ԿարևորՀասարակություն

«Հայաքվեի» ներկայացրած օրինագծի քննարկումը ԱԺ պետաիրավական հանձնաժողովում հետաձգվեց 2 ամսով

ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկել է «Հայաքվե»-ի՝ Արցախին վերաբերող օրինագիծը։ Մի քանի ժամ տևած քննարկումներից հետո որոշվել է վերադառնալ նախագծին երկու ամիս հետո։ Քննարկումը հետաձգելու առաջարկը խորհրդարանական հանձնաժողովի նիստում հնչեցրել է հիմնական զեկուցող, ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Հանձնաժողովի արտահերթ նիստում հարցի քննարկմանը զուգահեռ Ազգային Ժողովի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել «Հայաքվե» նախաձեռնության անդամները։

Քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության ներկայացրած օրենքի նախագծի հիմնական զեկուցող, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ հաջողված նախադեպ է, երբ քաղաքացիական նախաձեռնությամբ ներկայացվում է անհրաժեշտ 50 հազար ստորագրություն։

Մինասյանի ձևակերպմամբ՝ քաղաքացիների նախաձեռնողականությունը պետք է խրախուսվի, որովհետև Արցախի ինքնորոշման իրավունքը ենթակա է պաշտպանության։

 «Ես ամենևին կողմ չեմ, որ ցանկացած նախաձեռնություն պետք է, այնուամենայնիվ, «հալած յուղով գնա», բայց շատ կարևոր է, որ մենք, ի սկզբանե, հարգելով այս ինստիտուտը, կարողանանք զարգացնել դա, հնարավորություն ընձեռել։ Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքում կան առանձին հարցեր, որոնք, օրինակ, ամրագրված են, որ չեն կարող հանրաքվեի առարկա լինել։ Որքան էլ ցանկանաս դու, հարցեր կան, որոնք չես կարող դնել հանրաքվեի։ Բայց մնացած դեպքերում քաղաքացիների նախաձեռնողականությունը, ես կարծում եմ, պետք է խրախուսել։ Գաղափարը ինքնին ենթակա է իրացման։ Ես պաշտպանել եմ այդ գաղափարը և հիմա էլ եմ պաշտպանում այդ գաղափարը»։

«Հայաքվե» նախաձեռնությունը ՀՀ Քրեական օրենսգրքում լրացումների նախագիծ էր առաջարկել, ըստ որի քրեորեն պատժելի արարքներ են որակվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը և ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի 12 անդամներից 8-ը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից են։ Նրանք իրենց դիրքորոշումները տարբեր ձևերով արտահայտել են, կա նաև կառավարւթյան արձագանքը «Հայաքվեի» օրենքի նախագծին։ Ի մի բերելով այդ ամենը, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ ԱԺ դահլիճից անհրաժեշտ է որոշակի հանրայնացում «Հայաքվե» նախագծի վերաբերյալ, իսկ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը քաղաքացիական նախաձեռնության հարցով առանձին լսումներ կազմակերպելու հնարավորություն չի տալիս։

 «Այդ լսումները կարող են կազմակերպվել կամ հանձնաժողովի կողմից, կամ խմբակցության։ Խմբակցությունն էլ չէր կարող այդ լսումները կազմակերպել։ Կանոնակարգ օրենքը հստակ նախատեսում է հետևյալ կանոնակարգումը, որ նման լսումներ կարող են կազմակերպվել միայն խմբակցության կամ նրա որևէ պատգամավորի կողմից առաջադրված նախագծի հարցով»։

Վարդանյանը նշեց, որ «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագիծը ինքնուրույն բովանդակություն չունի և ամբողջությամբ վերաբերում է «Հայաքվե» նախագածի բովանդակությանը:

«Առաջարկում եմ պարզապես արձանագրել, որ այս հայտարարությունը կատարել է իր առաքելությունը՝ լսումները կազմակերպվել են, ես անձամբ ուշադիր հետևել եմ լսումներին, լսել եմ այն դատողությունները ու մտքերը, որ հնչել են այդ լսումների ժամանակ։ Այս նախագիծը որևէ այլ ավելացված արժեք չի պարունակում։ Հաշվի առնելով, որ այս նախագծի հիմնական նպատակը արդեն իսկ իրականացվել է՝ առաջարկում եմ դեմ քվեարկել այս նախագծին»։

Փաստեր ու հակափաստարկներ ներկայացվեցին հանձնաժողովի քննարկումներում։

Ի վերջո հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի առաջարկով օրինագծի դիտարկումը և հետագա քննարկումը հետաձգվեց երկու ամսով։

Մինչ խորհրդարանական մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում էր հարցը, նույն ժամին Ազգային Ժողովի դիմաց բողոքի ակցիա էր նախաձեռնել «Հայաքվեն»։

Ակցիայի մասնակիցները պահանջել են, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն տա «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած օրենքի նախագծին և ներառել  դեկտեմբերի 5-ին մեկնարկող ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

ԱԺ-ի մոտ ակցիա իրականացնող «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ մերժելով իրենց նախաձեռնությունը, ՔՊ-ն փորձում է մոռացության տալ, որ 2021 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ խոստացել է հետամուտ լինել Արցախի ինքնորոշման իրավունքին, մնալ Արցախի ու արցախցիների անվտանգության երաշխավորը, շարունակել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

Back to top button