ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Երևանի մետրոն երեք նոր գնացք կունենա, շուտով կհայտարարվի նաև «Սուրմալու» կայարանի նախագծի մրցույթը

Երևանի քաղաքապետարանը շուտով Մետրոպոլիտենի նոր կայարանի շինարարության համար մրցույթ կհայտարարի։ «Աջափնյակ» կայարանի նախագիծն արդեն պատրաստ է։ Առաջիկայում նաև Սուրմալու առևտրի կենտրոնի մոտ կայարան ունենալու համար նախագծի մրցույթ կհայտարարվի։ Ընդլայնվելու հետ մեկտեղ տարեցտարի Երևանի ստորգետնյա տրանսպորտն ավելի ծանրաբեռնված է աշխատում․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ուղևորների թիվը շուրջ 160 հազարով ավելացել է։ Մետրոպոլիտենից խոստանում են՝ վերջերս ձեռք բերված նոր պահեստամասերի հաշվին առաջիկա ամիսներին գիծ դուրս բերել ևս 3 շարժակազմ՝ 3-ական վագոնով։

Երևանն արդեն ունի Մետրոյի նոր՝ «Աջափնյակ» կայարանի նախագիծը։ Այժմ նախագիծը համալիր փորձաքննություն է անցնում, դրա ավարտից հետո քաղաքապետարանն արդեն շինարարության մրցույթ կհայտարարի։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ժամկետներ է նախանշում։

«Պետք է խնդրեմ, որ փորձաքննության աշխատանքներն ամփոփելուց հետո միանգամից մրցույթի ներկայացնեք առանց ֆինանսական միջոցների։ Այդ հարցը հընթացս կլուծենք, բայց արդեն պատրաստ լինենք, որ հաջորդ տարվանից մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսենք»,– ասում է Ավինյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան

Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների համար պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ 100 մլն դրամ։ Կայարանը տեղակայված է լինելու «Թումո» կենտրոնի հարևանությամբ` Հալաբյան– Աբելյան փողոցների խաչմերուկում։ Շինարարությունն իրականացվելու է բաց տարածքում, փորվածքն արվելու է վերևից, ինչը նկատելի նվազեցնելու է շինարարության ոչ միայն բարդությունը, այլև ֆինանսական արժեքը։ Արդեն իսկ նախագծված կայարանի շինարարական մրցույթին զուգահեռ քաղաքային իշխանությունն առաջիկայում նաև «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում մետրոյի կայարանի նախագծի մրցույթ կհայտարարի։ Մետրոպոլիտենի կյանքում, սակայն, սա միակ նորությունը չէ։ Գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանն արձանագրում է՝ Երևանի ստորգետնյա տրանսպորտն արդեն իսկ միացել է միասնական տոմսային համակարգին։

«Մետրոպոլիտենի 10 կայարաններում արդեն տեղադրվել են վճարային 20 տերմինալ և վարիդատորներ։ Մեր քաղաքացիներն ու ուղևորները արդեն իսկ կարող են օգտվել անհպում վճարումներից»։

Այսօր Երևանի մետրոպոլիտենը օրական 85-90 հազար ուղևոր է տեղափոխում։ Ամսական կտրվածքով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ստորգետնյա տրանսպորտի ուղևորները ավելի քան 160 հազարով ավելացել են։ Քաղաքացիների դժգոհություններին ու բողոքներին՝ թե մետրոն գերծանրաբեռնված է ու հաճախ ստիպված են լինում մի քանի գնացք բաց թողնել, մետրոպոլիտենում լավ լուրով են արձագանքում։

«Մենք նախատեսել ենք գնացքների ավելացում․ առաջիկա 10 օրերի ընթացքում կավելացնենք մեկ շարժակազմ՝ 3 վագոնով, հետո մեկ ամսվա ընթացքում ևս մեկ շարժակազմ՝ 3 վագոններով և այդպես երեք ամիս շարունակ․ այսինքն՝ կունենանք 3 նոր շարժակազմ՝ 3-ական վագոններով»,– մանրամասնում է Սեդրակյանը։

Նոր շարժակազմերի հետ հնարավոր է նաև երթևեկի միջակայքերը վերանայվեն՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում շեշտում է Մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը․ սա ևս թույլ կտա նվազեցնել ծանրաբեռնվածությունը։

«Առավոտյան ունենք ժամեր, երբ մինչև անգամ 4։00-4։30 րոպե միջակայքերով ենք աշխատում, հետո օրվա ավելի պասիվ ժամերի միջակայքերը հասցնում ենք 7։00 րոպեի։ Երբ արդեն ավելացնենք շարժակազմերը, բնական է կքչանա նաև միջակայքը։»

Օրեր առաջ կառավարությունը շուրջ  620 միլիոն դրամ հատկացրեց Երևանի Մետրոպոլիտենին՝ անհրաժեշտ պահեստամասեր ձեռք բերելու համար։ Բաբկեն Սեդրակյանն ասում է՝ Մետրոպոլիտենի կարիքներն անսպառ են․ ռազմավարական նշանակություն ունեցող օբեկտը 24 ժամ աշխատում է ուղևորների անվտանգ երթևեկն ապահովելու համար, սակայն տարիների մաշվածությունն իրենն ասում է։

«Այս գումարից 396 միլիոնը ուղղվել է 32 հատ նոր անվազույգերի ձեռք բերման, 220 միլիոն էլ 4 կմ 300 մետր նոր ռելսեր ձեռք բերելու համար։ Մինչև տարեվերջ նաև կունենանք 3 նոր շարժասանդուղթը և կփոխենք «Գործարանային» կայարանի սարժասանդուղքները»,– ասում է Բաբկեն Սեդրակյանը։

Մետրոպոլիտենը վերագործարկում ու գիծ է դուրս բերում արդեն ունեցած շարժակազմերը․ տնօրենի պաշտոնակատարը բացատրում է՝ 1980-ականներից ի վեր Երևանի մետրոպոլիտենը նոր գնացքներ ձեռք չի բերել, բայց նոր կայարան ունենալու հեռանկարի հետ քննարկում են նաև ժամանակակից շարժակազմեր ունենալու հարցը։

«Նոր վագոններ Հայաստանում չի եղել, միայն ընթացիկ վերանորոգումներ ենք իրականացրել, առանձին մասեր՝ անվազույգերը, նստարանները, լուսավորումն են փոփոխության ենթարկվել։ Ես պարոն Ավինյանին առաջարկել էի, որ պետք է ձեռք բերել 45 հատ նոր վագոն, այսինքն 15 շարժակազմ՝ 3-ական վագանով։ Եկող տարի կփորձենք մրցույթ հայտարարել նոր շարժակազմերը ձեռք բերելու համար»,– եզրափակում է տնօրենի պաշտոնակատարը։

Մետրոպոլիտենում անհամբեր սպասում են նոր կայարանների՝ ասում է տնօրենի պաշտոնակատարը։ Չնայած խնդիրներին ու ֆինանսական միջոցների սղությանը, վստահեցնում են՝ ամեն ինչ անելու են, որ Երևանը ժամանակի պահանջներին համապատասխան մետրոպոլիտեն ունենա։

Կարդացեք նաև

Back to top button