ԿարևորՄշակույթ

Կնոջ մերկ մարմնից մինչև քաղաք-ուրվական․ բացվել է գեղանկարիչ Արկոյի «Հոգու արտացոլանք» ցուցահանդեսը

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում դեկտեմբերի 1-7-ը կգործի գեղանկարիչ Արկադի Հովհաննիսյանի`Արկոյի «Հոգու արտացոլանք» խորագրով անհատական ցուցահանդեսը:

Մասնագիտությամբ՝ տնտեսագետ, հոգով՝ նկարիչ։ Երազ, որը փոխեց Արկադի Հովհաննիսյանի կյանքը․Արկոն սկսեց նկարել 40 տարեկանում։

«Հունվարի 5-6-ը՝ այդ օրերն էր, ու երազ եմ տեսնում մի ձայն ինձ ասում է՝ դու պետք նկարես։ Արթնացել եմ շոկի մեջ ուզում էի հասկանալ ինչ երազ էր»։

Արկադի Հովհաննիսյանը նույն այդ օրը մոտակա խանութից նկարչական պարագաներ է գնում ու սկսում է նկարել։

«Տան անդամները լուռ  հետևում էին, թե ինչ է կատարվում ինձ հետ։ Պատերազմից հետո իրավիճակները չէի կարողանում ընկալել։ Ես այս կերպ եմ բացատրում՝ կամ պետք է գժվեի, կամ ինչ որ բանով զբաղվեի ու սկսեցի նկարել»։

Աբստրակտ պատկերներ, գերիշխող կարմիր ու դեղին, ինքնատիպ, հետաքրքրություն առաջացնող վերնագրեր․․․ ։ Նկարչի հետ զրուցելով քայլում ենք։ Կանգ ենք առնում «Քաղաք ուրվական» նկարի մոտ։

«Նկարեցի գունավոր քաղաք, բայց հասկացա, որ մեր քաղաքները գունավոր չեն, ամայացած վիճակում են․․․ ու գնալով, դատարկվելով ու բռնի տեղահանությունից ելնելով, մեր Արցախ աշխարհի քաղաքները դարձան ուրվականներ․․․ Ինձ համար, անկախ նրանից՝ ով կգնա այնտեղ կապրի, եթե մեր հայրենակիցները այնտեղ չեն ապրում, ուրեմն քաղաքն ուրվական է»,–ասում է նկարիչը։

Կանաչ, դեղին ու սև․․․ այս գույների համադրությամբ է վրձնել «Վերածնունդ» կտավը։ Նկարիչը համոզված է, որ մի օր գալու է վերածնունդը։

«Երբ մենք համախմբված ենք եղել, ունեցել ենք բազում հաղթանակներ։ Հույս ունեմ՝ այդ օրը կգա մեր հաղթանակների։ Իսկ ինչու է նկարի դաշտը սև, քանի որ այս պահին մոխրացած վիճակում են մեր հոգիները։ Կանաչը ինձ համար նորի ծնունդ է, իսկ դեղինը՝ արևի էներգիան, որ մեզ տալիս է»։

Արկոն ասում է՝ իր ներշնչանքի աղբյուրը ամեն անգամ տարբեր է, բայց հիմքում գեղեցիկն է։ Այդ խոսքի հետ կանգ ենք առնում ևս մի ինքնատիպ նկարի առջև։ «Շքեղություն»՝ այսպես է վերնագրել կտավը Արկոն։

«Կնոջ մերկ մարմինը, ասում են՝ ինքնին շքեղություն է։ Իմ մուսայի հենց կենտրոնում կինն է միշտ եղել։ Ինձ կողքից միշտ ասում են՝ կինդ է քո մուսան, քանի որ ամուսնանալուց հետո եմ սկսել նկարել։ Ու որպես շքեղություն, նկարել եմ կնոջ մերկ մարմինը՝ էլի աբստրակտ  ոճում»։

Գեղանկարիչ Արկադի Հովհաննիսյանի՝ Արկոյի «Հոգու արտացոլանք» խորագրով ցուցահանեսը կգործի մինչև դեկտեմբերի 7-ը։

Back to top button