
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ
Գևորգյան Եպրաքսյան, օրիորդական ազգանունը Բարսեղյան, ապրում է Արմավիր քաղաքում, ցեղասպանության վերապրածներից է, մեծացել է Գյումրու ամերիկյան որբանոցում: Տատիկի եղբայրներից կրտսերին որբանոցից տեղափոխել են Ամերիկա, ում մինչև հիմա էլ փմտրում են: Եպրաքսյա տատիկին տրված սովետական անձնագրով օրերս նշել է իր 100 ամյակը, սակայն իրականում տարիքն ավելին է:
Գրեթե մեկ դար առաջ Արևմտյան Հայաստանում ցեղասպանության վերապրածներից եզակի մարդիկ են կենդանի, որոնց դեմքի խորշոմներում անջնջելի հուշ է դաջված, աչքերում` արյան ծովի արտացոլանք, իսկ հոգիներում ` շարունակական սուգ: Ցեղասպանության վերապրածների օրորոցային երգերը էրգրի, հայրենիքի, կորցրած հարազատների մասին է, մանկանը պատմվող հեքիաթները` նույնպես, զրույցներն էլ ` հիշողություններն են: Կենդանի մնացածները 100 և ավելի տարեկան են:
Տատիկի 100 ամյակը վաղուց է լրացել, սակայն գաղթից հետո նրան նոր անձնագիր է տրվել, ըստ որի նա 1914թ-ի մարտի 21-ի ծնունդ է և օրերս նշել է իր 100 ամյակը:
Ղարսից Եպրաքսյա տատիկի հարազատները գաղթել են ավելի ուշ, նրա հիշողություններում ինքը 7-8 տարեկան է եղել, ավագ եղբայրներն իրենից մի քանի տարով մեծ էին, Երիտթուրքերի իրականացրած կոտորածից փախել են ամեն ինչ թողնելով, մեծերը ոտքով, իրենց` սայլի վրա նստեցրած: Տատիկի հորը թուրքերն են սպանել, մայրը մահացել է գաղթի ճանապարհին: Ղարսից Արազով անցել ու հասել են Գյումրի, որտեղ էլ իրեն և մի եղբորը հանձնել են ամերիկյան որբանոց, իսկ մյուս եղբորը որդեգրել են: Ամերիկյան որբանոցում տատիկը մատների վրա թվարկելով պատմում է իր սովորածը` անգլերեն, ռուսերեն, հայերեն:
Ամերիկիյան որբանոցից իր դաստիրակ-ուսուցիչների անուներն է հիշում և արտասանում անգլերեն իր իմացած բառերից:
Ամերիկյան որբանոցից Եպրաքսյա տատիկի ավագ եղբորը տեղափոխում են Ամերիկա, իսկ իրեն տարիներ անց հորաքույրն է գտնում և տանում իր մոր: Տատիկը լավ է հիշում այդ ուրախալի պահը, որ գտել էր հորաքրոջը և որբանոցից տեղափոխվում:
Որբանոցից հետո Եպրաքսյա տատիկը 1929 թվականին ամուսնանում է և 9 երեխա ունենում: Տատիկը եղեռնից պատառիկներ է հիշում, սակայն կսկիծը թույլ չէր տալիս պատմել, քանի, որ նա կրկին վերապրում էր ու արտասվում: Ամերիկա տարած եղբորը նա այդպես էլ չգտավ : Եղբոր որոնումներին օգնել են զավակները, գրավոր ներկայացնելով տարբեր ատյաններ, սակայն արձագանք չի եղել: Որբանոցում ապրած տարիներին Եպրաքսյա տատիկը կրել է Բարսեղյան ազգանունը, իսկ կորած եղբայրը Եղիկ Գրիգորի Բարսեղյանն է: Տատիկն ու իր հարազատները մինչև օրս փորձում են գտնել իրենց հարազատներին:




