
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր նախնական դիտարկումներն է ներկայացրել ՄԱԿ-ի ճշմարտության խթանման, արդարադատության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խրախուսման հարցերով հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին։ Նա Հայաստանում է նոյեմբերի 16-ից։ Այս ընթացքում փորձագետըեղել է Սյունիքում, Ջերմուկում, Եղեգիսում։ Հնարավորություն է ունեցել նաև այցելելու փախստականների ճամբարներ։
Այցի ընթացքում ՄԱԿ-ի փորձագետը հանդիպել է կառավարության պաշտոնյաների, օրենսդիր մարմնի, դատական իշխանության, անվտանգության ուժերի, Մարդու իրավունքների ազգային ինստիտուտի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային հանրության ներկայացուցիչների հետ: Նպատակը՝ գնահատել ճշմարտության, արդարադատության, հատուցման, հիշատակման և չկրկնվելու երաշխիքների խրախուսման ոլորտներում միջոցները, որոնք ընդունվել են Հայաստանում։
Ցեղասպանությունից մինչև խորհրդային բռնաճնշումներ, խաղաղ հավաքների ժամանակ տուժածներից մինչև Արցախում միջազգային իրավունքի խախտումներ։ ՄԱԿ-ի փորձագետը վստահեցնում է, որ այս ամենը ուսումնասիրելու ու վեր հանելու հնարավորություն է ունեցել անցած 10 օրերին գտնվելով Հայաստանում։
Իր ժամանումը Հայաստան համընկել է հակամարտության հետևանքով Արցախից 110 հազար հայերի բռնի տեղահանման հետ՝ ասում է ՄԱԿ-ի փորձագետը։ Նա շեշտում է, որ Արցախի բնակչության բռնի տեղահանումը մեծ մարտահրավեր է։ Ինքը հանդիպել է արցախցիներից ոմանց հետ, ցավ է ապրում։ Հոգին ջարդված ու փշրված է գնալու, ասաց փորձագետը՝ անդրադառնալով և փորձալով խուսափել հարցից, թե արդյո՞ք ՄԱԿ-ն արել է այն ամենը, ինչը պետք է աներ նման իրավիճակից խուսափելու համար։
Լրագրողները հարցերի միջոցով կոնկրետ ՄԱԿ-ի գործողությունների վերաբերյալ փորձագետի կարծիքը ցանկացան լսել։
Հայտարարություններ եղել են, կանխարգելիչ միջոցներ ընդունվել են ՄԱԿ-ի դատարանի կողմից, հավելեց «ՄԱԿ-ի ճշմարտության խթանման, արդարադատության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խրախուսման հարցերով» հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին՝ նկատի ունենալով մինչ արցախցիների բռնի տեղահանումը Արդարադատության միջազգային դատարանի կայացրած վճիռը, որով Լաչինի միջանցքն անհապաղ բացելու կոչ էր արվել Ադրբեջանին։
Այնուամենայնիվ, փորձագետն ընդունում է, որ քայլերը բավարար չեն եղել՝ «դրանք երբեք, երբեք բավարար չեն» ձևակերպմամբ։ Ասաց, որ իր զեկույցում էլ նշել է, որ կարիք կա, որ միջազգային հանրությունն անդրադառնա բռնի տեղահանվածների խնդրին և ջանքեր գործադրի այդ ուղղությամբ։ Հիմնականում այսքանը՝ Արցախից բռնի տեղահանվածների մասով։
Փորձագետը գնահատական չտվեց նաև ՄԱԿ-ի դիտորդների զեկույցին, որոնք Արցախ էին մտել հայերի, ինչպես իրենք էին ձևակերպել «հեռանալուց հետո», զարմացել, բայց ոչ մի բռնի տեղահանման նշան չէին տեսել։
Ֆաբիան Սալվիոլին ասաց, որ ինքը ՄԱԿ-ից աշխատավարձ չի ստանում և անկախ փորձագետ է։ Ակնարկեց նաև, որ իր մանդատի մեջ չի մտնում ճգնաժամի մոնիտորինգ իրականացնելը, այսինքն՝ բռնի տեղահանված արցախցիների հարցը չէ իր հիմնական ուսումնասիրության նպատակը։
Տարբեր ժամանակներում Հայաստանի իշխանությունների, պետության կողմից բռնաճնշման կամ քաղաքացիական անկարգությունների ժամանակ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ է ՄԱԿ-ի փորձագետը հիմնական դիտարկումներն արել։ Գնահատել է առաջնթացը, որ եղել է երկրում։ Բազմաթիվ հանդիպումներ է ունեցել՝ պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների, դիվանագետների, քաղհասարակության ներկայացուցիչների ու խախտումների զոհերի և նրանց հարազատների հետ։ Սալվիոնին բավականին ծավալուն անդրադարձավ ու իր նախնական դիտարկումները ներկայացրեց մի շարք առանձին հարցերի մասին։ Հիմնական եզրահանգումներից մեկը մեջբերենք՝ համընթաց թարգմանությամբ.
«Հայաստանի կառավարության կատարած քայլերն օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ գովելի է, բայց՝ մարդու իրավունքների խախտումների համար քրեական պատասխանատվություն չի իրականացվել ու ոչ բավարար չափով կամ հազվադեպ է հետապնդվել։ Մտահոգիչ է, որ հավաքների համատեքստում, ոստիկանության ներկայիս գործելաոճը, ըստ որոշ տեղեկությունների, պահպանում են նախկին օրինաչափությունները։ Ոստիկանության կողմից խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի բազմաթիվ դեպքեր են արձանագրվում Հայաստանում և պահպանվում են մինչև օրս»։
ՄԱԿ-ի փորձագետը կոչ արեց իշխանություններին ստեղծել անկախ մեխանիզմ՝ ուսումնասիրելու և արձանագրելու իր հայտարարության մեջ նշված մարդու իրավունքների խախտումների տարբեր դեպքերը։ Փորձագետն ասաց, որ ըստ բազմաթիվ տվյալների՝ բավականաչափ չի պաշտպանվել դատական համակարգը քաղաքական միջամտությունից։ Հաղորդվում է նաև ԲԴԽ-ի և դատախազության նշանակումների ու որոշումների անթափանցիկության մասին։
«Կոչ եմ անում պատկան մարմիններին՝ խորացնել բարեփոխումների գործընթացը՝ ապահովելու այս կենսական ինստիտուտների արդյունավետ անկախությունը կոռուպցիայից և անհարկի քաղաքական ազդեցությունից»։
Սրանք նախնական եզրակացություններն են։ Ֆաբիան Սալվիոլին ասաց, որ իր վերջնական ու մանրամասն զեկույցը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կներկայացնի 2024 թվականի սեպտեմբերին։ Այն հասցեագրված է լինելու Հայաստանի իշխանություններին ու միջազգային հանրությանը։ Փորձագետի խոսքով՝ նաև ուրվագծելու է որոշակի ճանապարհ, որին պետք է հետևել, նրա ձևակերպմամբ՝ Հայաստանում ժողովրդավարությունն ամրապնդելու և տարածաշրջանում խաղաղություն ունենալու համար։




