ԿարևորՀասարակություն

Արմավիրի ինֆեկցիոն բաժանմունքի հիմնանորոգումը մոտենում է ավարտին. ութ ամսվա փոխարեն շինարարությունը ձգձգվել է մինչև մեկ տարի

Արմավիրի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքը շուտով Մեծամորից կտեղափոխվի նախկին հասցե: Բաժանմունքի հին մասնաշենքից միայն արտաքին պատերն են մնացել, իսկ ներսում ամեն ինչ փոխվել է ու հարմարեցվել մասնագիտացված բուժհաստատության պահանջներին: Շինարարկան աշխատանքներն ավարտվելու էին օգոստոսի 18-ին՝ ութ ամսում, բայց շինարարությունը ձգձգվել է մինչև մեկ տարի: Այժմ նախատեսվում է Արմավիրի հիվանդանոցի մասնաշենքը շահագործման հանձնել մինչև տարվա վերջը:

Արդեն ութ տարի է՝ Արմավիրի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի աշխատակիցները համբերատար սպասում են նախկին աշխատավայր վերադառնալուն: Ութ տարի առաջ հակասանիտարական ու անմխիթար վիճակի պատճառով բաժանմունքի գործունեությունը դադարեցվել էր։ Այն ժամանակավորապես տեղափոխվել էր Մեծամորի հիվանդանոց: Ութ տարի լքված ու անտեսված շինությունն այժմ նոր շունչ է ստանում՝ ժամանակակից լուծումներով: Հիմնական աշխատանքներն արդեն ավարտվել են, ասում է կառուցապատող ընկերության տնօրեն Միսակ Խլղաթյանը.

«Կատարվում է հատակների ամրացում: Հարթեցված շերտի վրա ևս կառուցվում է ինքնահարթեցնող շերտը, որից հետո կատարվելու է վինիլային հատակի ամրացում սոսնձով: Սա ինքնահարթեցնող շերտն է»:

Այդ գործը վստահվել է մասնագիտացված վարպետներին: Կարեն Ղալեչյանը Երևանից է հասնում Արմավիր.

«Սալիկի սոսինձ է, հարթեցում եմ կատարում, որպեսզի կարողանամ ուղիղ հատակ ստանամ, որից հետո վերջնական վինիլային հատակ կլինի: Չեմ կարող ասել, թե երբ կավարտենք, բայց այնպես ենք աշխատում, որ հասցնենք ժամանակի մեջ տեղավորվել»:

Նախկին ինֆեկցիոն բաժանմունքից ոչինչ չի մնացել, բացի արտաքին պատերից, իսկ ներսում ամեն ինչ փոխված է: Կառուցածքային փոփոխությունը ժամանակի պահանջներին համահունչ է. սալիկապատ մակերեսներ, տաք ջուր, ցնցուղարան, սանհանգույցներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար, ախտահանված իրերի պահոց և այլն: Բաժանմունքն ունենալու է մեկ տեղանոց, երկտեղանոց ու երեքտեղանոց հիվանդասենյակներ՝ իրենց սանհանգույցներով:

«Սենյակներն ամբողջովին ավարտված են. առաստաղը, հատակը, սանհանգույցները: Տեղադրվել են զուգարանակոնքեր, լվացարաններ»:

Ինֆեկցիոն բաժանմունքի առանձնահատկություններից ելնելով, կարևոր են առանձնացված սանհանգույցները, տաք ջուրը: 10լ տարողությամբ ջրատաքացուցիչները նախագծով նախատեսվել են երկու սանհանգույցների ծորակների մատակարարման համար, իսկ 100լ տարողությամբ ջրատաքացուցիչը՝ ցնցուղարանների: Այս պայմանները բացակայել են և՛ նախկին բաժանմունքի շենքում և՛ հիմա՝ Մեծամորում, ինչից միշտ դժգոհում են հիվանդները.

«Սա վիճակ չէ, ոնց որ ինֆեկցիոն բաժանմունքում պետք է լինի։ Ոչ մի նորմալ հարմարություն չկա, ոչ կոմունալ կա, ոչ մաքրություն ենք կարողանում պահել՝ նկատի ունեմ հիգիենիկ վիճակը: Օգտվում ենք թաց անձեռոցիկներից, խոհանոցի պլիտայի վրա ջուրն եք տաքացնում, սանհանգույցի լվացարանի վրա երեխային լվացնում, քանի որ միակ տեղը դա է: Մի կերպ հարմարվում ենք»:

Ինֆեկցիոնում սանհանգույցն ընդհանուր է, ջրագծերի խողովակները փտել են, հիվանդասենյակներում ջուր չկա: Դժվարություն է նաև Արմավիրի հիվանդանոցից հեռու լինելը:

«Որ մոտ լինի, ավելի լավ կլինի, երեխան խնդիրներ ունի և հաճախակի է հիվանդանում, գնալ-գալը խնդիրներ է առաջացնում, «գազելով», տաքսիով ենք գալիս: Հաճախ գնում ենք Հոկտեմբերյան, մեզ տաքսիով նորից ուղարկում են այստեղ: Գումար էլ չունենանք՝ պիտի գանք»:

Շուտով այս խնդիրները կմնան անցյալում: Արմավիրի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենքի հիմնանորոգումը մոտենում է ավարտին։ Հարթեցվում, տեսքի են բերվում շենքի արտաքին պատերը, առանձնացված մուտքերին բազալտե աստիճանահարթակներ են կառուցում:

Կառուցապատող ընկերության տնօրեն Միսակ Խլղաթյան. «Ճակատային մասը, ուղղակի անբարվոք վիճակում էր, որոշեցինք մի քիչ նոր տեսք հաղորդել. բազալտե սալերով սալիկապատեցինք: Տեղադրելու ենք նաև 5 սմ հաստությամբ բազալտե գլխանոցներ և պատշգամբագոգեր: Արտաքին պատը տուֆից է կառուցված, իսկ բազալտե սալիկներն օգտագործում ենք, որպեսզի այն պաշտպանի խոնավությունից»:

Թեև շինարարական աշխատանքներն ուշացել են չորս ամսով, կառուցապատողը վստահեցնում է՝ շահագործումը կլինի ժամանակին:

Back to top button