ԿարևորՀասարակություն

Պայքար ՄԻԱՎ\ՁԻԱՀ-ի դեմ․ մասնագետները ներկայացնում են հայաստանյան վիճակագրությունը

Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ\ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է։ Հայաստանը գտնվում է հիվանդության ցածր տարածվածության գոտում, սակայն այստեղ նույնպես ակտիվ պայքարում են վարակի կանխարգելման ուղղությամբ։

ՀՀ-ում ՄԻԱՎ-ի դեմ պայքարը սկսվել է 1988 թ-ից։ Առայսօր Հայաստանում գրանցվել է վարակի 5535 դեպք, իսկ այսօր ՄԻԱՎ-ով հանրապետությունում ապրում է 4356 մարդ։ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը» շարունակում է ակտիվ աշխատանք կատարել վարակի կանխարգելման ուղղությամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն ասել է կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանը։ Նա նշել է, որ գործընկեր կազմակերպությունների հետ ուշադրության կենտրոնում են պահում թիրախային խմբերը։

«Վարակը փոխանցվում է սեռական, ներերակային և մորից պտղին ճանապարհով։ Դրանից էլ բխում են ռիսկի խմբերը։ Մասնավորապես, միգրանտ ընտանիքները, երբ արտագնա աշխատանքի են մեկնում այլ երկրներ, ու չպաշտպանված սեռական ճանապարհով վարակվելու ռիսկը մեծ է։ Հաջորդ ռիսկի խումբը ներերակային ճանապարհով թմրանյութեր օգտագործողներն են»։ 

Հոկտեմբերի 31-ի դրությամբ ՄԻԱՎ-ի հայտնաբերման 421 դեպք գրանցել է Հայաստանի քաղաքացիների, 61 դեպք՝ օտարերկրյա քաղաքացիների շրջանում՝ նշել է Ստեփան Աթոյանը։ Նրանցից 70 տոկոսը տղամարդիկ են, 30 –ը՝ կանայք։ Ավելի մեծ խումբ են կազմում 25-39 տարեկանները։ Մարզերից էլ ամենաբարձր ցուցանիշը Շիրակում է, որին հաջորդում են Լոռին,Գեղարքունիքը։ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» տնօրենի խոսքով՝ Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետազոտությունն ու բուժման ամբողջ ընթացքն անվճար է թե ՀՀ քաղաքացիների, թե օտարերկրացիների համար։

«Աշխատանքների ապակենտրոնացման շնորհիվ փորձում են բուժծառայությունները հասանելի դարձնել նաև մարզերում։ Շարժական կլինիկաներն այցելում են մարզեր, ռիսկի խմբերում իրականացնում են անվճար հետազոտություններ, խորհրդատվություն։ Դրանից բացի, մարզային 83 բուժհաստատությունում հասանելի է ՄԻԱՎ-ի, հեպատիտների անվճար թեստավորում։ Աշխատանքներ են տարվում դեղերի հասանելիությունն ապահովելու համար, որպեսզի հեռավոր մարզերից քաղաքացիները ստիպված չլինեն հասնել Երևան»։

ՄԻԱՎ-ի դեմ պայքարի, կանխարգելման գործում կարևորվում է միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքը։ «Գլոբալ հիմնադրամի» ծրագրի իրականացման թիմի ղեկավար Ինեսսա Ասմանգուլյանի խոսքով՝ 2006 թվականից ի վեր հիմնադրամը մոտ 86 մլն դոլարի աջակցություն է տրամադրել երկրին։ Ներկայում ևս դրամաշնորհ է գործում, որն ուղղորդվել է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց աջակցության ծրագրերին՝ սոցիալական, հոգեբանական, իրավաբանական, խոչընդոտների վերացման, խորհրդատվական, կանխարգելման ծառայություններ։

«Տարիներ ի վեր «Գլոբալ հիմնադրամի» դրամաշնորհներին մասնակցում է նաև պետությունը, որն ունի իր մասնաբաժինը ու այն գնալով մեծացնում է։ Մեկ օրինակ ներկայացնեմ՝ նախկինում անհրաժեշտ դեղամիջոցները ձեռք էին բերվում հիմնադրամի աջակցությամբ, հիմա պետությունը դա վերցրել է իր վրա։ Պետությունը զարգացնում է իր կարողությունները, ընդլայնում է հնարավորությունները՝ կանխարգելման աշխատանքներն ուժեղացնելու համար»։

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոզա Բաբայանի խոսքով՝ այս աշխատանքներում  կարևոր է համայնքային կառույցների, հասարակական կազմակերպությունների դերն ուժեղացնելը, նրանց կարողությունները զարգացնելը։

«Մենք տեսնում ենք՝ ինչպես են վերջին տարիներն գլուխ բարձրացնում համաճարակները։ Եվ տեսնում ենք, թե ՁԻԱՀԻ, թե այլ համաճարակների դեմ պայքարում՝ ինչպես են համայնքահեն կազմակերպությունները շատ արագ կոնսոլիդացնում իրենց ուժերն ու իրենց ծառայությունները հնարավորինս մատչելի և հասանելի դարձնում համայնքների համար։ Այսօր լավ խորհուրդ և հնարավորություն է ևս մեկ անգամ բարձրաձայնելու և կարևորելու այդ կազմակերպությունների աշխատանքը»։

Այս օրերին ուշադրության կենտրոնում են նաև Արցախից բռնի տեղահանվածները՝ ասել է Ռոզա Բաբայանը։

«Ունենք նաև շահառուներ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանում։ Ցավոք, այդ իրավիճակում գտնվելով, շատերը մասամբ չեն ստացել դեղերը։ Ասեմ, որ բոլորի հետ կարողացել ենք կապը հաստատել, արդեն նրանք վերահսկվում են Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնի կողմից, փորձում ենք հնարավորինս աջակցել»։

Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի նույնպես ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» շարժական կլինիկան տեղակայված է Ազատության հրապարակի հարակից տարածքում։ Քաղաքացիները կարող են մոտենալ ու անվճար մասնագիտական խորհրդատվություն ստանալ, ինչպես նաև ՄԻԱՎ–ի, Սիֆիլիսի, և Հեպտիտ C-ի անվճար թեստավորում անցնել։

Կարդացեք նաև

Back to top button