ԿարևորՄշակույթ

Խաչատրյանի Ջութակի կոնցերտը հնչել է ամերիկացի ջութակահարի մեկնաբանմամբ

Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնի շրջանակում ջութակահար Ստելլա Չենը ելույթ ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ կատարելով Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։

Մենուհինի անվան մրցույթի ամենաերիտասարդ դափնեկիր, ամերիկացի ջութակահարուհի Ստելլա Չենը մուտք է գործել միջազգային երաժշտական ասպարեզ 2019թ․ Եղիսաբեթ թագուհու անվան ջութակահարների մրցույթի առաջին մրցանակը նվաճելուց հետո։ Որպես մենակատար ջութակահարուհին ելույթներով հանդես է եկել Գերմանիայի պետական ֆիլհարմոնիկ, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ, Ճապոնական նոր ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբերի հետ։ Նա նվագում է 1700թ․ Ստրադիվարիուսի պատրաստած և նախկինում Պետրիին պատկանած ջութակը։

Ստելլա Չենը նկատում է‚ որ դեռ մանկուց լսել ու սիրել է Խաչատրյանի Ջութակի կոնցերտը և այսօր հպարտ ու ուրախ է այն առաջին անգամ կատարել Երևանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։

Համերգի ընթացքում հնչել է նաև Խաչատրյանի Թիվ 2 սիմֆոնիան։ Արամ Խաչատրյանն իր Թիվ 2 սիմֆոնիայի համար արժանացել է Ստալինյան մրցանակի։ Երաժշտաքննադատ Գ. Խուբովն այս ստեղծագործությունն անվանել է «Զանգով սիմֆոնիա», իսկ հեղինակն այն բնորոշել է որպես «…զայրույթի ռեքվիեմ, պատերազմի և բողոքի ռեքվիեմ…»։ «Իմ նոր՝ Երկրորդ սիմֆոնիան, գրական ծրագիր չունի, ստեղծելով այն՝ ես աշխատել եմ ընդհանրացված երաժշտական կերպարների միջոցով մարմնավորել այն մտքերն ու զգացումներն, որոնցով այսօր ապրում է մեր ժողովուրդը»,- ասել է կոմպոզիտորը։

Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը‚ որ նվիրված է  Արամ Խաչատրյանի 120-ամյակին‚ կազմակերպվել է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ ջանքերով։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը։ Երևանի քաղաքապետարանը փառատոնի գլխավոր հովանավորն է։ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2021 թվականի նոյեմբերից Եվրոպական փառատոների ասոցիացիայի (The European Festivals Association, EFA) անդամ է։

Խաչատրյանական փառատոնի շրջանակում առաջիկայում տեղի կունենա ևս 3 սիմֆոնիկ համերգ. կներկայացվեն ֆիլմերի համար գրված Խաչատրյանի մեղեդիները‚ «Սիմֆոնիկ ջազ «Խաչատրյան» համերգային ծրագիրը‚ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը‚ ինչպես նաև այլ ստեղծագործություններ։

Back to top button