
Համերգի ու նոր ալբոմի՝ «Հավկունքի» առաջին փորձերը նվագախումբը սկսել է դեռ 2020-ի փետրվարին։ Պատերազմ, քովիդի համավարակ ու այլ փորձություններ անցնելուց հետո հայկական ֆոլկլորային երաժշտության սիրահարները վերջապես հնարավորություն ունեն լսելու «Կայթի» նոր մշակումները։ Խումբը ներկայացրել է 9 նոր շարք, որտեղ հնչում է 20 երգ․ դրանք առանձնացնելու համար խումբը ամիսներ շարունակ հազարավոր նմուշների հետ է աշխատել․
«Առաջին փուլում ընտրում ենք երգերի խումբ։ Այսինքն ընտրում ենք, ենթադրենք, 30 նմուշ երգեր, վիզուալ առաջին կատարմամբ նոտաներից դուրս ենք բերում 30-40 նմուշ, որոնք ականջին հաճելի էին այդ պահին։ Այնուհետև այդ 30-40- ը սկսում ենք թիմի ներսում շրջանառել, փորձել մի գործիքով, մեկ այլ գործիքով, երգով, երգձայնով, և սրանց միջից այն երգերը կամ մեղեդիները, որ դառնում են մեզ համար սիրելի, էս պրոցեսը տևում է մի քանի ամիս։ Սկզբից երգը խորթ է, անծանոթ է, հետո, երբ սկսում ես մտքում երգել անկախ քո կամքից, ուրեմն արդեն երգը յուրացրել ես»։
«Կայթ» նվագախմբի ղեկավար և մենակատար Կորյուն Դավթյանը 2014-ին ստեղծել է «Կայթ» մշակութային հանգույցը, 2017-ին՝ համանուն նվագախումբը։ Սա խմբի երրորդ ալբոմն է։ Կորյուն Դավթյանն ասում է՝ արդեն հասցրել են հայկական ֆոլկլորային երաժշտության մեջ նոր փոփոխություններ անել ու ձևավորել սեփական լսարանը․
«Մեծ բարիեր կա հայկական ֆոլկ երաժշտությունը ներկայացնելու և մեծ լսարան ապահովելու հարցում, քանի որ մեծ լսարան կարողանում են ապահովել այն մշակումները, որոնք տանում են, օրինակ, էթնո ռոք ժանրի, ինդիֆոլկ ժանրի կամ փոփ-ֆոլկ ժանրի, և էդտեղ կարծես մեծ գործը փոփը անում է և միայն հայկական էլեմենտ է ավելանում, մենք փորձում ենք մնալ այս ժանրում, որպեսզի առավելապես սիրելի դարձնենք հենց երգը։ Ժանրի փոփոխության չենք գնում, որպեսզի լսարանը մեծացնենք, հակառակը՝ փորձում ենք մեր ժանրը սիրելի դարձնել լայն լսարանի համար։ Եվ եթե տեսնենք 2017-ից մինչև հիմա, առաջընթաց կա։ Եվ իրոք, ֆոլկյորով հետաքրքրվող մարդկանց խմբերը մեծանում են»,- ասում է Կորյուն Դավթյանը։

«Կայթի» քանոնահար Էլեն Հայրապետյանի խոսքով՝ խումբը կարողացել է արևելյան երաժշտական գործիքը՝ քանոնը մոտեցնել հայկականին․
«Ինքը արևելյան գործիք է , տիպիկ հայկական չէ, և էս խմբում ինչն է ինձ հաճելի , ինչն է դուր գալիս, որ կարողանում ենք գործիքից մաքուր հայականը ստանալ, այդ հնչողությունը իրոք լինում է ու էդ հարցում Գրիգոր Քարտաշյանին շատ շնորհակալ եմ»։
Խմբի անդամներն ասում են՝ մեր բանահավաքները հավաքագրել, գրառել ու պահպանել են հայկական բանահյուսության 50-60 հազար նմուշ, մինչդեռ դրանցից կատարվել ու հայտնի են դաձել 100-ը կամ 200-ը։ Խմբի առաքելությունը չհնչած կամ քիչ կատարված ստեղծագործություններին նոր՝ ժամակակից գործիքավորում տալն է։ Այդպիսի նոր մշակումներ կան նաև «Հավկունք» ալբոմում։ Մինչև տարեվերջ խումբը խոստանում է նաև նոր ալբոմի ստեղծագործություններից մեկի տեսահոլովակը ներկայացնել։




