ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Վերին Լարսը բացվել է, բայց ոչ հայկական բեռնատարների համար․ Հայաստանն առաջիկայում ԵԱՏՄ-ի հետ կքննարկի խնդիրը

Արդեն 24 ժամ է Վերին Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ բեռնատարների համար, սակայն հայկական բեռներն այդպես էլ չեն կարողանում հատել Ռուսաստանի սահմանը։ Անցակետի երկու կողմում, այս պահի դրությամբ, ընդհանուր առմամբ ավելի քան 1700 հայկական բեռնատար կա։ Ռուսական կողմը պնդում է՝ Հայաստանից Ռուսաստան արտահանվող բեռները սանիտարական խնդիրներ ունեն, հայկական կողմը հակադարձում է՝ բեռները ճանապարհ ընկնելուց առաջ համապատասխան ստուգումներն անցել են, խնդիրներ չունեն։ Առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանը ԵԱՏՄ գործընկերների հետ կքննարկի Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը՝ ավելի վաղ հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Մինչ այդ փորձագետները ստեղծված իրավիճակի հիմքում քաղաքական ենթատեքստ են տեսնում։

Ավելի քան 10 տարի դեպի Ռուսաստան բեռնափոխադրումներ իրականացնող ընկերության տնօրենը պատմում է՝ երբևիցե նման խնդիր չեն ունեցել։ Ռուսաստան են տեղափոխում գյուղատնտեսական ապրանքներ, սննդամթերք, ծաղիկներ։ Արդեն 5-րդ օրն է ոչ մի բեռնատար Վերին Լարսի անցակետը չի անցել։

«Մինչև այս պահը որևիցե բեռնատար սահմանը չի անցել։ Կոնկրետ մեր ընկերությունը երբեք նման խնդրի առաջ չի կանգնել։ Բեռնատարները մինչև հիմա Լարսում կանգնած են, դեռ չեն էլ վերադարձել, տեղում սպասում ենք, տեսնենք՝ ինչ կլինի»,– պատմում է բեռնափոխադրող ընկերության ներկայացուցիչը։

Օրեր առաջ եղանակային պայմանները թույլ չէին տալիս ճանապարհը շարունակել, հիմա ձյունը մաքրել են, բայց հայկական բեռների ճանապարհը չի բացվել։ «Ռադիոլուրի» զրուցակիցը պատմում է՝ ռուսական կողմը ամենատարբեր պատճառաբանություններով հետ է ուղարկում հայկական բեռնատարները։

«Չգիտեմ, ասում են, օրինակ, ձկան տարիքը նշված չէ, կամ ծաղիկի որակը չի համապատասխանում նորմերին, լոլիկի մեջ որդ ենք գտել։ Ամեն դեպքում տարբեր պատճառաբանություններով թույլ չեն տալիս, որ հայկական բեռներն անցնեն Ռուսաստան»։

Բեռնափոխադրող մեկ այլ ընկերության ներկայացուցիչն էլ պնդում է՝ ապրանքի որակի կամ փաստաթղթային խնդիր չունեն, բայց հիմա մթերքը Ռուսաստան հասնելու փոխարեն ճանապարհին փչանում է։

«Բոլորն էլ հիմա Լարսից հետ են գալիս, եթե ֆիտոսանիտարական ստուգման ենթակա ապրանք ունեին։ Օրինակ, մի մեքենայի մեջ ամբողջը չիր էր, ուղարկել են ինչ–որ ստուգման ու ասել, թե պատասխան է եկել, որ որդնած է, բայց վստահաբար դա այդպես չէ»,– ասում է բեռնափոխադրող ընկերության ներկայացուցիչը։

Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհի անցակետում իրավիճակը սրվեց նոյեմբերի 26-ին։ Եղանակի կտրուկ փոփոխությունից հետո ճանապարհը փակ էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Բացի այդ ռուսական կողմը հայտարարում էր, որ Դաշնության սահմանային  անցակետերից մեկում հայտնաբերված խախտումների պատճառով բոլոր անցակետերում՝ այդ թվում Վերին լարսում ուժեղացված ստուգումներ են իրականացնում։ Դրա հետևանքով խնդիրներ են առաջանում նաև հայկական բեռները տեղափոխող բեռնատարների հետ։ Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ այս պահի դրությամբ ճանապարհն ամբողջությամբ բաց է, սակայն հերթում կանգնած հայկական բեռնատարներ կան անցակետի երկու կողմերում էլ։

«Այս պահին Հայաստանից դեպի Ռուսաստան ուղղության վրա ունենք 700-800 բեռնատար և հակառակ ուղղությամբ ավելի քան 900 բեռնատար։ Ինչ վերաբերում է ֆիտոսանիտարական ստուգումներին այս պահին էլ դեռ խնդիրը չի վերացել և շուտ փչացող ապրանքներ տեղափոխող հայկական բեռնատարները շարունակում են վերադառնալ Հայաստան։ Այս պահին հստակ չեմ կարող ասել քանիսն են վերադարձել, բայց քանակը գնալով ավելանում է»,– մանրամասնում է Վահան Հակոբյանը։

ՌԴ Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը երեկ անդրադարձել էր խնդրին ու հայտարարել, թե իբր վնասատուներով վարակված բեռների մատակարարումը Հայաստանից կտրուկ աճել է։ Ռուսական կողմի տվյալներով, եթե նախորդ 11 ամիսներին նման դեպքերի թիվը 3 տասնյակին մոտ է եղել, ապա վերջին 3 օրում միայն շուրջ 4 տասնյակ խախտում է հայտնաբերվել։

Հայկական բոլոր բեռները, մինչև սահմանային անցակետեր հասնելը, պարտադիր ստուգման են ենթարկվում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում շեշտում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը։ Արտահանվող ապրանքը, որևէ խնդիր չի ունեցել՝ վստահ են տեսչականում։

«Պարզապես հնարավոր չէր մեր կողմից նման թերացում, որ ընդամենը 3 օրում այնքան խախտում հայտնաբերվեր, որքան որ եղել է մեկ ամբողջ տարվա ընթացքում։ Առանց անվտանգության սերտիֆիկատի բեռները Հայաստանից դուրս գալ չեն կարող, մենք անվտանգության սերտիֆիկատը տվել ենք։ Գուցե այլ ուղեկցող փաստաթղթերում են խնդիրներ եղել, քանի որ ռուսական կողմը նաև այդ պատճառաբանությունն է բերում։ Հիմա մենք այդ բոլորը նորից ուսումնասիրում ենք ու ուզում ենք հասկանալ, թե որտեղ ենք գուցե մենք թերացել և որտեղ է ռուսական կողմը վրիպել»,– ասում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը։

«Մերժված» բեռները Հայաստան հասնելուն պես կրկնակի փորձաքննություն կանցնեն՝ ասում է Անուշ Հարությունյանը։ Մինչդեռ փորձագիտական հանրույթը հորդորում է՝ խնդրում ոչ թե ապրանքային, որակական այլ քաղաքական պատճառներ փնտրել։ «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ այն ինչ այսօր կատարվում է Վերին Լարսի անցակետում,  քաղաքական հայտարարությունների ուղիղ հետևանք է։

«Օրինակ, հիմա ռուսական կողմը որոշել է, որ վրացական կոնյակի սպիրտի նկատմամբ ստուգման պարզեցված ընթացակարգ է կիրառվում․ հիմա ինձ ասեք, թե որքանով սա քաղաքական հարց չէ և կապված չէ այն հանգամանքի հետ, որ Վրաստանը չի միացել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաների փաթեթին։ Ամենևին ավելի որակյալ չի դարձել վրացական սպիրտը կամ նրանց փաստաթղթավորումը։ Նույն կերպ, եթե հիմա թույլ չեն տալիս հայկական բեռներն անցնեն, դա չի նշանակում, որ հայկական ապրանքն անորակ է կամ փաստաթղթային լուրջ խնդիրներ ունի։ Մեզ զգուշացնում են, թե ինչ կլինի, եթե մենք ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ անդամ չլինենք»,-կարծում է Էմիլ Ստեփանյանը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մինչդեռ խուսափում է խնդրին քաղաքական ենթատեքստ տալ։ Նախարարը ավելի վաղ լրագրողների հետ զրույցում շեշտել էր՝ ամեն ինչ արվում է որակյալ ապրանք արտահանելու համար։ Առաջիկա շաբաթվա ընթացքում հայկական կողմը պաշտոնական մակարդակում հանդիպում -քննարկում կանցկացնի ռուսական կողմի ու ԵԱՏՄ գործընկերների հետ։ Նախարարը ասել էր՝ փորձելու են հասկանալ, թե ինչ է այս խնդիրների պատճառ դարձել։

Back to top button