստաթղթի նախագծի քննարկումն ավարտվեց, սակայն օրենսդիրն առայժմ չի քվեարկել։ Նախագիծը քվեարկության կդրվի հավանաբար արդեն դեկտեմբերի 7-ի նիստին։

Ուղիղ 20 օր ընդմիջումից հետո 2024թ պետական բյուջեի նախագիծն արդեն վերջնական տեսքով Ազգային ժողովում էր։ Գործադիրը ֆինանսական գլխավոր փաստաթղթի վերաբերյալ առաջին ընթերցումից հետո 20 օրվա ընթացքում 20 առաջարկ է ստացել, դրանցից 11-ը բավարարվել կամ ընդունվել է ի գիտություն։ Առաջին ընթերցումից մինչև երկրորդ ընթերցում բյուջեի նախագիծը մի քանի տողով փոփոխությունների է ենթարկվել, խմբագրվել են հիմնականում ծախսերը։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը բացատրում է՝ վերանայումների պատճառը Արցախից տեղահանված բնակչության աջակցության ծրագրերին ուղղվող միջոցներն են։

«2023-ի սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության համար նախատեսվել են օժանդակության ծրագրեր՝ 47,3 միլիարդ դրամի չափով, որից կրթության ոլորտի գծով՝ 1,2 միլիարդ դրամի չափով։ Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի գծով՝ 46,1 միլիարդ դրամ, որից կենսաթոշակների գծով՝ 22,5 միլիարդ դրամ, ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառման գծով՝ 15 միլիարդ դրամ»,– մանրամասնում է Վահե Հովհաննիսյանը։

Ընդ որում, սա Արցախից բռնի տեղահանվածների համար իրականացվող աջակցության ծրագրերի ամբողջ ծավալը չէ։ Առաջիկայում քննարկումներ կսկսվեն նաև բնակարանային ապահովման ծրագրերի, վերապատրաստումների, աշխատանքի տեղավորման և այլ անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ։ Գործադիրը այս ծրագրերի ընդունման դեպքում ֆինանսական միջոցներ ևս նախատեսել է։ Վահե Հովհաննիսյանը մանրամանում է՝ այս նպատակով 2024թ պետբյուջեն աննախադեպ պահուստային ֆոնդ կունենա։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան

«Պահուստային ֆոնդը 2024թ համար նախատեսվել է աննախադեպ 156 միլիարդ դրամ մակարդակում։ Առաջին ընթերցմամբ ներկայացված տարբերակում պահուստի մակարդակը 94 միլիարդ դրամ էր։ Մենք այն ժամանակ էլ ասացինք, որ երկրորդ ընթերցմամբ ներկայացվելու ժամանակ կներկայացնենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ծրագրեր, կնախատեսենք դրանք։ Ասել ենք, որ այն ինչ դեռ չենք կարողանա մշակել ծրագրերի տեսքով, կնախատեսենք պահուստում և հետո, երբ ծրագրերը պատրաստ լինեն, պահուստից կտրամադրենք»։

Մինչդեռ ընդդիմադիր պատգամավորները վերապահումներ ունեն։ Նրանք կարծում են՝ պահեստային ֆոնդում ավելի քան 150 միլիարդ դրամ «սառեցնելու» փոխարեն, հնարավոր էր վերաբաշխում անել։ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը պահուստային ֆոնդի մեծացումը գովելի հանգամանք չի համարում։

«Կարծում եմ, որ սեպտեմբերի 19-ից հետո Կառավարությունը բավականաչափ ժամանակ ուներ հասկանալու համար, թե ինչպես է պետք այդ մարդկանց կարիքները հոգալ։ Ասածս այն է, որ եթե այսօր կա գումար և գիտեք, թե ինչի վրա պետք է ծախսվի, այլ ոչ թե պահում եք «սև օրվա» համար, ավելի ճիշտ կլիներ՝ նախարարություններն ավելի տքնաջան աշխատեին ու ասեին, թե գումարը ինչի վրա է ծախսվելու»,– պնդում է ընդդիմադիր պատգամավորը։

Պահուստային ֆոնդից Կառավարությունը հետագայում միջոցներ կծախսի նաև արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրն իրականացնելու համար, մինչդեռ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը բյուջեի առաջին ընթերցմամբ քննարկումից հետո առաջարկում է արցախցիներին սեփական տանիքով ապահովելու համար հաջորդ տարվա բյուջեում հստակ հատկացում անել։ Ընդդիմադիր պատգամավորի առաջարկը, սակայն, չընդունվածների շարքում է։

«Ես առաջարկեցի հետևյալը․ եթե մինչ այսօր ամեն տարի Հայաստանի Հանրապետությունը Արցախին կոնկրետ միջոցներ է ուղարկել, պետք է համարենք, որ մենք շարունակում ենք արցախահայերին օգնել, ու այդ միջոցները ուղղվեն արցախահայերի բնակարանային ապահովմանը։ Բնակարան ձեռք բերելու համար, ես առաջարկում էի յուրաքանչյուր ընտանիքի տալ 20 միլիոն դրամ, բայց պայմանով, որ այդ բնակարանները պետք է գնվեն կամ կառուցվեն ՀՀ մարզերում»,– ասում է Թագուհի Թովմասյանը։

Առաջին ընթերցման ներկայացված բյուջեի նախագծի համեմատ ֆինանսական գլխավոր փաստաթղթի վերջնական տարբերակում ծախսերը ընդհանուր առմամբ ավելացել են շուրջ 190 միլիարդ դրամով։ Գործադիրը վերանայել է գրեթե բոլոր նախարարություններին տրամադրվող միջոցները․ արդյունքում 2024թ Կառավարությունը մտադիր է 554 միլիարդ դրամ հատկացնել պաշտպանական ոլորտին։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մանրամասնում է՝ 2023թ համեմատ ՊՆ–ին ուղղվող միջոցներն աճել են 7 տոկոսով։

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2024թ բյուջեի նախագիծը կազմում է 795 միլիարդ դրամ։ Այն 22 տոկոսով կգերազանցի 2023թ պետական բյուջեով սահմանված սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերը։ Արդյունքում 2024թ սոցիալական ոլորտի ծախսերը կկազմեն ՀՆԱ–ի 7.6 տոկոսը՝ 2023թ համեմատ ավելանալով 0.6 տոկոսային կետով։ Առաջին ընթերցմամբ ներկայացված բյուջեի համեմատությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գծով ավելացումները կկազմեն 3.9 միլիարդ դրամ»։

2024թ կրթության ոլորտի ծախսերը կկազմեն շուրջ 287 միլիարդ դրամ։ Դա 38 տոկոսով ավել է 2023թ պետբյուջեով նախատեսված միջոցներից։ Առաջին ընթերցումից հետո գործադիրը 3.4 միլիարդ դրամ է ավելացրել ոլորտային բյուջեին՝ արհեստական բանականության գիտահետազոտական կենտրոնի համար գերհամակարգիչ ձեռք բերելու նպատակով։ Հավելյալ 400 միլիոն դրամ էլ կհատկացվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ ոլորտի մասնագետների՝ ՀՀ–ում և արտերկրում վերապատրաստումների համար։

«Երևանի քաղաքապետարանին սեփական լիազորությունների իրականացմանն աջակցելու նպատակով լրացուցիչ հատկացվել է 17.1 միլիարդ դրամ»,– ներկայացնում է Ֆինանսների նախարարը։

Պետական բյուջեի քննարկումը եզրափակում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթը նվիրելով արդարադատության ոլորտին ու ոլորտում լուծված ու դեռևս չլուծված խնդիրներին։ Վարչապետը նկատել է՝ 2018թ հեղափոխոթյունից ժողովուրդն ակնկալում էր արդարություն ու կոռուպցիայի վերացում, սակայն Փաշինյանի կարծիքով այդ ակնկալիքը դեռևս «իր տեղում է»։

«Եվ որպես մի մարդ, որ նախաձեռնել է 2019-ին դատարանների մուտքերի շրջափակելու ակցիան, սա դառը արձանագրում է ինձ համար: Այն ժամանակ շատերը փորձում էին տեղի ունեցած ակցիան ներկայացնել որպես արդարադատությանը խոչընդոտելու փորձ: Իրականում մենք դատարանների դռները մի քանի ժամով փակել էինք արդարադատության դռները բացելու համար, բայց պիտի արձանագրեմ, որ արդարադատության դռները դեռևս լիարժեք բացված չեն, բավարար չափով բացված չեն»։

Ազգային ժողովն ավարտեց 2024թ ֆինանսական գլխավոր փաստաթղթի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը։ Նախագիծը քվեարկության կդրվի հավանաբար դեկտեմբերի 7-ին։

Back to top button