ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

ԵԱՀԿ-ն կառուցողական երկխոսության հարթակ է առաջարկում Երևանին ու Բաքվին․ փորձագետները թերահավատ են

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում է՝ մասնակցելու նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ն այստեղ ընթացող ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին։

Հյուսիսային Մակեդոնիայում է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, սակայն  Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում չի նախատեսվում: Փոխարենն Արարատ Միրզոյանը երկկողմ այլ հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգի ընդլայնման հարցերը։

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող  ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում  չի կայանա՝ հստակեցնում է  Հայաստանի արտգործնախարարությունը։ Տեղեկությունը միանգամից  չհրապարակվեց, դրա մասին  հայտարարվեց համաժողովի միայն երկրորդ օրվա երկրորդ կեսից հետո։

Փոխարենը ԵԱՀԿ-ն Հայաստանին  ու Ադրբեջանին կառուցողական երկխոսության համար հարթակ է առաջարկում՝ Սկոպյեում  այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ղեկավարությունը և ներկայացել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված երկխոսության օգտին։ ԵԱՀԿ գործող նախագահ և Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն աջակցում է քաղաքական գործընթացի շարունակությանը, որն ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը կարծում է, որ Բաքուն արևմտյան հարթակներում բանակցությունները շարունակելուն չի համաձայնի։

«2019 թվականին՝ մինչև 2020 թվականի պատերազմը, արդեն վերջը դրվել էր ԵԱՀԿ ՄԽ-ի, իսկ ՄԽ-ն, հիշենք, որ չէր շարժվում Ալիևի քիմքին հաճո հայտարարություններով կամ այն քաղաքականությամբ, հետևաբար Ալիևը փորձելու է զերծ պահել Արևմուտքին կամ որևէ այլ կառույցի ներթափանցել նման բանակցությունների ֆորմատի մեջ, քանի որ լավ հասկանում է, որ չի կարող պահանջել այն մաքսիմալը, ինչը կարող է պահանջել Հայաստանի հետ ուղիղ բանակցությունների ժամանակ»։

Իսկ եթե փորձ արվի նման ձևաչափ ստեղծել ԵԱՀԿ-ի ներքո, ապա այն կերկարացնի գործընթացն ու նոր մարտահրավերների առիթ կդառնա՝ համոզված է ադրբեջանագետը։

«Ենթադրենք՝ ԵԱՀԿ-ն առաջարկում է և ստեղծվում է նման կառույց։ Դա հարթակ է, որում  ներգրավված կլինեն նաև այլ պետություններ, չի բացառվում, որ նաև Թուրքիան։ Հաշվի առնենք, որ ԵԱՀԿ ՄԽ խնդրի կարգավորման շատ առաջարկներ է ունեցել, որոնք գրեթե բոլորը  մերժվել են Ադրբեջանի կողմից։ Սա ցուցիչ է, որ Ադրբեջանը չի ցանկացել բալանսավորված ու փոխզիջումային տարբերակով հարցը լուծել և չի ցանկանա ևս մեկ անգամ այդ փոսի մեջ մտնել»։

ԵԱՀԿ նախարարական համաժողովին զուգահեռ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցները, որոնք դատապարտում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղի վրա նախապես ծրագրված ռազմական հարձակումը։

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի հարձակումը չի կարող անհետևանք մնալ, փաստաթուղթը կոչ է անում ԵՄ-ին՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանության դեմ, որը պատասխանատու է նաև հրադադարի բազմաթիվ խախտումների համար, վերանայել էներգետիկայի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը և դադարեցնել գործընկերության նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները։

Քաղաքագետ Արա Պողոսյանը Արևմուտքի այս վերաբերմունքը պայմանավորում է Բաքվի կողմից արևմտյան հարթակներում հանդիպումները մերժելու հանգամանքով։

«Սա տեղավորվում է Ադրբեջանի կողմից արևմտյան հարթակները շրջանցելու փորձերի մեջ, նաև Արևմուտքի դիրքորոշման կարծրացման շրջանակներում է։ Արևմուտքը այլևս հասկանում է, որ Ադրբեջանն այս փուլում փոխում է իր մարտավարությունը և ձգտում է կամ առանց միջնորդների բանակցության, ինչպես Բաքվից են հաճախ հայտարարում, կամ տարածաշրջանային ձևաչափով։ Միևնույն ժամանակ ակնհայտ է Ադրբեջանի արտաքին քաղաքականության որոշակի տրանսֆորմացիա՝ հօգուտ տարածաշրջանային և պրոռուսական հարթակների»։

Բաքվի հետագա քաղաքական վարքագծից է կախված՝ կոչերը կդառնա՞ն իրական գործողություն, թե՞ ոչ, կարծում է քաղաքագետը։

«Ենթադրելի է, որ առաջիկայում Արևմուտքի կողմից դարձյալ կոշտացում կլինի հայտարարությունների մակարդակում, սակայն թե որքան հեռու Արևմուտքն ի վիճակի կլինի գնալ, և թե արդյոք բանը կհասնի պատժամիջոցների կիրառման, կախված է ինչպես  Բաքվի քաղաքական վարքագծից, այնպես էլ Արևմուտքի պատրաստակամությունից և կամքից։ Նկատենք նաև, որ արևմտյան ճամբարում այս պահին չկա ընդհանուր կոնսենսուս և միասնականություն Հարավային Կովկասի մասով»։

Մինչ այդ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցում Եվրոպական խորհրդին կոչ է արվում ավելացնել Հայաստանում ԵՄ առաքելության կազմում փորձագետների թիվը, բարելավել կարողությունները և աշխարհագրական շրջանակը, երկարաձգել տեղակայման ժամկետը:

Back to top button