ԿարևորՏնտեսական

Հայկական ատոմակայանը վերազինված է, պատրաստ հետագա շահագործման

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում համոզված են՝ Հայկական ատոմակայանը կատարում է իրենց պահանջները։  Փորձագիտական դաշտում վստահ են՝ ՀԱԷԿ-ը կփակվի միայն,եթե Հայաստանը ցանկանա։ Մեծամորի ատոմակայանն ամեն տարի վերազինվում է՝ ՄԱԳԱՏԷ-ի պահանջներին համապատասխան։ Ամենամեծ դադարը 2021-ին էր, երբ ատոմակայանը չաշխատեց 156 օր։ Դրանից հետո այդքան երկար դադար չի լինում։ Կառուցվել է նոր սերնդի՝ Ֆուկուսիմայի վթարից հետո մշակված չափանիշերով աշխատող անվտանգության համակարգ։ Գուցե մեկ նմանատիպ դադար էլ ատոմակայանը ունենա՝ արդեն մինչև 2036 թվականը աշխատելու համար։

Չնայած Մեծամորի ատոմակայանը փակելու՝ Թուրքիայի ջանքերին,  Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում համոզված են, որ Հայաստանն ատոմակայանի անվտանգության առումով լուրջ աշխատանք է իրականացնում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ասել է, որ Հայաստանի ատոմակայանը հետևում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաջարկներին և ցուցումներին։ Սա շատ կարևոր է։ Ատոմակայանում տեղի են ունեցել վերանորոգման աշխատանքներ, որոնք անհրաժեշտ էին։ Այսպիսով՝ ՀԱԷԿ-ը կարող է շարունակել գործել։ Ատոմակայանի գործունեության ժամկետը երկարաձգվելու է մի քանի տարով, և գործակալությունը բավարարված է, թե ինչպես է վերազինումն իրականացվել։Այս հայտարարությունը մեկ անգամ չէ, որ արել է Ռաֆայել Գրոսին։ Ավելին՝ նա մի քանի անգամ նաև թվիթերյան գրառմամբ է հանդես եկել․

«Հայաստանի տնտեսությունը հենված է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վրա, և Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը շարունակելու է իր աջակցությունն առաջարկել՝ օգնելու ատոմակայանին ցածր ածխածնային էներգիան մատակարարել ապահով և անվտանգ կերպով»։

Թուրք-ադրբեջանական օրակարգում այս տարվա հոկտեմբերին կրկին առաջին պլան էր մղվել Մեծամորի ատոմակայանի հարցը։ Մի քանի ատոմակայան կառուցող Թուրքիային անհանգստացնում են հայկական ատոմակայանի հետ կապված իրավիճակն ու հնարավոր ռիսկերը։ Այս երկրի խորհրդարանը քաղաքացիներից դիմումներ է ստացել, որոնց ի պատասխան նշվել է, որ Թուրքիայի իշխանությունները հետամուտ են Հայկական ատոմակայանի ռիսկերի կառավարմանը, ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել են, որ ատոմակայանն իբր վտանգավոր է։ Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյանն ընդգծում է՝ Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է Մեծամորի ատոմակայանի շահագործումը։ Պետք է ամեն ինչ անել, որ նոր ու հզոր ատոմակայանը կառուցվի՝ ասում է մասնագետը։

«Արցախի ժամանակավոր կորստից հետո Հայաստանի գլխավոր վահանը ատոմակայանն է, այն անվտանգային վահան է։ ՀՀ-ն տարածաշրջանում ունի մեկ առավելություն իր հարևան, բարեկամ ու թշնամի պետություններից՝ էլեկտրաէներգետիկական համակարգում առկա առավելություններն են, որոնք պետք է օգտագործել ՀՀ–ն այս վիճակից դուրս բերելու համար։ Եթե մենք ինքներս չհամաձայնենք, որևէ մեկը մեր ատոմակայանը փակել չի կարող»։

Մեծամորի ատոմակայանն ամեն տարի վերազինվում է՝ ՄԱԳԱՏԷ-ի պահանջներին համապատասխան։ Ամենամեծ դադարը 2021-ին էր, երբ ատոմակայանը չաշխատեց 156 օր։ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանն ընդգծում է՝ կառուցվել է նոր սերնդի՝ Ֆուկուսիմայի վթարից հետո մշակված չափանիշերով աշխատող անվտանգության համակարգ։

«Արդիականացվել է ռեակտորի ակտիվ գոտու սառեցման վթարային համակարգը։   Վթարային համակարգը գործում է վթարը լոկալիզացնելու, արագ սառեցնելու և համապատասխան քանակի ջուր մղելու միջոցով, ինչը համապատասխանում է ՄԱԳԱՏԷ-ի         պահանջներին»։

 1990-ականներից, երբ փակվեց երկաթուղին, օգտագործված վառելիքի արտահանում չի կատարվել։ Մինչ այդ այն ՌԴ էր արտահանվում։ ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը տեղեկացնում է․

«Մենք մինչև 2034-2036թթ միջուկային վառելիքի պահպանման խնդիր չունենք»։

Գիտությունն արագ է զարգանում, գուցե առաջիկայում հնարավոր լինի օգտագործված վառելիքն այլ տեղերում նույնպես օգտագործել։ Ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի էներգետիկ ապագան՝ Մովսես Վարդանյանը այլընտրանք, քան ատոմայինը չի տեսնում։ Նկատում է՝ վերականգվող էներգետիկան, իհարկե, լավ է, բայց որպես էներգիայի հիմնական աղբյուր դիտարկում է ատոմային էներգաբլոկի կառուցումը։ Իսկ Գործող էներգաբլոկը կաշխատի մինչև 2036 թվականը։ Այս ընթացքում հայկական կողմը կհասցնի նոր ատոմակայան կառուցել։ Հստակ առաջարկ այս պահին կա միայն ռուսական կողմից։

Back to top button