
Կառավարությունն այսօր ընդունել է «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագիծը, որը վերաբերում է հիփոթեքային վարկով բնակարաններ ձեռք բերելու դեպքում եկամտահարկի վերադարձին։ Ըստ այդմ` 2027թ. հունվարի 1-ից այլևս եկամտային հարկի վերադարձը չի գործի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի վարչական տարածքներում ձեռք բերված բնակարանների հիփոթեքային վարկերի դեպքում, իսկ 2029թ. կարգավորումը կտարածվի նաև մյուս մարզերի վրա՝ չընդգրկելով սահմանամերձ բնակավայրերը։ 2025թ․ հունվարի 1-ից այս ծրագիրը կդադարի գործել նաև Երևանում։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հիշեցրել է՝ այս պահին էլ մայրաքաղաքի դեպքում արդեն իսկ որոշակի սահմանափակումներ են գործում։
«Օրենքն ընդունվել է 2021 թվականի նոյեմբերի 17-ին և դրանով սահմանվել է, որ այդ համակարգը չի գործում, եթե հիփոթեքային վարկը ստացվել է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո, և անշարժ գույքը գտնվում է Երևան քաղաքի առաջին գոտում և չի գործում 2023-ի հունվարի 1-ից հետո, եթե գտնվում է Երևան քաղաքի 2-րդ գոտում, 2023 թվականի հուլիսի 1-ից հետո, եթե գտնվում է Երևան քաղաքի 3-րդ գոտում և 2025 թվականի հունվարի 1-ից հետո, եթե անշարժ գույքը գտնվում է Երևան քաղաքի մնացած գոտիներում»,-մանրամասնել է Վահե Հովհաննիսյանը:
Ըստ նախարարի՝ բացառություն են կազմում միայն այն շենքերը, որոնց շինթույլտվությունը ստացվել է 2022 թվականի հունվարի 1-ից առաջ: Եթե նույնիսկ որևէ շենք գտնվում է ծայրամասում, բայց շինթույլտվությունը ստացել է 2022 թվականի հունվարի 1-ից հետո, ապա այս պարագայում գործում է հիփոթեքային վարկի ստացման ժամկետի հետ կապված կարգավորումը: Եթե ստացվել է 2022 թվականի հունվարի 1-ից առաջ, ապա սահմանափակում չի գործում:




