ԿարևորՀասարակություն

Դանակահարություններ՝ ծննդյան տարեդարձի և կնունքի արարողությունների ընթացքում

Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի երկու բնակիչների դանակահարության դեպքերի առթիվ նախաձեռնված երկու քրեական վարույթների նախաքննությունը։

ՔԿ փոխանցմամբ, դեպքերից մեկի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 32–ամյա բնակիչը, 2023թ. օգոստոսի 7-ին քրոջ ամուսնու տանը մասնակցելով քրոջ ծննդյան տարեդարձի կապակցությամբ կազմակերպված արարողությանը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել վերջինիս ամուսնու հետ և հեռացել: Որոշ ժամանակ անց վերադառնալով՝ 32–ամյա տղամարդը նշված տան դիմաց շարունակել է վիճաբանությունը, որի ընթացքում սուր ծակող-կտրող առարկայով հարվածել է քրոջ ամուսնու որովայնին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Արմավիրի մարզի 32–ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:

Մյուս դեպքի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հաստատվել է, որ 2023թ. ապրիլի 30-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Մեծամոր քաղաքի հանդիսությունների սրահներից մեկում տեղի ունեցող մկրտության արարողության ժամանակ, Արմավիրի մարզի 23 և 38–ամյա բնակիչները զրուցել են կենցաղային հարցերի շուրջ, որի ընթացքում երիտասարդը դիտողություն է արել 38–ամյա տղամարդուն, և նրանց խոսակցությունը վերաճել է վիճաբանության։ Այնուհետև տեղափոխվելով նշված սրահից մոտ 100 մետր հեռավորությամբ գործող մարզասրահի մոտ՝ 23–ամյա երիտասարդը, մի խումբ անձանց հետ, և 38–ամյա տղամարդը, իր 27–ամյա եղբոր և մի խումբ անձանց հետ, կատարել են խուլիգանություն՝ հասարակության նկատմամբ ցուցաբերելով անհարգալից վերաբերմունք, խախտելով հարակից շենքերի բնակիչների անդորրը, խափանելով մկրտության արարողությունը և խոչընդոտելով հասարակական նշանակության օբյեկտի բնականոն աշխատանքը։

Կողմերի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում 27–ամյա երիտասարդը դանակի գործադրման սպառնալիքով կատարել է խուլիգանություն, այնուհետև դիտավորությամբ հարվածել է 23–ամյա երիտասարդի կրծքավանդակին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս։

Ըստ աղբյուրի, ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա եղբայրներից մեկին՝ Արմավիրի մարզի 38–ամյա բնակչին, մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, մյուսին՝ 27–ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ 23–ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի  1-ին կետով։

Երկու դեպքերով, վերոնշյալ 4 մեղադրյալների մասով, նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթների նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։
Նշված երկրորդ դեպքով մի խումբ այլ անձանց կողմից խուլիգանություն կատարելու մասով նախաքննությունը շարունակվում է։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ խուլիգանությանը մասնակից անձանց շրջանակը, ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ։

Back to top button