ԿարևորՀասարակություն

PodՔաթ․ Արցախի մասին` Արցախի բարբառով

Շուտով հայկական մեդիատիրույթում շատերի համար սպասված նորույթ կլինի։ Արցախցի լրագրողներ Տաթևիկն ու Մարիամը որոշել են սկսել փոդքասթ՝ Արցախի բարբառով։ Այն առաջիկա օրերին արդեն հասանելի կլինի։

Համատեղ մեդիաարտադրանք ունենալը դեռ ուսանողական տարիներին ընկերացած Տաթևիկի ու Մարիամի երազանքն էր, որը պետք է իրագործեին Արցախում։ Նախագիծն Արցախի հանրային ռադիոյի աշնանային եթերաշրջանի նորությունների շարքում էր։ Այն գուցե կպատմեր շարունակվող շրջափակման լավ ու վատ օրերի մասին։

«Բայց այնպես ստացվեց, որ պլանները ձախողվեցին՝ պատերազմ ու չնախատեսված իրավիճակներ։ Եվ որոշեցինք, որ այստեղ պետք է շարունակենք»։

Մարիամի խոսքով՝ գաղափարը մարմին ստացավ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի»՝ արցախցի լրագրողների համար կազմակերպած վերականգնողական ճամբարում։ Որոշեցին, որ փոդքասթը դառնալու է այն հարթակը, որը մարդկանց կպահի արցախյան մթնոլորտում։

«Այդ ընթացքում մարդիկ կարող են մեզ հետ գնալ տուն, խոսել մեր գլխովն անցածի մասին ու տեսնել հարազատ դեմքեր»։

Բարբառները լեզվի ամենագեղեցիկ երևույթներն են։ Արցախի բարբառը, որը հարուստ է նաև իր խոսվածքներով, այսօր կարևոր մշակութային արժեք է, որը պետք է պահպանվի՝ ասում է Տաթևիկն ու զրույցը շարունակում բարբառով։

«Տրան հետի մունք հենց բարբառն ընք ընտրալ հաղորդակցման ու մեր պատմությունները պատմելի հետի։ Եկիք խոստովանինք, վեր մեր մասին պատմությունները ավելի անկեղծ ըն հնչելու բարբառավ, քան գրական հայերենավ, որովհետև էտ ամեն հինչը մունք զգացալ ընք ու ապրալ ընք բարբառավ։ (Ահա թե ինչու հաղորդակցման ու մեր պատմությունները պատմելու համար հենց բարբառն ընտրվեց։ Եկեք խոստովանենք, որ մեր մասին պատմող պատմությունը ավելի ակնեղծ կհնչի բարբառով, քան գրական հայերենով, որովհետև մենք այդքանը զգացել ու ապրել ենք բարբառով)»։

Արցախի բարբառով փոդքասթի անվանումն, իհարկե, նույնպես բարբառով պետք է լինի։ Այստեղ Մարիամն ու Տաթևիկը հաշվի են առել նաև իրենց լսարանի կարծիքը․ «Քաթ», «PodՔաթ» և «Շտըղա շտեղ» տարբերակներն էին քննարկվում։

«Արցախցինեն ավելի շատ կողմնակից ըն իլալ «podՔաթ» տարբերակին, վերն էլ  ի վերջո ընտրվալ ա, որովհետև ամենաշատ ձայներն ա իլալ հվաքած։ Իսկ հայաստանաբնակ ընկերները ավելի շատ կողմա իլալ «Շտըղա շտեղ» տարբերակին, վերը նշանակում ա՝ որտեղից-որտեղ և ինքը պարունակում ա սաղ էն ասելիքը, հինչը պիտի ինի փոդքասթի շրջանակներում։ Այսինքն մարդիկ պատմելուվ ըն, թա շտըղան հսալ ըն շտեղ ու ապագան հունց ըն տսնում։ Տի էլ ընտրվալ ա «podՔաթ»-ը, վերին Քաթ մասինկը Հադրութի խոսվածքավ նշանակում ա զրույց։ (Արցախցիներն ավելի շատ կողմնակից էին «podՔաթ» տարբերակին, որն էլ ի վերջո ընտրվեց, որովհետև ամենաշատ ձայներն էր հավաքել։ Իսկ հայաստանաբնակ ընկերները կողմ էին «Շտըղա շտեղ» տարբերակին, որը նշանակում է՝ որտեղից-որտեղ և որը պարումակում է փոդքասթի ամբողջ ասելիքը։ Մարդիկ կպատմեն՝ որտեղից որտեղ են հասել ու ինչպես են տեսնում ապագան։ Այդպես էլ ընտրվեց «podՔաթ»-ը, որի «Քաթ» մասնիկը Հադրութի խոսվածքով նշանակում է զրույց)»։

 Ու՞մ և ի՞նչ է պատմելու «PodՔաթ»-ը։ Մարիամի խոսքով՝ հիմնական լսարանը արցախցիներն են, բայց կան նաև շատ այլ մադրիկ, որոնք հետաքրքրված են բարբառով։ Փոդքասթը նաև ուսուցողական է լինելու։

«Արցախցիներն այստեղ են, և ամենուր լսվելու է այդ բարբառը։ Ուստի, որպեսզի սովորեն ու հասկական մեր բարբառը, խորհուրդ ենք տալիս լսեն Արցախի բարբառով փոդքասթ։ Օրինակ՝ մեր շրջապատում շատ ընկերներ ունենք, ովքեր սիրով սպասում են։ Մենք նաև որոշել ենք տիտրերով գրել այն բառերը, որոնք խիստ տարբերվում են գրական հայերենից, որպեսզի մարդիկ կարողանան հետևել զրույցին ու նաև սովորել բարբառը»։

Եթե չկա բարբառային միջավայր, բարբառը հակված է կորսվելուն՝ ասում է Տաթևիկը։ Ուստի նա որոշել է բոլորի հետ շփվել միայն բարբառով։

«Հա, տիժեր ա։ Երբեմն հասկանում չըն։ Բայց եթե մունք տա պահինք մինակ մըզ հետե, կորչելուվ ա, քինա։ Պիտի փորձինք ։ Իհարկե, ասում չում՝ արագ-արագ դժվար բառեր օգտագործինք ու ուրանց հետի էլ տիժեր ինի, այլ գտնինք էն միջինը ու կամանց-կամանց լոխ էլ հասկանալուվ ըն։ Ի վերջո խոսքը մենակ Արցախի բարբառի մասին չի, մըզ ինելուվ ըն նաև այլ բարբառներ կրող հյուրեր։ Մարդիկ, ովքեր Արցախի հետի ըրալ ըն մեր կողքին ըն իլալ, ու ուրանց սասն էլ պիտի սկանվա, ու թող սկանվա հենց ուրանց բարբառավ, որովհետև հայերենը հարուստ ա հենց ուրան բարբառներավ, որոնք չպիտի թողինք կորչին, այլ պիտի օգնինք ավելի ծաղկին։

(Այո, դժվար է։ Երբեմն չեն հասկանում։ Բայց եթե մենք դա թողնենք միայն մեզ համար, կկորչի, կգնա։ Պետք է փորձենք։ Իհարկե չեմ ասում՝ արագ-արագ խոսենք ու մարդկանց համար էլ դժվար լինի, այլ գտնենք այն միջինը, ու կամաց-կամաց բոլորն էլ կհասկանան։ Ի վերջո՝ խոսքը միայն Արցախի բարբառի մասին չէ։ Մենք կունենանք նաև այլ բարբառներ կրող հյուրեր, որոնք նույնպես շատ բան են արել Արցախի համար ու եղել են մեր կողքին, ու նրանց ձայնն էլ պիտի լսվի ու թող լսվի հենց իրենց բարբառով։ Որովհետև հայերենը հարուստ է հենց իր բարբառներով, որոնք չպետք է թողնենք կորչեն, այլ պիտի օգնենք ավելի ծաղկեն)»։

«PodՔաթ»-ի առաջին թողարկումը կլինի առաջիկա օրերին։ Մարիամն ու Տաթևիկը կպատմեն, թե որտեղից են և ինչու են եկել, ինչու են սկսում փոդքասթ և ովքեր են լինելու նրանց հյուրերը։ Այնուհետև շարք կլինի արցախցի լրագրողների հետ։ Նրանք, ովքեր սովոր են լսել պատմություններ, այս անգամ իրենք կպատմեն իրենց  պատմությունները։ «PodՔաթ»-ի նախնական բնակության հասցեն YouTube-ն է։ Առաջին շարքը կլինի նաև «Մեդիա նախաձեռնությունների կենտրնի» պաշտոնական էջերում։

Կարդացեք նաև

Back to top button