ԿարևորՀասարակություն

Ոչ հաշվետու, ոչ թափանցիկ կառավարում՝ Վանաձորում. ժամանակավոր իշխանությունները հակադարձում են մեղադրանքներին

Շուտով կլրանա 2 տարին, որ Վանաձորը չունի ընտրովի ղեկավար, ավագանին էլ հազվադեպ է նիստեր գումարում: Համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստի փոխարեն, ավագանին օրերս արտահերթ նիստ էր գումարել ու 40-ից ավելի կուտակված հարցեր քննարկել: Մինչ Վանաձորի ժամանակավոր իշխանությունները պնդում են, որ իրենց օրոք Վանաձորում շատ ավելի աշխատանքներ են տարվել, քան նախկինում, քաղհասարակության ներկայացուցիչները նկատում են, որ ժամանակավոր իշխանությունները ոչ միայն հաշվետու ու թափանցիկ չեն աշխատում, այլև գործում են ՏԻՄ օրենսդիր մարմնից անկախ՝ չփորձելով անգամ ունենալ լիարժեք գործող ավագանի:

Վանաձորի ավագանին այս տարվա 3-րդ նիստն էր գումարել: Մի շնչով դրական քվեարկության արժանացրեց 40-ից ավելի հարցեր, այդ թվում՝ 2024-ի բյուջեն: Չծավալվեցին քննարկումներ ու կարծիքների փոխանակում։ Ընդդիմադիր «Մամիկոն Ասլանյան» խմբակցության 13 անդամները «Հայրենիք» խմբակցության 2 անդամների հետ բոյկոտել էին նիստը: Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն ակնհայտ է համարում փոխությունները: Նա պնդում է, որ իր օրոք շատ ավելի աշխատանք է տարվել համայնքի զարգացման ուղղությամբ, քան անցած 30 տարիներին․

 «Ինձ թվում է՝ բոլորդ էլ տեսնում եք՝ ինչ փոփոխություն կա մեր քաղաքում, փաստը փաստ է, որ էս քաղաքը նենց սարքվեց 23 թվականին, որ 30 տարում էսքան գործ չի արվել, մյուս տարի 2 անգամ ավելի պիտի անենք, Վանաձորը պիտի ծաղկի և վերջ, դուք էս կողմ, էն կողմ մի ընկեք։ Ով մեզ խանգարում է՝ ուզում է միանշանակ էս քաղաքի վատը»:

Շուրջ 2 տարի կալանքի տակ գտնվող Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, որի օրոք Փելեշյանը, փոխքաղաքապետի պաշտոնն էր զբաղեցնում, նոյեմբերի 28-ի դատական նիստի ժամանակ ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել էր․ «Բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով Վանաձորում խոչընդոտվել և ասպատակվել է տեղական ինքնակառավարման մարմինների տրամաբանությունը: Վանաձորը վառ օրինակ է, որ կարողանանք արձանագրել, որ Հայաստանում ընդհանրապես թե՛ տեղական, թե՛ ընդհանուր ժողովրդավարական ինստիտուտները հավասարված են 0-ի»:

Փելեշյանն իր թիմի հասցեին հնչած քննադատությունների հետ համաձայն չէ: Ինչո՞ւ իր նախկին թիմակից «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամները չեն գալիս նիստերին  հարցին այսպես հակադարձեց․

«Ես իրենց թիմակից չեմ եղել նախ, ես իրանց հետո կոալիցիա եմ կազմել: Ես իմ քաղաքի համար եմ աշխատել՝ տեղակալ ժամանակս էլ, քաղաքապետ ժամանակս էլ: Թող գան, որ չեն գալիս, մենք ի՞նչ անենք, իրենց քաղաքն ա, թող գան, քվեարկեն։ Որ իրենք չեն գալիս մենք ինչով ենք մեղավոր: Բոլորի համար դռները բաց են, որ իրենք չեն գալիս քննարկելու, ձեզ թվում է՝ էս քաղաքը պիտի տուժի՞, էս քաղաքը դրանից ոչ մի անգամ չի տուժելու»։

Օրակարգի շատ հարցեր մտահոգիչ էին, ասում է Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ Գայանե Քալանթարյանը: Թե ինչո՞ւ են խմբակցության իր գործընկերները բոյկոտում նիստերը, տեղյակ չէ: Ասում է, այս պահին ավելի շատ խղճի թելադրանքով, որպես անկախ անդամ է մասնակցում՝ համայնքի շահը վեր դասելով նեղ խմբակցային ու կուսակցական շահերից:

 «Գուցե քննարկումներ կան, բայց ես տեղյակ չեմ այդ քննարկումներից, այս պահին ես, ոնց որ թե գործում եմ անկախ, վերխմբային, հանուն քաղաքի շահի, մնացած ոչ մի հարց այլևս չի հետաքրքրում: Ես չեմ կարող ասել՝ խմբակցության անդամների դիրքորոշումը այս պահին՝ իրենց դուր է գալիս, որ ես գնում եմ, թե դուր չի գալիս, քանի որ այս պահին կապը խզված է ցավալիորեն»:

Հիշեցնենք՝ նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի թիմակիցները դատական նիստի ավարտին ասել էին, որ չեն գնա նիստերի, քանի դեռ իրենց առաջնորդն անազատության մեջ է։

«Ուղղակի Ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Գևորգ Քոթանջյանի դիտարկմամբ՝ Վանաձորում ՏԻՄ-ի օրենսդիր ու գործադիր թևերն իրարից առանձին են գործում: Այն, որ անգամ ավագանու անդամները տեղյակ չէին քննարկման ներկայացված հարցերի մանրամասներին, արդեն իսկ մտածելու տեղիք է տալիս: Որքանո՞վ է ներկա ավագանին արտացոլում ընտրովի մարմնի իր գործառույթները, արդյո՞ք իր աշխատանքով կարողացել է դեպի լավը փոխել 100.000-ից ավելի բնակիչ ունեցող խոշորացված համայնքի կյանքը: Կազմակերպությունը այլ կառույցների հետ այս տարի Վանաձոր խոշորացված համայնքի 4000 բնակչի շրջանում հարցում է անցկացրել ու պարզել, որ հարցվածների ճնշող մեծամասնությունը դժգոհ է Վանաձորի ժամանակավոր կառավարիչներից:

«4000-ից 85,5 % դժգոհ է և առնվազն 40 %-ը չի տեսնում իր ապագան Վանաձորում, մինչդեռ 2021-ին հակառակ պատկերն էր՝ 25 %-ն էր ընդամենը դժգոհ և 10 %-ն էր, որ ցանկություն չուներ իր ապագան տեսնել Վանաձորում»:

Նոյեմբերի 13-ին վարչական դատարանը որոշում էր ընդունել Վանաձորի ավագանու նիստի արգելքին վերաբերող նիստը հետաձգել մինչև 2024 թվականի ապրիլը։ «Անկախ դիտորդ» դաշինքի համակարգող Վարդինե Գրիգորյանի խոսքով՝ ավագանու նիստերի իմիտացիա անելու փոխարեն լավ կլիներ առաջնորդվել ՏԻՄ օրենքով. նիստ հրավիրել համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով:

 «Եթե նույնիսկ նիստ անցկացնեին, ոչ ոք իրենց չէր ասելու, որ արգելանք կար, որովհետև էդ արգելանքը վերացել է օրենքի ուժով: ՏԻՄ օրենքը ասում ա, որ դատական ակտի ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից հաշված 10 օրում պետք է նիստ հրավիրի, փաստացի նիստ չի եղել, չի եղել նաև համայնքապետի ընտրություն: Վանաձորի դեպքում հստակ ա, որ պետք ա արձակվի չկայացած ավագանին, գնալ արտահերթ ընտրության»:

Ավագանու կայացրած որոշումներից մեկը Վանաձորի նախկին Սպայի տունը Թումո կենտրոնի վերածելու մասին էր: Թումոյին անհատույց օգտագործման իրավունքով վստահված շենքը վերանորոգումից հետո կպահպանի ճարտարապետական տեսքը: Լոռեցի «թումոյականների» առաջին խումբը հնարավորություն կունենա հաճախելու կենտրոն 2026-ից:

Back to top button