ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Գումարները հատկացվում են, ծրագրերը թերի են կատարվում․ գլխավոր ֆինանսական փաստաթղթի ինն ամսվա հաշվետվությունը

ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովում ներկայացվել ու քննարկվել է 2023թ ինն ասմվա բյուջեի կատարողականը։ Տնտեսական ցուցանիշներին ու գրանցված արդյունքներին զուգահեռ հանձնաժողովականներն ավելի շատ հետաքրքրվել են իրականացվող կապիտալ ծախսերի թերակատարումներով։ Գործադիրի անդամները փաստարկներ են ներկայացրել՝ փորձելով հիմնավորել՝ ինչու են ծրագրերը հունվար սեպտեմբերին թերի կատարվել։

Ինչո՞ւ են թերակատարվում կապիտալ ծախսերը, ինչո՞ւ են գումարներ հատկացվում, ծրագրեր սկսվում, բայց դրանք գրեթե արդյունք չեն տալիս․ ամեն դեպքում կատարողականները ցածր են․ խորհրդանականները գործադիրի անդամներին այս հարցերն էին ուղղում՝ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովում։ Մատնանշում էին՝ պարտքն ավելանում է, բայց ծրագրերը կամ չեն կատարվում, կամ թերի են կատարվում։ Դրանք ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն է թվարկում․

«Կոշտ թափոնների կառավարում, կատարողանանը՝ 12 տոկոս, ներդրումների արտահանման խթանման ծրագիր՝ կատարողականը՝ 11․9 տոկոս, «Ապահով դպրոց»՝ 19․9 տոկոս կատարողականով, պետգույքի կառավարման ծրագիր՝ 22 տոկոս։ Ի՞նչ եք անում նման դեպքերում, երբ ունենք ներդրած ու սառեցրած միլիարդավոր դրամներ ու խայտառակ ցածր կատարողական»։

Ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանն ընդգծում է՝ կապիտալ ծախսերի դեպքում հիմնական աշխատանքները կատարվում են, կատարողական ակտերը կամ չեն հասցրել ներկայացնել, կամ վճարումները չեն կատարվել։ Դրանց մեծ մասի վճարումենրը հոկտեմբերին են կատարվել։ Մինչդեռ այժմ քննարկում են հունվար սեպտեմբերի ցուցանիշները։

«Բայց, որ կատարողականը ցածր է, դա այդպես է, մտահոգիչ է փաստը։ Մենք եռամյսակը մեկ կառավարությունում մանրամասն քննարկում ենք, փորձում ենք հասկանալ, որն է պատճառը, փորձում ենք հասկանալ պատճառներն ու դրանք կարգավորելու ուղությամբ միջոցներ ձեռնարկել»։

Ծախսերի թերակատարման մասով ծրագերի մի մասը կատարում է ՏԿԵ նախարարությունը։ Փոխնախարար Քրիստինե Ղաչեչյանն ընդգծում է՝ որպես կանոն շինարարները տարեվերջին են վերջնական կատարողականները ներկայացնում։ Սա տարեկան ժամանակացույց ունեցող ծրագրերին է վերաբերում․

«Ագարակ Քաջարան ծրագիրը օրինակ բերեմ, որտեղ մենք նոր ենք պայմանագիրը կնքել, պլանավորել ենք կանխավճար վճարել։ Այս տարվա համար ունենք կանխավճարի գումարը։ Պետք է վճարենք մինչև պայմանագրով նախատեսված ժամկետում»։

Կատարման մի քանի տարվա ժամկետ ունեցող ծրագրերը էականորեն տարբերվում են այն ծրագրերից, որոնք այս տարի պետք է ավարտվեին՝ արձանագրում է փոխնախարարը։ Նրան «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանն է հակադարձում․

«Բաժանեք ծրագրերը երեք, չորս տարվա վրա։ Նաև բացատրեք՝ ինչո՞ւ է  արտաքին միջոցներով իրականացվող ծրագրերի կատարողականն ավելի ցածր, քան  ներքին ռեսուրսներով իրականացվող ծրագրերինը»։

Փոխնախարարը նշում է՝ 1․3 մլրդ դրամի չափով թերակատաարում ունեցող ծրագրերից էր Մ6 ճանապարհի կառուցումը, որը կավարտվի տարեվերջին։ Վերջնահաշվարկն է ձգձգվում՝ հստակեցվում է։ Իսկ արտաքին միջոցներով իրականացվող ծրագրերը ավելի ցածր կատարողական ունեն, քանի որ նրանց մեծ մասն ունի հողերի իրացման գործընթաց, սա էլ իր հերթին է բնապահպանական բարձր ռիսկեր պարունակում՝ բացատրում է Ղալեչյանը։ Ու չնայած ծախսերի թերակատարմանը, տնտեսական ընդհանուր զարգացումները հուսադրող են՝ մոտ 14 տոկոսով ավելացել են  պետական բյուջեի եկամուտները, մոտ 17․5 տոկոսով էլ՝ ծախսերը։ Բյուջեի կատարողականը կազմել է 84,6 տոկոս։

Պետբյուջեն 2023թ. 9 ամիսների արդյունքներով ըստ էության դեֆիցիտային չէ՝ արձանագրում են ֆիննախում։ Տնտեսական աճին նպաստել են արտահանման ծավալների աճը։ Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանման աճին 2023 թվականի 9 ամիսներին զգալի նպաստել է վերաարտահանումը: Ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը տեղեկացնում է՝  ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում շարունակվում է Ռուսաստանից մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքը Հայաստան: 2023թ․ 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի Ռուսաստան ապրանքների արտահանման շուրջ 85 տոկոս դոլարային աճին զգալի նպաստել է վերաարտահանումը։ Հայաստանի պետական պարտքը 2023 թվականի 9 ամիսների արդյունքում կազմել է 4 տրլն 454 մլրդ դրամ՝ ավելանալով մոտ 6,5 տոկոսով։

Back to top button