ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը կանգ առնելու նշաններ չի դրսևորում

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելի տվյալներով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետևանքով ավելի քան 5300 պաղեստինցի երեխա է զոհվել, անհետ կորածների վերաբերյալ տվյալները հստակ չեն։ Մտավախություն կա, որ եթե հակամարտությունը նույն ինտենսիվությամբ շարունակվի,  ամեն օր հարյուրավոր երեխաներ կզոհվեն։ Այս տարվա հոկտեմբերի սկզբին սկսված իսրայելա-պաղեստինյան պատերազմն արդեն տասը հազարից ավելի մարդկանց կյանք է խլել։ Չնայած հրադադարի փորձերին ու կոչերին՝ փորձագետները հոռետես են հակամարտության արագ հանգուցալուծման հարցում։

Իսրայելա-պաղեստինյան պատերազմն արագ ավարտվելու միտումներ չի դրսևորում՝ համոզված է միջազգային հարցերով փորձագետ Մանվել Ղումաշյանը։ Վերլուծելով վերջին օրերին հայտարարված հրադադարից հետո սկսված ակտիվ գործողությունները, որոնց ընթացքում, ըստ իսրայելական հաղորդագրությունների, ՑԱԽԱԼ-ը Գազայի հատվածում մեկ օրում գրոհել է ՀԱՄԱՍ-ի ավելի քան 400 օբյեկտ՝ զինամթերքի պահեստներ, ռազմական օբյեկտներ ու ենթակառուցվածքներ, եզրակացնում է, որ հակամարտությունը կանգ չի առնի, ընդհակառակը՝ ավելի կծավալվի։

«Ոչ միայն արաբական, այլև մուսուլմանական աշխարհի մի մասը կխառնվի այս հարցին, վախենամ ավելի վատ վիճակ լինի, դրա համար կարճաժամկետ լուծում չեմ տեսնում, լավագույն դեպքում ամիսներ կտևի, քանի որ հարցը միայն Գազայի հատվածը չի, խնդիրը դուրս է եկել Գազայի հատվածից։ Հակամարտությունը չի հանգուցալուծվի,  նույնիսկ եթե Իսրայելն իր ենթակայության տակ վերցնի ողջ Գազայի հատվածը»։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մերձավոր Արևելքում նախօրեին բանակցություններ է վարել Իսրայելի և Պաղեստինի առաջնորդների հետ: «Ամերիկայի ձայնը» գրում է, որ կուլիսներում Բլինքենը Իսրայելի ռազմական ղեկավարությանը ասել է, թե նրանք ոչ թե ամիսներ, այլ շաբաթներ ունեն «Համասի» դեմ ռազմական գործողություններն ավարտին հասցնելու համար: Նա, իհարկե, շեշտել է, որ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Իսրայելին՝ ընդգծելով սակայն, որ չպետք է կրկնվեն այն մեծաքանակ զոհերը, որ գրանցվեցին հարավում՝ քաղաքացիական բնակչության շրջանում, և մարդկանց տեղահանությունը, որին ականատես եղանք Գազայի հյուսիսային հատվածում։

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը կարծում է, որ այսդիպսով  ԱՄՆ-ն կանաչ լույս է վառում Իսրայելի գործողությունների համար։

«Նույն սկզբունքները հաշվի առնելով՝ շատերը ժամանակին ասում էին, որ ռուս-ուկրաինական կոնֆլիկտն օրերի ընթացքում կարող է հանգուցալուծվել, բայց մենք տեսնում ենք, որ տարիներով շարունակվում է։ ԱՄՆ-ն ռեալ իսրայելամետ դիրքորոշմամբ է հանդես գալիս և Բլինքենի այցից հետո տեսանք, որ վերսկսվեցին ռազմական գործողություները, և ես վստահ եմ, որ շուտով կտեսնենք սպառազինության հավելյալ մատակրարումներ։ ԱՄՆ-ն բացահայտ դաշնակցային հարաբերություններ է դրսևորում, ինչը դուր չի գալիս արաբական աշխարհին, և կոնֆլիկտը դրանով ավելի բորբոքվում է»։

Ըստ միջազգայնագետի՝  կարելի է ենթադրել, որ պետքարտուղարն իր այցով որոշակի երաշխիքներ է տրամադրել Իսրայելին։

Միջազգային հարցերով փորձագետ Մանվել Ղումաշյանը կարծում է, որ պատերազմը կարող է վերածվել տարածաշրջանային բախման, դրանում շահագրգռված կարող է լինել նաև Ռուսաստանը, որը կցանկանար ուշադրությունը շեղել ռուս-ուկրաինական ճակատից։

«Կարծում եմ, որ այդքան հեշտ չի լուծվի խնդիրը։ Բավական լուրջ է և լավ բան չի խոստանում նաև Հարավային Կովկասին, որովհետև շատ մոտ ենք իրենց, և մեծ հաշվարկներով Մերձավոր Արևելքն ու Հարավային Կովկասը մեկ միավոր են դիտարկվում։ Այդ առումով վախենամ, որ մեզ մոտ էլ կարող են խնդիրներ առաջանալ, ու հավանականությունը մեծ է»։

Իսկ խնդիրներն առաջին հերթին, ըստ զրուցակցիս, փախստականների մեծ հոսքով կարող են պայմանավորված լինել՝ դրանից բխող մարտահրավերներով ու ռիկսերով։

Back to top button