
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր ԱԺ-ում մասնակցել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Հանձնաժողովը դեռ նոյեմբերի սկզբին էր գրավոր նամակ ուղարկել Շահրամանյանին։ Հանձանաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Սամվել Շահրամանյանը նոր իրողություններ է բացահայտել։
Սամվել Շահրամանյանի մասնակցությամբ տեղի ունեցած փակ նիստը տևել է մոտ 3 ժամ։ Հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Շահրամանյանը նոր իրողություններ է բացահայտել, որոնք վերաբերում են 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած իրադարձություններին և արցախցիների բռնի տեղահանման ժամանակահատվածին։ Քոչարյանի գնահատմամբ՝ Սամվել Շահրամանյանը հնարավորինս եղել է ակեղծ ։
«Այս 3 ժամվա ընթացքում մենք ամբողջովին սպառել ենք այն հարցաշարը, որի վրա շատ երկար աշխատել ենք։ Խոսել ենք ամեն ինչի մասին՝ պատճառներ, հետևանքներ, նույնսիկ՝ պայթյունի մասին։ Եվ ոչ միայն խոսվել է, ալև ամբողջը փաստաթղթավորվել է։ Այնպես չէ, որ մենք կամ Սամվել Շահրամյանը պատրաստված չենք եղել»։
Անդրանիկ Քոչարյանը հրաժարվեց այլ մանրամասներ ներկայացնել։ Միայն նշեց, որ քննարկված հարցերը հրապարակման ենթակա չեն։ Հանձնաժողովի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ նոյեմբերի 27-ին և 29-ին հանձնաժողովը նոր հրավիրյալներ կունենա։
«Երկուշաբթի օրը մեզ մոտ այցելելու ցանկություն ունի Արցախի ՊԲ-ի Հադրութի դիվիզիայի հրամանատարը, որի այցը շատ կարևոր է։ Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը նույնպես ցանկություն է հայտնել գալ քննիչ հանձնաժողով։ Մենք շատ կցանկանանք լսել նաև Ջալալ Հարությունյանին»։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով ՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են դեկտեմբերի 3-ին, բայց աշխատանքները շարունակվելու են։ ԱԺ անվտանգության և պաշտպանության հանձնաժողովը զեկույց է պատրաստելու, որն ամփոփելու է քննիչ հանձնաժողովի մեկուկես տարվա կատարած աշխատանքը։
«Հսկայածավալ նյութեր կան՝ տեսագրություններ, ձայնագրություններ, փաստաթղթեր։ Դրանք վերլուծելու համար մեզ մեծածավալ աշխատանքներ են սպասվում։ Քննիչ հանձնաժողովի զեկույցը շատ կարևոր է։ Հանձնաժողովը դեկտեմբերի 3-ին իր լիազորություններն ավարտելու է, բայց Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովն իր փորձագետների հետ այս ամբողջ հավաքած նյութերը դարձնելու է զեկույց, որպեսզի կարողանա լիագումար նիստում ներկայացնել այն»։
Անդրանիկ Քոչարյանը շեշտեց՝ զեկույցը պատրաստ կլինի ողջամիտ ժամկետներում, բայց այն պետք է ունենա որակական բարձր ցուցանիշ։




