ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

«Իմ երևակայության Խաչատրյանը»․կոմպոզիտորի տուն-թանգարանում թեմատիկ ցուցադրություն է բացվել

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում բացվել է «Իմ երևակայության Խաչատրյանը» խորագրով ցուցահանդես-մրցույթ՝ նվիրված կոմպոզիտորի ծննդյան 120-ամյակին։ ՀՀ մարզերի, Երևանի և Արցախից տեղահանված շուրջ 40 արհեստագործ վարպետներ ներկայացրել են ձեռագործ աշխատանքներ, որոնք կրում են Խաչատրյանի ստեղծագործական ժառանգության ազդեցությունը: Վարպետների պատրաստած արտադրանքը՝ դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, գեղանկար, գրաֆիկա, քանդակ, հուշամեդալներ, մանրադրամներ, զարդեղեն, հուշանվերային բնույթի իրեր, կցուցադրվեն Խաչատրյանի տուն-թանգարանի ցուցասրահում: Երեք անվանակարգում հաղթող ճանաչված մասնակիցները կստանան դրամական պարգևներ:

Արամ Խաչատրյանի  երաժշտությունը լսվում էր դեռ տուն-թանգարանի մուտքից։ Ներսում ասեղնագործության, արծաթագործության ժողովրդական վարպետներն էին։ Նրանց հուշանվերների ու ասեղնագործության թեման Արամ Խաչատրյանն է։ Կրծքազարդեր «Գայանե» բալետից, թևնոցներ «Սպարտակ»–ից․․․ինքնատիպ հուշանվերներ՝ պատրաստված խաչատրյանական մոտիվներով։ Ցուցահանդեսի մտահղացումը «Տերյան-մշակութային» կենտրոնին է, ասում է կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը․

«Տարին հոբելյական է, ու որոշեցինք մեր վարպետների աշխատանքները պետք է ներկայացնենք, բայց հետաքրքիր ձևով։ Ինձ համար սա գաղափարի ցուցահանդես է, և ես ավելի շատ հավանում եմ այն մարդկանց գործերը, որոնք պատրաստել են ստանդարտից դուրս հուշանվերներ»։

Ծովակ Գանթարջյան-Օհանյանն ասեղնագործության վարպետ է, ասում է՝ հետաքրքիր էր թեմատիկ ասեղնագործությունը։ Նա երկար է մտածել, թե ի՞նչ կարող է ասեղնագործել ու որոշել է Արամ Խաչատրյանին բնորոշ մի բան ստեղծել։

«Որոշեցի, որ այն պետք է լինի ասեղնագործ կտոր, որը նախատեսված է դաշնամուրի ստեղների համար»։

Նկարիչ Դավիթ Ավագիմյանը Շուշիից Հայաստան է տեղափոխվել 2020 թ–ին՝ 44-օրյա պատերազմից հետո։ Նա ներկայացրել է Արամ Խաչատրյանի քանդակը։

«Իր որոշ ստեղծագործություններին ծանոթ լինելով, թե՛ օպերայի, և թե՛ բալետի որոշեցի այս հուշանվերը պատրաստել։ «Սպարտակ» բալետից ոգեշնչված պատրաստեցի այս հետաքրքիր քանդակը՝ Ճկվող ջութակ, դիմապատկեր ու նոտայագրության գրիչ»

 Տուն թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը նշում է՝ գաղափարն իրոք շատ հետաքրքիր էր․

«Արամ Խաչատրյանն իր էությամբ ու ժառանգությամբ, իր գործունեությամբ ու ստեղծագործություններով, ոգեշնչում է նաև այլ ստեղծագործող մարդկանց ,այս դեպքում տեսնում ենք հետաքրքիր ձեռքի աշխատանքներ, որ ծնվել են մեր մաեստրոյի երաժշտությունից ոգեշնչված»։

Այս հուշանվերները ստեղծագործ վարպետները նվիրաբերելու են տուն –թանգարանին , իսկ արդեն հետագայում դրանք կվաճառվեն թանգարում։ Բայց ոչ բոլորը ։

«Մեկ ամիս շարունակ մարդիկ գալու են տեսնեն ու թանգարում դրված տետրում գրառումներ կատարեն, թե ում գործերն էին առավել հետաքրքիր։ Կարդալով նրանց գրածները, կորոշվեն առաջին երեք տեղերը։ Այս մրցույթը վարպետներին շատ է մոտիվացնում»։

Այցելուները շրջելով թանգարում, Խաչատրյանական հուշանավերներին ծանոթանում էին համտեսելով արցախցիների պատրաստած փախլավան ու չրեղենը։

Ցուցահանդեսը կտևի մինչև դեկտեմբերի 27-ը։ Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի գործընկերությամբ:

Back to top button