ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Գիտության և գործարարության օրեր-2023»․ մեկնարկում է տարվա ամենագիտառատ բիզնես համաժողովը

Դեկտեմբերի 1-2-ը Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի «Գիտության և գործարարության օրեր-2023» համաժողովը։ Այս տարվա համաժողովի գլխավոր բանախոսը գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբն է։ Համաժողովին ընդառաջ, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու Նասիմ Թալեբը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

Ականավոր գիտնականներն ու գործարարները մեկ հարթակում՝ «Գիտության և գործարարության օրեր-2023» միջոցառման շրջանակում կհամախմբվեն՝ խթանելու բիզնեսի և գիտության փոխգործակցության զարգացումը, գիտության առևտրայնացման հնարավորությունների բացահայտումը՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության հետագա առաջընթացի: ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնած այս համաժողովն առաջին անգամ անցկացվեց 2022 թվականին: Առաջին համաժողովի պատվավոր հյուրերի շարքում էին ականավոր գիտնականներ՝ նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը, «Starmus» փառատոնի հիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, պատմաբան և սոցիոլոգ Գեորգի Դերլուգյանը և բազմաթիվ այլ հայտնիներ: Միջոցառման նպատակն է՝  նորարական բիզնես գաղափարներն ու գիտական հայտնագործությունները կամրջող հարթակ դառնալ՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման:

Այս տարի «Գիտության և գործարարության օրեր -2023» համաժողովն անցկացվելու է դեկտեմբերի 1-2-ը: Միջոցառման հատուկ հյուրն է աշխարհահռչակ փիլիսոփա, գրող և տեսաբան Նասիմ Նիկոլաս Թալեբը՝ «Սև կարապ» և «Հակափխրունություն» համաշխարհային բեսթսելլերների հեղինակը: Սա Նասիմ Թալեբի առաջին այցն է Հայաստան։

«Պիտի փաստեմ, որ Լիբանանում հայ համայնքը բավականին մեծ է։ Եվ ես կարծում եմ, որ անցյալ կյանքում ինչ որ կապ եմ ունեցել հայերի հետ։ Վերջերս մի ուսումասիրություն էի կարդում, որը վերաբերում է գենետիկային, և այնտեղ խոսվում էր այն մասին, որ Լիբանանի առաջին բնակչությունը բաղկացած էր նաև հայերից։

Եվ ինձ համար կրկանի ուրախություն է, որ ես ներկա եմ լինելու գիտության և գործարարության օրերին»։

Այս համաժողովը հնարավորություն կտա մեկ հարկի տակ հավաքելու գիտնականներին, գործարարներին և պետական պաշտոնյաններին, հասկանալու՝ ինչպես մերձեցնել այս երեք համայնքները և ստանալ ավելի բարձր արտադրողական տնտեսություն՝ ասում է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը․

«ՀՀ կառավարության այսօրվա տնտեսական քաղաքականության գլխավոր առանցքը պտտվում է աշխատանքի արտադրողականության շուրջ, և մեր բոլոր գործողություններն ու ծրագրերը ուղված են նրան, որ ընկերությունները դառնան ավելի բարձր արտադրողական և արդյունավետ։ Այդ առումով, բնականաբար, մի քանի աճի հենասյուներ ունենք, որոնց արդյունքում կարելի է հասնել նշված թիրախին»։

Նասիմ Թալեբը հայտնի է նաև իր կանխատեսումներով։ Լրագրողները հարց ուղղեցին գիտնականին՝ արդյոք նա կանխատեսու՞մ է նոր համավարակներ կամ ֆինանսական ճգնաժամներ։

«Մի քանի սպառնալիքներ կամ պոտենցիալ զարգացումներ եմ տեսնում։ Առաջինը համաճարակն է։ Ես քովիդից առաջ եմ խոսել համաճարակի մասին իմ «Սև կարապ» գրքում։ Այնտեղ նշում էի, որ մարդիկ գիտեն, թե կարապները միայն սպիտակ են, բայց իրականում նաև սև կարապներ կան։ Ու տեսանք, թե ինչ զարգացումներ կարող են լինել, ու տեսանք, որ սա ռիսկի մեծ աղբյուր է, քանի որ կարող են լինել համաճարակի տարբեր տեսակներ։ Երկրորդը ֆինանսական համակարգի փլուզմանն է վերաբերում։ Ուզում եմ խոսել 2008 թվականին ԱՄՆ-ի մեծ ճգնաժամի մասին։ Սա շատ ավելի բացասական անդրադարձավ մարդկանց կյանքի վրա, քան մահացու հիվանդությունները։ Իսկ երրորդը պարտքերի ահագնացող չափերն են։ Արևմտյան երկրների դեպքում պարտքը հիմա ավելին է, քան եղել է նախկինում, նաև տոկոսներ են կուտակվում։ Եվ կարծես, թե սսա մի փոթորիկի շրջան է, որը անհնար է կանգնեցնել, ես դրա տարբերակները չեմ տեսնում»։

Տարվա ամենագիտառատ բիզնես համաժողովի մասնակցության տոմսերի վաճառքից գոյացած հասույթն ուղղվելու է Արցախից բռնի տեղահանվածների սոցիալան խնդիրների լուծման ծրագրերին:

Back to top button