ԿարևորՀասարակություն

Անհետ կորածների ծնողները կներգրավվեն միջգերատեսչական հանձնաժողովի հիմնական կազմում

Անհետ կորած զինծառայող Հենրիկ Մուրադյանի հորեղբայրը՝ Գոռ Մուրադյանը, դադարեցրել է 20 օր առաջ սկսած  հացադուլը։ Ասում է՝ այս պահին տեսնում է իր բարձրաձայնած խնդիրների լուծման հեռանկարը։ Մուրադյանը նոյեմբերի 14-ին «Իքս» զորամաս կոչվող պատերազմի թանգարանում հայտարարել էր՝ հացադուլի պահանջն անհետ կորածների փնտրման ամենօրյա աշխատանքների վերսկսումն է և որոնողական աշխատանքներում ծնողների անմիջական մասնակցության թույլտվությունը։ 

Անհետ կորածի հարազատը մինչ այս ընդգրկված էր «Գերիների, պատանդների և անհետ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով»-ին կից աշխատանքային խմբում։ Հանձնաժողովը, ըստ ծնողների, արդյունավետ չի աշխատել, ինչն էլ ծայրահեղ քայլի՝ հացադուլի պատճառ է դարձել։ Այսօր Գոռ Մուրադյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հայտնեց՝ ծնողներին տրվել է հնարավորություն  ընդգրկվելու հանձնաժողովի հիմնական կազմում՝ որպես ՀԿ ներկայացուցիչներ․

«Հանձնաժողովին առընթեր կար աշխատանքային խումբ, մենք 5 ծնողով ներգրավվել էինք աշխատանքային խմբի մեջ, բայց դա փաստացի չէր, փաստաթղթերով չէր։ Ուղղակի մեր փորձը 3 տարվա մեր երեխաների համար, ամեն ինչը ուզում էինք որ օգտագործեինք , հասնեինք ինչ-որ բանի, բայց էն պահանջները, որը դնում էինք, օրենքին դեմ պահանջներ էր։ Հիմա նենց ա էլի օրենքի դեմ ա, բայց եթե գոնե ՀԿ-ների անդամներին թույլ տան ծանոթանալ ամեն ինչին, համադրենք մեր ինֆորմացիան, քննչականի ինֆորմացիան, հանգեցնենք եզրակացություններ, որ շատ արագ իմանանք մեր երեխեքի ճակատագրերի մասին»։

Անհետ կորածի հարազատին այս առաջարկն արել է ԱԺ ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։ Երեկ նա այցելել է Իքս զորամաս կոչվող թանգարան և զրուցել Մուրադյանի հետ, ինչից հետո հայտարարություն տարածել․

«Այս ընթացքում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով գործընթացն ընթացել է բազմաթիվ խնդիրներով, ինչի պատճառով անհայտ կորածների հարազատները բազմիցս իրենց բողոքն են բարձրաձայնել: Խոչընդոտների պատճառներն ինչպես օբյեկտիվ են, այնպես էլ սուբյեկտիվ։ Օրինակ՝ «բյուրոկրատական սարդոստայնը», որն, ըստ էության, արգելում է հանձնաժողովի անդամ հանդիսացող ՀԿ-ների ներկայացուցիչներին որոնողական աշխատանքները արդյունավետ շարունակելու համար ծանոթանալ կարևոր տեղեկություն հանդիսացող նախաքննական գաղտնիքին և անձնական տվյալներին»:

Սա, պատգամավորի կարծիքով,  փաստացի խոչընդոտում է քրեական գործերի շրջանակում ձեռք բերված և ՀԿ-ի  ձեռքի տակ եղած տեղեկությունների համադրմանը ու անվստահության մթնոլորտ ստեղծում։

Գոռ Մուրադյանն այս պահին դեռ չի որոշել՝ նո՞ր ՀԿ կստեղծի, թե՞ կմինանա արդեն գոյություն ունեցող ՀԿ-ներից որևէ մեկին։ Նա ակնկալում է, որ առաջիկա ամիսներին  օրենսդրական փոփոխությամբ ծնողներին հնարավորություն կտրվի մասնակցել որոնողական աշխատանքներին։

«Հիմա մենք աշխատանքների արդյունքում պետք է հասնենք դրան,  մենք էսպես նստելով հացադուլի, էդ առաջարկը բաց թողնելով, ոչ մի բանի չենք հասնելու բայց էդ աշխատանքների արդյունքում հույս կա որ շատ շուտ հասնենք մեր նպատակին։ Լուծման տարբերակներ չեն եղել, բայց եթե կարողանան օրինագիծը փոխել, եթե ցանկանան փոխել, դրա համար ասում են՝ ամիսներ են պետք, իսկ էդ ամիսների ընթացքում մենք մեր աշխատանքները կվերսկսենք հանձնաժողովի ներսում։ Հիմա էս ամեն ինչը կբարձրաձայնենք հանձնաժողովի մակարդակում, ներսից, որպես ՀԿ- ներկայացուցիչներ»,-ասում է անհետ կորածի հարազատը։

Ի դեպ, ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը դիմել էր նաև վարչապետին՝ հանձնաժողովի ձևավորման որոշումը վերանայելու առաջարկով։ Պատգամավորն առաջարկել էր դրանում  ընդգրկվելու հնարավորություն տալ նաև պատգամավորներին՝ նշելով որ ինքն անձամբ ունի այդ ցանկությունը։

44-օրյա պատերազմից 3 տարի անց, ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմն ումի 195 անհետ կորած, ևս 88 անհետ կորածի հարազատ ունի ԴՆԹ փորձաքննության համընկնում, բայց համաձայն չէ արդյունքների հետ։

Back to top button