ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

Արվեստը ներառականության մեջ․ մեկնարկել է «Կողք կողքի» 4-րդ միջազգային արտ-փառատոնը

Արդեն 4-րդ տարին է՝ «Կողք կողքի» ՀԿ-ը և ԿԳՄՍ նախարարությունը փորձում են համատեղել զարգացման յուրահատուկ կարողություններ ունեցող անձանց հմտություններն ու արվեստը։ Արդյունքում՝ բացահայտվում են նոր տաղանդներ, ստեղծվում են արվեստի ինքնատիպ նմուշներ։ Փառատոնը սկզբում միայն երաժշտական է եղել և ընդգրկել է միայն Հայաստանը։ 2 տարի անց այն դարձել է միջազգային, իսկ այս տարի երաժշտությանը գումարվել են նաև թատերարվեստն ու պարարվեստը։

Փառատոնի կազմակերպիչները մասնագետներ են հրավիրել Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից և Վրաստանից։

Մանրամասնում է «Կողք կողքի» միջազգային ներառական արտ-փառատոնի կազմակերպիչ Նաիրա Սարգսյանը․

 «Ունենք Ֆրանսիայից մասնագետ, ով կներկայացնի ներառական կրթությունը Ֆրանսիայում, ունենք Գերմանիայից մասնագետ, որը սեմինար կանի, թե ինչպես է երաժշտությունը և արվեստը ազդում մարդու ուղեղի վրա, Ռուսաստանի մասնագետը մեզ կներկայացնի երաժշտական ներառական թերապիան ինկլուզիայի մեջ և կներկայացնի, թե նեյրոկորեկցիոն թերապիան ինչպես է ազդում երեխայի վրա»։

Այս տարի փառատոնին կմասնակցի զարգացման յուրահատկություններ ունեցող շուրջ 150 երեխա։ Նրանք ընտրվել են մայրաքաղաքի և մարզերի վերականգնողական բոլոր կենտրոններից։ Մասնակից երեխաներ կան նաև հրավիրյալ երկրներից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից։

«Փառատոնը նպաստում է և միավորում է տարբեր զարգացման առանձնահատկություններ ունեցող մարդկանց, որոնց ինտեգրում է մեր հասարակություն, և այս փառատոնը շատ կարևոր է նաև հասարակության համար, քանի որ հասարակությունն էլ է ընդգրկվում այս աշխարհում , ներառականության մեջ»,- ասում է Նաիրա Սարգսյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ընդգծում է՝ ներառական կրթությունը նախարարության համար այնքան կարևոր է, որ ընդգրկված է մշակութային և կրթության ռազմավարության մեջ․

«Մշակութային ռազմավարության մեջ արդեն իսկ գործում է մի քանի մոտեցումներ, որպեսզի շատ արագ առաջ գնանք, էստեղ կարծրատիպեր կոտրելու խնդիր ունենք, հասարակության մտածողության խնդիր կա, իսկ մեր ծրագրերը տանում են նրան, որ ոչ մեկ չվախենա, ոչ մեկ չթաքնվի»:

 Փառատոնի կազմակերպիչը վստահեցնում է, որ 4 տարվա ընթացքում բազմաթիվ կարծրատիպեր են կոտրել, փոխել հասարակության վերաբերմունքն ու կարծիքը ներառական կարիքներ ունեցողների մասին․

«Առաջին փառատոնին ունեինք ծնողներ, ովքեր չէին ուզում՝ երեխան մասնակցեր, լուսաբանվեր փառատոնը, այս տարի մենք ունենք մոտ 200 հայտ և ծնողներն են խնդրում, որ երեխան մասնակցի, սա մեծ հնարավորություն է, որ երեխան կարողանա զարգացնել իր հնարավորությունները և ի ցույց դնել»:

 Փառատոնը կմեկնարկի դեկտեմբերի 1-ին, ժամը 17-ին Տիկնիկային թատրոնում՝ ցուցահանդեսով։ Կներկայացվեն թերապիաների ընթացքում երեխաների պատրաստած ձեռքի աշխատանքները։ Երկրորդ օրը կլինեն սեմինարներ և վարպետաց դասեր։ Փառատոնը կամփոփվի դեկտեմբերի 3-ին Օպերայի և բալետի Ազգային ակադեմիական թատրոնում՝ համերգային ծրագրով։

Back to top button