ԿարևորՔաղաքական

Ադրբեջանի պատկերացրած «Զանգեզուրի միջանցք»-ը չի կարող լինել․ փորձագետներն անվտանգային խնդիրներ են քննարկել  

Իրանը փաստորեն դարձել է Հարավային Կովկասում բալանսավորողը և այն զսպող ուժը, որը կարողանում է ինչ-որ կերպ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները սանձահարել։ Այսպիսի եզրահանգում են արել իրանագետները՝ «Հարավային Կովկաս. կայունության և անվտանգության արդի մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակներում։ Լրագրողների հետ զրույցում նրանք նկատում են նաև, որ Իրանի ազդեցությամբ պայմանավորված են ադրբեջանա-թուրքական շեշտադրումները փոփոխվել՝  այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված։ Հետևաբար, Իրանի հետ համագործակցությունը չափազանց կարևոր է անվտանգային խնդիրների լուծման տեսանկյունից։      

Տարածաշրջանում ներկայումս ուժային բալանսը խախտված է հօգուտ Ադրբեջանի և Թուրքիայի և քանի դեռ այդ ուժային բալանսը վերականգնված չէ, կայուն և արդար խաղաղություն Հարավային Կովկասում հնարավոր չէ պատկերացնել՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց իրանցի վերլուծաբան, Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի հիմնադիր Պույա Հոսեյնին։ Հայաստանին անվտանգային հարցով որոշ երկրներ փորձում են աջակցել ու նրանցից մեկն Իրանն է, ասում է իրանցի քաղաքագետը։   

«Միանշանակ է, որ Իրանի և Հայաստանի շահերը համընկնում են, և անվտանգության խնդիրներն են համընկնում, ուստի՝ պետք է միմյանց հետ համագործակցելով կարողանանք այդ խնդիրները լուծել՝ տարածաշրջանում երկար խաղաղություն պահպանելու համար»։

Ըստ իրանագետների՝ այսօր գործնականում տեսնում ենք, որ Իրանը կարողանում է կանխել Ադրբեջանի է՛լ ավելի լայնածավալ գործողությունները։ Իրանագետ Գոհար Իսկանդարյանը նկատում է, որ այդ մասին խոսել է նաև Հայաստանի փոխարտգործնախարարը՝ նշելով, որ 2022 թ.-ին Ադրբեջանն ավելի մեծ ու լանածավալ գործողություններ էր նախատեսել, բայց Իրանի հայտարարությունների ու նախաձեռնած զորավարժությունների շնորհիվ է հնարավոր եղել այն կանխարգելել։

«Այսինքն, մենք տեսնում ենք, որ, իհարկե, ԵՄ-ից, ԱՄՆ-ից լինում են հայտարարություններ, սակայն, ինչպես ասում են, հողի վրա Իրանի Իսլամական Հանրապետությունն է, որ կարողանում է զսպող մեխանիզմներ կիրառել և ինչ-որ կերպ զսպել Ադրբեջանի ծավալապաշտոկան գործողությունները»։ 

Իրանի կողմից մի քանի անգամ է ամենաբարձր մակարդակով հայտարարվել, որ Հայաստան-Իրան սահմանը «կարմիր գիծ է» Իրանի համար, և որ այդ պատմական սահմանը փոփոխման ենթակա չէ։ Այն, որ այդ մասին Իրանի հոգևոր առաջնորդը բաց տեքստով հայտարարել է թե՛ Թուրքիայի նախագահ Էրդողանի, թե՛ ՌԴ նախագահ Պուտինի ներկայությամբ, արդեն խոսում է այս տարածաշրջանում Իրանի հավասարակշռող-կայունացնող դերի մասին։

«Սրանով է պայմանավորված նաև, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին յուրաքանչյուր հարց բախվում է ԻԻՀ-ի շատ կոշտ դիմադրությանը. նրանք նշում են, որ «Զանգեզուրի միջանցք» այնպիսին, ինչպիսին Ադրբեջանն է պատկերացնում չի լինելու»։  

Այս տարվա ընթացքում էլ հենց Էրդողանը հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցք»-ին ամենաշատ դիմադրողը Իրանն է և, որ իրենք այդ առումով պետք է աշխատանքներ իրականացնեն։ Իրանցի վերլուծաբան Պույա Հոսեյնին վստահեցնում է, որ Իրանը մինչև վերջ իր «կարմիր գիծը» պահելու է, ինչը չափազանց կարևոր է Իրանի համար և բխում է Հայաստանի շահերից։ Ըստ նրա՝ Իրանի համար ընկալելի են նաև Հայաստանի քայլերը՝ ուղղված անվտանգության ապահովմանը։ Այս տեսանկյունից նա անդրադարձավ տարածաշրջանում ԵՄ ակտիվացմանը, մասնավորապես՝ Հայաստանի սահմաններին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ընդլայնմանը վերաբերող հարցին։

«Եթե անվտանգությունը պահպանի, որ կողմից էլ լինի՝ Իրանը խնդիր չունի։ Իրանի համար առաջին հարցը տարածաշրջանում անվտանգությունն է, բայց Իրանը փորձում է առաջին հերթին իր ուժով վերականգնի այդ հարցը»։   

Քաղաքագետ Մենուա Սողոմոնյանը, մինչդեռ, կարծում է, որ Հայաստանի կողմից Արևմուտքից ռազմական անվտանգային բաղադրիչ բերելու փորձը բացասական կանդրադառնա տարածաշրջանի վրա, և չի նպաստի անվտանգային խնդիրների լուծմանը։

«Ոչ մի կերպ չի նպաստի, որովհետև ոչ մի հողի վրա հանձնառություններ չկան՝ նյութական ոչ մի հանձնառություններ չկան արևմտյան կառույցների կողմից՝ Հայաստանի անվտանգային մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից»։   

Իրանահայ վերլուծաբան Կարեն Խանլարյանի կարծիքով՝ ԵՄ դիտորդական առաքելության այսօրվա թվաքանակով ներկայությունը Հայաստանում Իրանի համար ընկալելի է և Իրանն այդ հարցին ըմբռնումով է մոտենում, քանի որ այն տարածաշրջանում ռազմական կամ ռազմավարական նշանակություն չունի։ Ինչ վերաբերում է Իրանի կողմից բազմիցս արտահայտած դիրքորոշմանը «օտար ուժերի» կամ «արտատարածաշրջանային ուժերի» ներկայության հետ կապված, ապա, ըստ իրանահայ վերլուծաբանի, այն ավելի մեծ թիրախներ ունի, քան Հայաստանն է.

«Ավելի մեծ թիրախներ ունի՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը նկատի ունեմ ես, Իսրայելի ներկայության հարցն է։ Այս բոլորն են, որի հասցեատերը, բնականաբար, անմիջապես Հայաստանը չէ։ Դրա բուն հասցեատերը, հատկապես Իսրայելի ներկայության պահով, Ադրբեջանն է, իսկ ՆԱՏՕ-ի պահով Թուրքիան է»։   

Այսինքն, իրանահայ վերլուծաբանի համոզմամբ, «արտատարածքային ուժերի բացառման» իրանական դիրքորոշման հասցեատերերը ո՛չ Հայաստանն է, ո՛չ էլ Հայաստանում են։ Դրանք, նրա խոսքով, այլ կարգի հասցեատերեր ևս ունեն՝ ավելի կարևոր, քան Հայաստանում այդ դիտորդական առաքելությունն է։  

Փորձագետները քննարկումներ անցկացնելու համար «3+3»-ը հարմար ձևաչափ են համարում՝ գործիքներից  մեկն այն դեպքում, երբ Մինսկի խումբը, հասկանալի պատճառներով, այս պահին չի կարող մեկ սեղանի շուրջ հավաքվել։ Միաժամանակ փորձագետները համոզված են, որ «3+3»-ը չի կարող և չպետք է կոնֆլիկտներ լուծելու կամ խաղաղության պայմանագիր քննարկելու հարթակ դառնալ։   

Back to top button