ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

ՀԱՊԿ «վեցնյակն» այս անգամ որոշումներ կայացրեց առանց Հայաստանի

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներն առանց ՀՀ վարչապետի հավաքվեցին Մինսկում, քննարկեցին անվտանգային ազդեցության գոտում ռազմաքաղաքական իրավիճակը, կառույցի աշխատանքներն ու անելիքները, տարբեր որոշումներ ընդունեցին։ Այդ ամենում, սակայն, արդեն անելիք չի տեսնում Հայաստանը, թեև Երևանը պաշտոնապես հայտարարում է՝ ՀԱՊԿ–ից դուրս գալու որոշում չկա։ Չնայած Մինսկ–Երևան տարբեր մակարդակի հեռախոսազանգերին, Հայաստանից ոչ մի պաշտոնյա չի մեկնել Բելառուսի մայրաքաղաք, որտեղ արդեն երկրորդ օրն ընթանում է ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Նախօրեին աշխատանքային քննարկումներ են ունեցել նախարարները, աշխատանքների երկրորդ օրը տրամադրվել է ՀԱՊԿ անդամ–երկրների ղեկավարների հավաքին։

Հայաստանից միանգամից մի քանի պաշտոնյա է այս անգամ հրաժարվել մեկնել Բելառուսի մայրաքաղաք։ Աշխատանքային երկու օրվա ընթացքում Հայաստանը չմասնակցեց արտաքին գործերի, պաշտպանության և անվտանգության խորհրդի նիստերին, ինչպես նաև ղեկավար «վեցնյակը» աշխատեց առանց Հայաստանի վարչապետի։ Հոկտեմբերին Հայաստանը բացակայեց կառույցի բիշքեկյան աշխատանքներից, իսկ ԱԺ նախագահն էլ արդեն իսկ հրաժարվել է դեկտեմբերին ծրագրված ՀԱՊԿ միոջացառմանը մասնակցելուց։

Կառույցից «հեռու մնալու» ՀՀ իշխանությունների քայլը ընդդիմադիր գործիչների սրտով չէ, թեև այդ անվտանգային համակարգի բացերի մասին իրենք էլ են բարձրաձայնում։ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը չի տեսնում անվտանգության այն համակարգը, որը փոխարինելու է խնդրահարույց և թերացած ՀԱՊԿ–ին։

 «Կառաջարկեի գնալ և այնտեղ աչքերին ուղիղ նայելով ասել այն, ինչ մտածում ենք իրենց մասին՝ փորձելով շտկել իրավիճակը։ Ինչքան էլ ես գիտակցում եմ, որ այսօր Ղազախստան–Ադրբեջան հարաբերություններն ավելի լավ են քան Հայաստան–Ղազախստան հարաբերությունները և այսպես շարունակ, բայց ես պետք է իրենց անդադար հիշեցնեմ իրենց կոնկրետ պարտականությունը։ Դա ՀԱՊԿ պարտականությունն է և ոչ թե մեր խնդրանքը։ Իսկ թե դիմացինը ինչպե՞ս կարձագանքի, ըստ դրա էլ կշարունակվեն հետագա գործողությունները»։

Իրականում զարգացումների այս շղթան արդեն գործել է։ Դեկտեմբերյան հավաքից հրաժարված Ալեն Սիմոնյանը վստահ է՝ ՀԱՊԿ–ում լավ են գիտակցում հրաժարվելու պատճառները։

 «ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժել են երրորդ երկրի ուժեր և ՀԱՊԿ–ը քաղաքական գնահատական չի տվել։ Չի կարելի ասել, որ այդտեղ սահման չկա, բայց ՀԱՊԿ–ը կա։ Եթե այդտեղ սահման չկա, ապա ՀԱՊԿ–ը սահման չունի, գալու կանգնելու տեղ չունի։ Ուրիշ բան ասեմ։ Ենթադրենք, կանգնեն ոչ թե մեր սահմանի վրա, այլ 100 կմ, 50 կմ այն կողմ, ասենք, մեկ շաբաթ հետո գնալու են, մեր պետությունը ի՞նչ է անելու։ Ո՞ւր են գալիս կանգնեն՝ Երևա՞ն, Ջերմո՞ւկ։ Լսե՛ք, ուրիշ իրականությունների և ուրիշ շահերի մասին է խոսքը։ Չե՞ք տեսնում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հայտարարությունները, մակարդակը, խոսույթը։ Գնանք այնտեղ ինչի՞ համար։ Մեռանք բարձրացնելով հարցը՝ գրավոր ենք բարձրացրել, բանավոր ենք բարձրացրել, բացատրել ենք, օրինակ ենք ծառայել։ Ամեն ինչ արել ենք։ Հերթը ՀԱՊԿ–ինն է։ ՀԱՊԿ երկրները պետք է արձագանքեն, ոչ թե ապրեն երևակայական փուչիկի մեջ։ Կա իրենց իրականությունը և կա այն իրականությունը, որի մեջ ապրում ենք մենք։ Այդ իրականությունները բացարձակ չեն համընկնում և դա խնդիր է»։

Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ ՀԱՊԿ–ը հապաղեց 2022–ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստան։ Դրանից հետո զարգացումները նրան ենթադրությունների հիմք են տալիս, որ առաջիկայում Հայաստանը կբարձրացնի և՛ Գյումրիից ռուսական բազան հանելու, նաև ՀԱՊԿ–ից ու ԵԱՏՄ–ից դուրս գալու հարցերը։ Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն է արձագանքում հնարավոր նման զարգացումներին․

«Այս փուլում, այս պահին մեր օրակարգում այդպիսի հարցեր չկան»։  

Փոխարտգործնախարարը նաև բացատրություն ունի, թե ինչ է ենթադրում Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխանակվող դիվանագիտական կոշտ բառապաշարը։ Ըստ Սաֆարյանի՝ դա դեռ հարաբերությունների վատացում չէ․

«Աշխատանքային հարաբերություններ են։ Բնականաբար, կան տարաձայնություններ որոշ հարցերի շուրջ։ Շարունակում ենք աշխատանքները դրանց անդրադառնալու, արձագանքելու ուղղությամբ»։

Պաշտոնական Մոսկվան, անդրադառնալով Հայաստանի՝ ՀԱՊԿ աշխատանքներից բացակայելու որոշումներին, օգտագործել է «ցավ» և «ափսոսանք» ձևակերպումները՝ հույս հայտնելով, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը կազմակերպության շրջանակում։

«Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի փոխանցմամբ՝ իրավիճակը իրենք հասկանում են այնպես, որ հայ գործընկերները չեն պատրաստվում արգելափակել ՀԱՊԿ կանոնադրական մարմինների աշխատանքը և ընդունված որոշումների կայացմանը»։

Ըստ էության, ՀԱՊԿ–ում սա համարում են որպես բաց դուռ, որով Հայաստանը ցանկացած պահի կարող է վերադառնալ և միանալ հետագա աշխատանքին։ ՀԱՊԿ գագաթնաժողովի տարբեր նիստերում հաստատվել և ստորագրվել է մոտ 20 փաստաթուղթ ՝ քաղաքական և ռազմաքաղաքական, ինչպես նաև ժամանակակից մարտահրավերներին և անվտանգությանը սպառնացող վտանգներին դիմակայելու հարցերով։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ըստ էության գոհ է մնացել ՀԱՊԿ–ում իրենց նախագահության մեկ տարվա աշխատանքից։ Նա ընդգծում է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում փորձել են պահպանել կազմակերպության անդամ բոլոր երկրների համերաշխությունը և պատասխանատվության գոտում անվտանգությունն ու կայությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանը գագաթնաժողովից առաջ դիմել էր ՀԱՊԿ–ին խնդրելով օրակարգից հանել Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին հարցը։ Միևնույն ժամանակ կառույցում պնդում են, որ Հայաստան ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելություն ուղարկելու որոշման շուրջ աշխատանքը շարունակվում է։

Փաստացի սա վերջին նիստն էր Բելառուսի նախագահությամբ։ Առաջիկա մեկ տարվա նախագահությունը ՀԱՊԿ–ում փոխանցվում է Ղազախստանին։

Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը Մինսկում գագաթնաժողովից հետո կայցելի Երևան։ Նա իր հետ կբերի և ստորագրման կհանձնի ՀԱՊԿ–ի գագաթնաժողովում ընդունված որոշումները։

Կարդացեք նաև

Back to top button