ԿարևորՄշակույթ

Թբիլիսիի միջազգային կինոփառատոնում հայ-վրացական կինոարտադրական հարթակի մասնակիցները գնահատվել են միջազգային ժյուրիի կողմից

«Ամիրանի» կինոթատրոնում կայացել է Թբիլիսիի 24-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակաբաշխությունը։

Կինոփառատոնում անցկացված հայ-վրացական կինոարտադրական հարթակի մասնակիցները ևս գնահատվել են միջազգային ժյուրիի կողմից։ Խաղարկային նախագծերի ներկայացման մրցույթում ռեժիսոր և պրոդյուսեր Օվսաննա Գևորգյանի «Սիրտս նման է էն փլած տներ» (պրոդյուսերներ Օվսաննա Գևորգյան, Վարդան Հակոբյան) նախագծին «Տերմինալի»բազմաֆունկցիոնալ համատեղ արտադրական հարթակի կողմից շնորհվել է 5000 վրացական լարի՝ որպես Թբիլիսիի լավագույն խաղարկային ​​գեղարվեստական ​​նախագիծ:

Վավերագրական ֆիլմերի մրցույթում պրոդյուսեր Նաիրի Հախվերդիի «Վարորդը» (ռեժիսոր Լուսինե Սարգսյան) ֆիլմն արժանացել է Terra Incognita Films-ի կողմից հաստատված մրցանակին՝ «Zaira Arsenishvili Script Development Residency in Telavi», որտեղ նա հնարավորություն կունենա աշխատել միջազգային փորձագետների հետ իր սցենարի զարգացման համար:

Մեկ շաբաթ տևողությամբ մշակութային կինոմիջոցառման ընթացքում տեղի են ունեցել միջազգային և վրացական կինոյի վերջին տարիների լավագույն ֆիլմերի ցուցադրությունները: Հայաստանի մասնակցությունն այս տարի բացառիկ էր իր մասշտաբներով։

Հայ կինոյի 100-ամյա հոբելյանի առիթով Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի բանակցությունների շնորհիվ ուշադրության կենտրոնում է եղել Հայաստանը։

Նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 3-ը Հայաստանը ներկայացել է հայկական դասական և ժամանակակից ֆիլմերի ծրագրով, որը ներառել է 11 ֆիլմ:

Կինոփառատոնում իրականացվել է հայ-վրացական կինոարտադրական հարթակ, որին մասնակցել են Հայաստանից 14 պրոդյուսերներ և ռեժիսորներ իրենց 7 լիամետրաժ- գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի նախագծերով:

Back to top button