
Արցախից բռնի տեղահանվածներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար կառավարությունն այսօր ևս շուրջ 4 միլիարդ դրամ է հատկացրել՝ 3 տարբեր ծրագրերով։ Գործադիրն ամփոփել է տեղահանվածներին միանվագ 100-հազարական դրամ հատկացնելու ծրագիրը, որից ավելի քան 108 հազար մարդ է օգտվել։ Տեղահանվածների առաջնային կարիքները հոգալուն ուղղված հերթական ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 2 միլիարդ դրամ։ Այսպիսով՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին շուրջ 40 հազար բռնագաղթված 50-հազարական դրամ կստանա։ Կառավարությունը միջոցներ է հատկացրել նաև տեղահանված ուսանողների ուսման վարձի փոխհատուցմանը։
Կառավարությունը ևս 2 միլիարդ դրամ է հատկացրել Արցախից բռնի տեղահանվածների աջակցմանն ուղղված հերթական ծրագիրն իրականացնելու համար։ Ավելի վաղ գործադիրը հաստատել էր տեղահանվածների առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին 50-հազարական դրամ հատկացնելու նախագիծը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մանրամասնում է՝ ծրագրից կօգտվի շուրջ 40 հազար շահառու։
«Միջոցառումից չեն կարող օգտվել նրանք, ում բանկային հաշիվներւմ հոկտեմբերի 2-ի դրությամբ եղել է 2 մլն դրամից ավելի գումար, ՀՀ բնակչության պետական ռեգիստրում ունեցել են հաշվառում սեպտեմբերի 19-ից առաջ, բացակայում են ՀՀ-ից, կամ նոյեմբերի 15-ի դրությամբ բնակվում են հյուրանոցներում կամ հյուրատներում»,– ասում է Մկրտչյանը։

Նախարարի խոսքով՝ նախորդ ամիս շուրջ 99 հազար 820 մարդ ստացել է բնակվարձի և կոմունալ ծախսերի փոխհատուցմանն ուղղված 40+10 հազարական դրամ աջակցությունը։ Այս պահին կառավարությունն ընդունում է նոյեմբեր ամսվա փոխհատուցումն ստանալու դիմումները։ Հոկտեմբերին այս աջակցությունից օգտվել են բոլորը, իսկ նոյեմբերին արդեն կուսումնասիրեն դիմումները և վճարումները կիրականացնեն ընտրված շահառուներին՝ մանրամասնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Օրինակ, Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույք ունեցող մեր հայրենակիցներին 40 հազար դրամը չենք վճարի, բայց կոմունալ վճարների համար նախատեսված 10 հազար դրամը կվճարենք։ Գիտեք նաև, որ մեր շատ հայրենակիցների տեղավորել էինք հյուրանոցներում և մեր ակնկալիքն այն է, որ վարձով բնակարանի գումարը ստանալուն պես նրանք արդեն կվարձեն բնակարան, իսկ նրանք ովքեր կշարունակեն մնալ այդ տարածքներում, մենք նրանց էլ չենք վճարի։ Այսինքն՝ այս փոփոխոթւյունը մենք անում ենք ծրագիրն ավելի հասցեական դարձնելու համար»։
Այս պահի դրությամբ պետության տրամադրած կացարաններում՝ մասնավորապես հյուրանոցներում ու հյուրատներում բնակվում է Արցախից բռնի տեղահանված 104 մարդ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հիշեցնում է, որ ի սկզաբանե այդ թիվը 8300 էր։ Այժմ հյուրանոցներում ապրող արցախցիներ կան միայն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում։
«104 մարդկանց հետ կապված պետք է որոշակի աշխատանք իրականացնենք մեր գործընկերների՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի և առողջապահության նախարարության հետ։ Քանի որ կան տարեց մարդիկ, պետք է քննարկել, մասնագիտական տեսանկյունից նայել հասկանալ խնամքի կարիք ունե՞ն, թե՞ ոչ։ Այսինքն՝ պրոցեսը շարունակվում է և մեր ծրագրերն իրենց արդյունքը տվել են»,– մանրամասնում է Սանոսյանը։
Մեկ այլ նախագծով՝ կառավարությունը ֆինանսական միջոցներ է տրամադրում ԿԳՄՍ նախարարությանը՝ Արցախից տեղահանված ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար։ Դեռ մեկ ամիս առաջ էր գործադիրը համապատասխան ծրագրին հավանություն տվել։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասնում է՝ ծրագիրը վերաբերում է թե՛ բուհերում, և թե՛ քոլեջներում սովորող ուսանողներին։
«Մասնավորապես՝ բուհական մակարդակում 1836 ուսանողների տվյալներ են նույնականացվել: Նրանք արդեն ԼՂ-ից բռնի տեղահանված մեր այն ուսանողներն են, որոնք իրենց կրթությունը շարունակում են մեր բուհերում, և այս նախագծով հատկացնում ենք կրթաթոշակ նրանց 2023-2024 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձի չափով, որը կազմում է շուրջ 440 մլն դրամ: Հատկացնում ենք նաև քոլեջային մակարդակում կրթություն ստացող շուրջ 2524 ուսանողերի համար գումարները՝ շուրջ 402 մլն դրամի չափով»։
Արցախից բռնի տեղահանվածներն արդեն իսկ կարող են իրացնել իրենց կոնսաթոշակի ու նպաստների իրավունքը՝ հիշեցնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Օրերս Ազգային ժողովն ընդունել է համապատասխան օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծ, ինչը հնարավորություն է տվել գործադիրին թոշակներ նշանակել նաև բռնի տեղահանվածների համար։
«Քանի որ խնդիրը հրատապ է, մենք որոշեցինք 2 մեխանիզմով լուծել հարցը․ նախ՝ մենք կգործարկենք էլեկտրոնային հարթակ, և մեր քաղաքացիները դիմումներ կներկայացնեն և այն քաղաքացիները, ովքեր ԼՂ–ում արդեն իսկ ունեցել են կենսաթաշակի ու նպաստի ու զինթոշակի իրավունքներ, իրենք կկարողանան ՀՀ–ում գործող սոցիալական երաշխիքներից օգտվել։ Իսկ նրանք, ում կենսաթոշակային տարիքը բռնի տեղահանումից հետո նոր պետք է լրանա, պետք է մոտենան Միասնական սոցիալական ծառայություն՝ դիմում ներկայացնեն և ինչպես ՀՀ քաղաքացիներին, նրանց նույնպես կսպասարկեն»,– բացատրում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։
Կառավարության իրականացրած ծրագրերն արդյունավետ են․ գործադիրի ղեկավարի գնարահատականն է։ Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ Հայաստանից տեղահանվածների արտագաղթ չկան։ Եթե առաջին օրերին Հայաստանից հեռացողների անհանգստացնող թիվ կար, ապա այսօր, ըստ վարչապետի՝ վիճակը կայունացել է։






