ԿարևորՍպորտ

Բռնցքամարտի պատանեկան ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցիչները` եզրափակչում

Հայաստանն առաջին ներկայացուցիչներն ունի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում:

«Միկա» մարզադալիճում ընթացող բռնցքամարտի ավագ տարիքի աշխարհի առաջնությունում ցերեկային մրցահերթում ռինգ դուրս եկած մեր 5 բռնցքամարտիկներից 4-ը հաղթանակի են հասել իրենց մրցակիցների նկատմամբ, ու եզրափակչում հանդես գալու իրավունք վաստակեցին։

66կգ քաշային կարգում իր խոսքն է ասել Արգիշտի Հակոբյանը, որի մրցակիցն էր Ուզբեկ Ակբար Ահմադովը: Զիջելով առաջին ռաունդը 2-3 հաշվով, հայ բռնցքամարտիկը հերթական անգամ կամք է ցույց տվել ու բեկել մարտի ընթացքը՝ հաղթելով 4-1 հաշվով: Այսպիսով, Արգիշիտի Հակոբյանը եզրափակչում է և կպայքարի ոսկու համար:

52կգ քաշային կարգում ելույթ ունեցող Արեն Խառատյանի մրցակիցն էր Բուլղարիան ներկայացնող Յանկո Մետոդիևը: Եթե մենամարտի առաջին ռաունդը մրցակցային էր ստացվել, ապա երկորդ ռաունդից սկսած ռինգում դրության տերը Արեն Խառատյան էր, ինչի արդյունքում հաղթելով 5-0 հաշվով հայ բռնցքամարտիկը դուրս է եկել եզրափակիչ:

Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը կիսաեզրափակչում մրցել է Թայպեյը ներկայացնող Շեն Սին -էլի հետ: Մենամարտի առաջին ռաունդի վերջնամասում Հեղինեն արդյունավետ հարվածաշար է անցկացրել, որից հետո մրցավարը հաշիվ է բացել, Պետրոսյանը շարունակել է նույն կերպ և հերթական նպատակային գրոհից ու նոկդաունից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը և արձանագրել մեր բռնցքամարտիկի հաղթանակը տեխնիկական նոկաուտով:

Առնո Դարչինյանն էլ 46կգ քաշայինների կիսաեզրափակչում մրցել է Աբդուրախմոն Մախմուդջանովի հետ: Առաջին երկու ռաունդներում Առնոն ստեղծել է շոշափելի առավելություն և մենամարտի վերջում ավելի հանգիստ գործելով՝ հաղթել է 4-1 հաշվով:

Կանանց եզրափակիչները կկայանան կիրակի՝ դեկտեմբերի 3-ին, իսկ տղամարդկանցը՝ դեկտեմբերի 4-ին:

Back to top button