
Մինսկում ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հանդիպումից հետո կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը կայցելի Երևան և ստորագրված փաստաթղթերը կհանձնի հայկական կողմին։ Այս մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի մեկնարկից առաջ լրագրողներին ասել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը։
«Մենք պայմանավորվեցինք, որ գագաթնաժողովից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան, հանձնաժողովի շրջանակներում վերջնական ընդունված բոլոր որոշումները կփոխանցվեն մեր հայ գործընկերներին, և մենք հույս ունենք, որ նրանք կմիանան դրանց»,- ասել է դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։
Պատասխանելով ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի ներկայացուցիչների բացակայության մասին հարցին՝ Ալեյնիկն առաջարկել է դրան «հանգիստ» վերաբերվել։
Ալեյնիկն ընդգծել է, որ բոլոր որոշումները, որոնք կընդունվեն գագաթնաժողովում Հայաստանի ներկայացուցիչների բացակայությամբ, «բացարձակապես օրինական են»։ «Դրանք ընդունված են կոնսենսուսով, և ես հեռախոսազրույց եմ ունեցել իմ հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, քննարկել ենք այդ հարցերն ու որոշումների կայացման մեխանիզմները»,- նշել է նախարարը։
Բելառուսի ԱԳՆ ղեկավարը պարզաբանել է, որ «կազմակերպության կանոնների և ընթացակարգերի համաձայն բոլոր որոշումներն ընդունվում են անդամ բոլոր երկրների համաձայնությամբ»:
Մինսկում մեկնարկած ՀԱՊԿ գագաթնաժողովին անդամ 6 երկրների ղեկավարներից հանդիպմանը չի մասնակցում միայն Հայաստանի վարչապետը։




