
Խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների 6–րդ շրջափուլի փոխանակումից հետո պաշտոնական Երևանն ու Բաքուն հանդես են եկել նոր առաջարկներով։ Եթե Ադրբեջանն առաջարկում է հայ–ադրբեջանական սահմանին երկկողմ բանակցություններ կազմակերպել՝ դժգոհելով հատկապես արևմտյան միջնորդությունից, ապա Հայաստանն ի պատասխան առաջարկում է սահմանին կազմակերպել սահմանազատման հանձնաժողովի նիստ՝ փոխվարչապետերի գլխավորությամբ։ Քաղաքական գործիչների ու վերլուծաբանների մի մասը կարծում է, որ կողմերը պետք է սովորեն ուղիղ շփվել և լուծումներ գտնել, մյուսներն ուղիղ բանակցություններում ավելի շատ վտանգներ, քան հնարավորություններ են տեսնում։
Եթե հանդիպում սահմանին, ապա՝ դրանց հստակեցման նպատակով․ մոտավորապես այսպիսինն է Հայաստանի պատասխանը Ադրբեջանի առաջարկին։ Բաքվի առաջարկած՝ երկրի առաջին «դեմքերով» հանդիպման փոխարեն Երևանը պնդում է մեկ աստիճան ցածր մակարդակով՝ փոխվարչապետերի գլխավորությամբ սահմանազատման հանձնաժողովի նիստ։ Երկու կողմն էլ հանդիպման վայրը նշում են հայ–ադրբեջանական սահմանը։ Ըստ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ հայկական կողմը քննարկում է բանակցությունների և հանդիպումների բոլոր տարբերակները։
«Ինչո՞ւ մենք պետք է քննարկենք, թե ինչ է Ադրբեջանը ուզում։ Մենք պետք է քննարկենք, թե մենք ինչ ենք ուզում։ Եթե Ադրբեջանի իշխանության հայտարարությունները ուղղակի հայտարարություններ չեն և միտված չեն «թոզ փչելու» միջազգային հանրության աչքերին, դա պետք է ամրապնդված լինի գործողություններով։ Ռեալ։ Եթե Ադրբեջանը խոսում է խաղաղության մասին, դրա ապացույցի համար կան բազմաթիվ քայլեր՝ սկսած գերիներին բաց թողնելուց վերջացրած տարածքային համաձայնեցված սկզբունքները բարձարայնելը, որոնք նախագահ Ալիևը համաձայնեցրել է ԵՄ ղեկավարի ներկայությամբ։ Միջազգային հանրության աչթերին «թոզ փչելը», հետո զարմանալ, ասել, որ Ֆրանսիան ԱՄՆ–ն, ԵՄ տարբեր երկրները քննադատում են։ Կարծում եմ, այդ մարտավարությունը երկար կյանք չունի և եթե ռեալ իրենք խաղաղություն են ուզում, ռեալ քայլեր են պետք։ Իսկ ՀՀ–ն պատրաստ է և բազմաթիվ քայլեր է արել»։
Հատկապես ընդդիմադիր գործիչները և վերլուծաբանների մի մասը պնդում են, որ առանց միջնորդների ուղիղ բանակցությունները խիստ վտանգավոր են Հայաստանի համար։ Այս տեսակետի կողմնակիցներից է նաև «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը։ Անընդունելի է համարում առանց միջնորդների Ադրբեջանի հետ բանակցությունները։
«Ադրբեջանի պահանջները անհամատեղելի են այսօր մեր շահերի հետ։ Իրենք իրենց պահանջները թելադրելու են և ասելու են՝ եթե դա չեք անելու, մենք դա կվերցնենք ուժով։ Ալիևն ասում է՝ եթե չես համաձայնելու այլ ձևաչափով, իսկ այսօր ինքը եռակողմի ( ՌԴ միջնորդությամբ – խմբ․) վրա է ավելի հենված, որովհետև այնտեղից դեռ բաներ ունի ստանալու՝ կապված Նախիջևանի կապի հետ։ Ինչ իրեն պետք էր Արևմուտքից, այլևս ստացել է և որևէ խնդիր այնտեղ նա չունի։ Մերոնք չեն գնում ՀԱՊԿ–ի ուղղությամբ, նա էլ չի գնում Արևմուտքի ուղղությամբ, և առաջացել է այս աննորմալ վիճակը։ Դա բերելու է երկկողմ հանդիպման, և երկկողմում էլ Ադրբեջանը պահանջները դնելու է շատ խիստ։ Սա լինելու է պարտվածի ու հաղթողի խոսակցություն՝ սրանից բխող մեզ համար շատ տխուր հետևանքներով»։
Ադրբեջանի հետ բանակցողը՝ տվյալ դեպքում վարչապետ Փաշինյանը, օրեր առաջ Հայաստանի խորհրդարանում հստակեցրեց, թե 3 համաձայնեցված սկզբունքներից բացի հայկական կողմն էլ ինչ է կարևորում «Խաղաղության պայմանագրի» ստորագրումից առաջ։
«Առաջիկայում հստակեցնելու ևս մի քանի առանցքային հարցեր կան։ Ցավոք, իրողությունն այնպիսին է, որ յուրաքանչյուր նախադասություն երբեմն հնարավոր է լինում տարբեր կերպ մեկնաբանել, հետևաբար՝ պետք է շատ հստակ մեխանիզմ ունենանք, թե տարբեր մեկնաբանությունների դեպքում ինչպես ենք դա հաղթահարելու։ Մյուսն անվտանգային երաշխիքների ստեղծումն է, որ «Խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո որևէ էսկալացիա հնարավոր չլինի»։
Վարչապետը պնդում է, որ Բրյուսելում երկու հանդիպումների ժամանակ համաձայնեցված 3 սկզբունքների կողքին Հայաստանը և Ադրբեջանը համաձայնել են, որ միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշել։
Մինչդեռ Ադրբեջանը շարունակում է հսկայական գումարներ ծախսել ԶՈՒ վրա և շարունակում է զինվել։ Այդ հակասական քաղաքականության վրա ուշադրություն է հրավիրում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Այն պարագայում, երբ մենք փորձում ենք ինչ–որ պաշտպանողական սպառազինություն ձեռք բերել, մեր հարևան երկիրը փորձում է մեծ աղմուկ բարձրացնել։ Իրենք բացի ատոմային ռումբից ամեն ինչ, կարելի է ասել, ունեն։ Իսրայելում ամենաթեժ պահի իրենք հաջողացնում են զենք տեղափոխել իրենց երկիր և աշխարհին հիմա փորձում են ներկայացնել, որ Հայաստանը իբր զինվում է, ինչ–որ հարձակվողական պլաններ ունի։ Ես պաշտոնապես ուզում եմ հայտարարել, որ ՀՀ–ն որևիցե երկրի նկատմամբ հարձակվելու նպատակ չունի։ Իսկ միջազգային հանրությունը պետք է ուշադիր լինի Ադրբեջանի կողմից գնվող միլիարդավոր դոլարների սպառազինության նկատմամբ և մեկ հարց տա՝ ինչի՞ համար է պետք Ադրբեջանին այդ քանակությամբ զենք–զինամթերքը»։
Հայաստանի արտգործնախարարությունը փոխանցելով պաշտոնական Երևանի դիրքորոշումը շարունակում է պնդել, որ չնայած բոլոր բարդություններին և մարտահրավերներին՝ կա երկու երկրների միջև խաղաղության հաստատման իրական հնարավորություն, որը կարող է իրացվել երկուստեք քաղաքական կամքի առկայության պարագայում: Հայկական կողմը շարունակում է դրսևորել այդ կամքը: Այդ կամքի արտահայտություններից է նաև այն, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջև պետական սահմանին:
Արևմուտքի խոսույթի և տոնայնության փոփոխության ֆոնին ուշագրավ է, որ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին Երևանից մեկնելով Բաքու այնտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից լսել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա։ Ըստ Ալիևի՝ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ երկխոսության, խաղաղության պայմանագիր կնքելու և երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար։




