
Արմավիրի մարզի Դաշտ գյուղում ավարտվել է 1946թ-ին կառուցված մշակույթի տան տանիքի հիմնանորոգումը. ազբեստե ծածկը փոխարինվել է ցինկապատ թիթեղով: Տանիքը հիմնանորոգվել է 2022թ սուբվենցիոն ծրագրով, որի արժեքի 65 տոկոսը վճարել է Խոյի համայնքապետարանը: 80-ամյա շինությունում մինչև հիմա չկան կոմունալ հարմարություններ: Ամբողջական նորոգումից հետո նախատեսել են դարձնել համայնքային կենտրոն: Դաշտում սեփական եկամուտները համալրվում են դրսի աշխատանքով, հողերի հիմնական մասն անմշակ է:
Արմավիրի մարզի Դաշտ գյուղի վարչական ղեկավարի գրասենյակը կամ նախկին գյուղապետարանը գործում է նախորդ դարի առաջին կեսին կառուցված մշակույթի տան մի հատվածում: Արտաքնապես գեղեցիկ կամարներով ոճային կառույցի դռնից ներս արդեն պատկերը փոխվում է. խոնավ ու կախված առաստաղներ, հնամաշ գույք, կոսմետիկ վերանորոգումներով փոքր-ինչ պահպանված դահլիճ: Մշակույթի տան մի հատվածը զբաղեցնում է գյուղի վարչական ղեկավարի գրասենյակը: Անձրևների ժամանակ անհնարին է դառնում աշխատելն ու գույքը պահպանելը.

«Շատ էր կաթում, դույլեր էինք դնում տակը, որ գույքը չվնասվի, ցելոֆոն էինք քաշում համակարգիչների վրա, որ չթրջվեին ու չփչանային »:
«Շաբաթ-կիրակի օրերին, որ աշխատանքի չէինք, ցելոֆոնները փռում, գնում էինք, որ կաթոցներից տեխնիկան չվնասվեր: Ցելոֆոններոն միշտ ծածակել ենք, որ կաթոցները չվնասեն տեխնիկան: Համայնքապետարանը միշտ այստեղ է նստել, տեղը, դիրքը շատ հարմար է»:
Գրեթե 80 տարի առաջ կառուցված մշակույթի տունը մինչև օրս չունի կոմունալ հարմարություններ՝ ջուր, սանհանգույցներ: Վարչական ղեկավարի գրասենյակի աշխատակիցներն ասում են, որ գյուղի շուրջօրյա ջրամատակարաման դեպքում էլ իրենք խմելու ջուրը շշերով են կրում.

«Սանհանգույց չունենք, ոնց ասած՝ հանրային սանհանգույց է, որը նույնիսկ տեսնել էլ պետք չի: Ներսում ջուր չունենք, բայց դժվար չի քաշելը, էլի: Վերանորոգումից հետո մտածում ենք այդ հարցը անպայման լուծվի: Ջուրը դույլերով ու շշերով ենք բերում, երբ մենք 24 ժամ ջուր ունենք»:
Մինչև համայնքների միավորումը Դաշտում առկա հոգսերն ու խնդիրները մնացել է միայն գյուղապետարանի ուսերին: Վարչական ղեկավար Սերոժ Գևորգյանը թվարկելով խնդիրները, փորձում է դասակարգել ու ներկայացնել համայնքապետարան: Մշակույթի տան կոմունալ պայմանների բարելավումը նույնպես օրակարգային խնդիր է.

«Երկու օր առաջ մեր համայնքում էր Տարածքայի կառավարմանի փոխնախարարը, շատ ծրագրեր կան իրականացնելու, տեսնենք, թե ինչպես կլինի: Հարցը պարտադիր բարձրացրել ենք, մեզ համար կոմունալ հարմարություններն առաջնահերթ կարգավորման խնդիրներից է, գյուղացու համար կենսական նշանակության գազը, ճանապարհը, լուսավորությունը, փողոցների փոսալցումներ, ահագին գործեր արել ենք: Սա, երևի, եզակի գյուղերից է, որտեղ ոչ մի բան չի արվել»:
Մշակույթի տան շենքում գործում է գյուղի գրադարանը, պարի և սպորտային երկու խմբակ՝ բռնցքամարտ ու մարտեր առանց կանոնների: Այս տարի սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է մշակույթի տան տանիքը: Տեխհսկող Սենիկ Մարգարյան

«Մենք տանիքն են հիմնանորոգում, բայց փայտն ամբողջությամբ չի փոխարինվում նորով, այլ մասնակի, իսկ ազբոշիֆրերը փոխարինվում են պրոֆիլավոր ցինկապատ թիթեղով՝ 0,55մմ հաստությամբ: Տանիքի փայտե կոնստրուկցիան, որը դեռ կաշխատի՝ թողել են, իսկ մնացածն՝ ավարտել նոր փայտով: Սա շենքի տեխնիկական վիճակը պահպանելու անհրաժեշտություն էր»:
Տանիքի կառուցումն արդեն ավարտվել է, որի արժեքը 14 մլն. 765 հազար դրամ է: Արժեքի 65 տոկոսը վճարել է համայնքը, 35 տոկոսը՝ կառավարությունը: Նոյեմբերի 17-ի հերթական նիստով կառավարությունը 5 մլն 167 հազար դրամ է հատկացրել Դաշտի մշակույթի տան տանիքի հիմնանորոգման աշխատանքների դիմաց:

Մշակույթի տան հետ կապված նոր ծրագրեր կան. ամբողջական վերանորոգումից հետո այն կդառնա համայնքային կենտրոն: Դաշտի վարչական ղեկավար Սերոժ Գևորգյանն ասում է, որ հաջորդ տարվա սուբվենցիայով Խոյի համայնքապետարանը երկու փողոցների գազիֆիկացման հայտ է ներկայացրել: Այդ նպատակով կարևորվում է սեփական եկամուտների կատարումը՝ ասում է վարչական ղեկավարը.

«Մենք հարկերը հավաքել ենք, բայց ոչ թե հարկերը հավաքել ենք, որովհետև գյուղացիները գյուղատնտեսությամբ են զբաղվում, այլ մենք հավաքել ենք, որովհետև գյուղացիները տարբեր աշխատանքներ ունեն. մեկը շինարար է, մեկը պետական այլ ծառայություն է իրականացնում: Գյուղում հողի մշակությունը շատ թույլ է»:

Դաշտում 290 հա ընդհանուր տարածքից այս տարի ՋՕԸ-ի հետ պայմանագրեր են կնքվել 46 հեկտարի ոռոգման համար: Թեև գյուղում ոռոգման խնդիր չկա, իսկ հողերի կադաստրային արժեքն էլ բարձր է՝ 2-րդ և 3-րդ կարգի է, այնուամենայնիվ գյուղացիները հրաժարվել են հող մշակելուց: Դաշտ գյուղում նախկինում մշակել են բանջարեղեն և հացայհատիկային մշակաբույսեր, հիմա սկսել են հիմնել պիստակի, կեռասի ու դեղձի այգիներ:




