ԿարևորՀասարակություն

Նրանք պատմություն են կառուցում մեր հաշվին․ նոր պաշտպանողական գիծ՝ գիտական պատերազմում

Հայաստանում կգործի տարածաշրջանային պատմությունը խեղաթյուրելու, պատմական իրադարձությունները կեղծելու փորձերը բացահայտող և դրանց գիտական փաստարկներով հակադարձող նոր՝ «Գեղարդ» գիտահետազոտական հիմնադրամը։ Այդ գործում հիմնադրամին օգնելու են ԳԱԱ նախագահությունը, բուհերը, գիտավերլուծական կենտրոնները։ Բոլորի ջանքերը միավորվելու են կեղծ գիտական հարձակումները իրական գիտական փաստերով չեզոքացնելու համար։

«Բնականաբար, ակադեմիական ինստիտուտները մինչ այդ զբաղվում էին և հիմա էլ զբաղվում են նմանատիպ հարցերով, սակայն մեկ միասնական հարթակ, որը որոշակի այլ հնարավորություն էլ կունենա, մենք չենք ունեցել։ Հիմնադրամի հիմնական խնդիրներից մեկն է՝ դառնալ այդ հարթակը, միավորել այդ ուժերը, մասնագիտական որակները, և ոչ միայն Հայաստանում։ Անհատական մակարդակով մեր մասնագետները բավականին գործ արել են, արվում են նաև որոշակի թեմատիկ խմբերի շրջանակում, բայց երբեմն կարիք է լինում միավորած ուժերով հանդես գալ»,- մանրամասնում է գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը։

Նման գործունեության կարիքը սրվել է հատկապես անցած տարի, երբ Ադրբեջանի՝ պատմությունը խեղաթյուրելու ջանքերը ինստիտուցիոնալ բնույթ են ստացել․ թշնամին լծվել է աշխարհին կեղծիք մատակարարելու գործին։

«Մեր խնդիրը լինելու է ոչ միայն տեղեկատվության տրամադրումը, ոչ միայն հոդվածների, գրքերի հրապարակումը, այլ նաև շատ կարևոր է պատվերների տրամադրումը մեր և արտերկրի մասնագետներին՝ մեզ համար կարևոր թեմաների շուրջ։ Այստեղ լինելու է նաև այլ խնդիր՝ հանրահռչակման, հանրայնացման հարցեր կարող են լինել, խորհրդատվական գործունեություն կարող է լինել, տպագրական, հրատարակչական, գիտակրթական, գիտավերլուծական լրագրության զարգացում և այլն։ Եվ արևելագիտություն է, և մշակույթ է, և տարածաշրջանագիտությունն է, և այլն, և այլն։ Ճիշտ կլիներ նման կառույց ունենայինք դեռ 90-ականներից, բայց չենք ունեցել, փառք Աստծո գոնե հիմա այս կառույցի հիմքը դրեցինք»։

Ադրբեջանը կեղծիքի առաջին սերմերն սկսեց տարածել դեռ 90-ականներից՝ իր համար ծագումնաբանության 3 տարբերակ հորինելով և, ըստ ժամանակի ու  իրադարձությունների հարմարության՝ նույնականացնել իրեն դրանցից որևէ մեկի հետ՝ ասում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ Այնուհետև պատմական խեղաթյուրումը դարձավ մտածողություն, ստացավ ագրեսիվ բնույթ․

«Իրենք ամբողջապես կեղծում են տարածաշրջանի պատմությունը ոչ միայն իրենց մասով, այլ հայերի մասով, որովհետև իրենք իրենց պատմությունը կառուցում են մեր հաշվին, ու էդ ամբողջը պետական աջակցություն են ստանում, անհատ պատմաբանների ցանկությամբ չի։ 2022 թվականի դեկտեմբերից Ալիևը կարդագրել է՝ հայեցակարգային դարձնել «Արևմտյան Ադրբեջան»-ի կոնցեպտը։ Այս տարվա փետրվարին Ալիևը երկու նամակ է հղել ՄԱԿ-ին, այսինքն՝ դա դրել է միջազգային շրջանառության մեջ ու ակտիվ աշխատում է այդ ուղղությմաբ»։

Հայաստանը, երկրում ստեղծված կառույցները կարո՞ղ են հակազդել այս քայլերին․արևելագետը, դատելով անհատների աշխատանքի որակից, կարծում է, որ դա հնարավոր է՝ միավորված և թիրախային գործելու դեպքում․

«Մենք ունենք շատ լավ մասնագետներ կովկասագիտության և տարածաշրջանի հետ կախված, որոնք նաև բավականին մեծ վաստակ ունեն, ուղղակի խնդիրն այն է, որ այդ գործը շարունակականություն չի ստացել ու այժմ, քանի որ ինքնին գիտությունը արժեզրկված է, շատ քչերն են գնում գիտության ճանապարհով, դրա համար էդ ճյուղը չի զարգացել։ Բայց հավատացեք՝ Ադրբեջանն այնքան խոցելի է իր թեզերով։ Այնտեղ որևէ փաստ չկա, աբսուրդի ժանրից է։ Ուղղակի մեզ մոտ երևի միշտ մտածել են՝ դե, աբսուրդ բաներ են խոսում, կանցնի-կգնա։ Չեն պատկերացրել ադրբեջանական կողմի համառությունը այդ հարցում, որ իրենք այնքան են համառելու, որ իրենք իրենց սեփական կեղծիքին մի պահ հավատալու են, և դուք այլևս չեք կարողանալու դրա դեմ պայքարել»։

Դրա դեմ պայքարել, այնուամենայնիվ, հնարավոր է՝ կարծում է «Գեղարդ» հիմնադրամի տնօրենը։ Ինչպե՞ս, ի՞նչ գործիքներով են դա անելու՝ դեռևս չեն մանրամասնում․ասում է՝ ադրբեջանական ականջը Երևանի ուղղությամբ շատ սուր է․

«Առաջիկայում համենայն դեպս մենք նախանշել ենք կազմակերպել գիտաժողով, հստակ ժամկետներ և այլն։ Բնականաբար՝ էդ ամենի մասին տեղյակ կպահենք՝ գիտաժողով տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ։ Առաջիկայում նախատեսել ենք որոշակի տեղեկատվական նյութերի նախապատրաստում, եկեք փակագծերը չբացեմ»։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը ստեղծվել է ԳԱԱ կանոնադրության համաձայն։ Հիմնադրամի բյուջեն կարող է ձևավորվել և պետական բյուջեից և այլ աղբյուրներից։ 2023-24 թվականների ֆինանսավորումն արդեն ներառված է ԳԱԱ ընդհանուր նախահաշվում։         

Back to top button