
Մեկ օրում երկու պաշտոնական պարզաբանում է հնչել։ Նախ՝ Հայաստանի արտգործնախարարությունից արձագանքել են Ադրբեջանի մեղարդնանքերին, թե իբր 2 ամսից ավելի է՝ Հայաստանը չի պատասխանում խաղաղության պայմանագրին առնչվող Բաքվի առաջարկներին։
Մյուս պարզաբանումը հնչել է ՀԱՊԿ քարտուղարությունից։ Կառույցից ներկայացրել են, թե ինչից է հրաժարվելԵրևանը, առաջարկելով օրակարգից հանել Հայաստանի դիմումը։
Այս ամենին արձագանքել են նաև Ազգային Ժողովում՝ երկու պարզաբանումն էլ կապելով, ըստ էության, հիմնական հարցի՝ խաղաղության օրակարգի և կնքվելիք պայմանագրի հետ։
Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ 6–րդ առաջարկը։ Արտգործնախարարությունը հետևել է Հայաստանի վարչապետի՝ նոյեմբերի 18-ի հրապարակային հայտարարությանը, որով նա կոչ էր արել ակտիվացնել դիվանագիտական ջանքերը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու համար։
Ավելի վաղ պաշտոնական Բաքուն հայտարարել էր, որ Հայաստանը երկու ամսից ավելի է՝ չի պատասխանում առաջարկներին, մինչդեռ Ադրբեջանը վերջին երկու ամսում երեք անգամ հրաժարվել է Հայաստանի հետ բանակցություններից։ Խոսքը Գրանադայի, Բրյուսելի և Վաշինգտոնի չեղարկված հանդիպումների մասին է, հիշեցնում է Հայաստանի արտգործնախարարությունը։
Փոխադարձ առաջարկով հանդես է եկել նաև Ադրբեջանը՝ Արևմուտքից եկող ճնշումների ֆոնին հայտարարելով, որ պատրաստ է Հայաստանի հետ երկկողմ ուղիղ բանակցությունների՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանը շուտափույթ հասնելու համար:
Ավելին՝ այդ երկրի արտգործնախարարությունը Հայաստանին հրավիրել է քննարկելու խաղաղության գործընթացը հայ-ադրբեջանական սահմանին։
Արդյո՞ք Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցել ուղիղ, առանց միջնորդների՝ հարցին պատասխանելիս Աժ փոխնախագահ Հակոբ Արշակյանը վկայակոչում է հենց առաջարկների փոխանակման գործընթացը։

—Երբ գրությունը գնում է Բաքու, հետո հետ է գալիս Երևան, ձեր կարծիքով որևէ մեկը ներկա՞ է կողքից այդ փաստաթղթի շրջանառությանը։ Իմ կարծիքով ներկա են երկու կողմ։ Հայաստանը պատրաստ է ցանկացած բանակցային հարթակ օգտագործել, որը արդյունավետ հարթակ է։ Եթե հարթակներ կան, որոնց արդյունավետությունը վստահություն չի ներշնչում, Հայաստանը չի մասնակցում այդ հարթակներում բանակցություններին, եթե ներշնչում է՝ մասնակցում է։
—Օրինակ՝ մոսկովյա՞ն հարթակը։
—Խնդրում եմ՝ չմասնավորեցնել որևէ բան, որովհետև տարբեր տեղերում, տարբեր ձևաչափի բանակցություններ տեղի են ունենում։ Հայաստանը որևէ արդյունավետ հարթակից խուսափելու ոչ ցանկություն ունի, ոչ էլ դա մեզ օգտակար է։
Խորհրդարանական ընդդիմությունը այս հարցում չի կիսում իշխանության լավատեսությունը։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ խաղաղության պայմանագրի բովանդակային հարցերը այժմ մղվել են երկրորդ պլան՝ միջնորդական ինտրիգների և շահերի պատճառով։
«Խնդիրը այն է, որ իրավիճակը այնպես է սրվել, և Հայաստանի արտաքին քաղաքականությունը բերել է իրավիճակը այնպիսի կետի է հասցրել, երբ բուն խնդիրները թողած քննարկվում են հիմնական ինտրիգները։ Եվ այս տեսանկյունից դրա լուծումը որևէ ձևով չի երևում։ Եթե մի կողմ դնենք ինտրիգները, անկախ նրանից, թե որ մայրաքաղաքում է դա իրականացվում, կարևորը այն է, թե դա որքանով է շոշափում հայկական շահը և որքանով են հայկական առաջնահերթությունները այդտեղ ձևակերպված։ Մեր գլխավոր խնդիրն այն է, որ Արցախի հարցով գործընթացը և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը վերածվել է աշխարհաքաղաքական բախումների, և դրանով պայմանավորված, այդ հարթակների հարցը կամ հնարավոր հարթակներում քննարկումը դարձել է լրացուցիչ քննարկման առարկա»։
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ Հայաստանի կողմից վեկտորի հնարավոր փոփոխության մասին լուրերը լարել են իրավիճակը, վերջին շրջանում, ըստ Աբրահամյանի՝ Ադրբեջանը նորից ագրեսիվ կեցված է ընդունել, և այս ամենը ամբողջության մեջ անվտանգային նոր խնդիրներ է առաջացնում Հայաստանի համար։

Հայաստանյան ընդդիմությունը քննադատում է իշխանությունների նաև այն քայլը, որով Երևանը նախօրեին ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել էրօրակարգից հանել Հայաստանին օգնություն տրամադրելու մասին փաստաթուղթը։ Ի դեպ, ՀԱՊԿ քարտուղարությունը արդեն հստակեցրել է, թե կոնկրետ ինչից է հրաժարվել Հայաստանը:
Կազմակերպության մեկնաբանության համաձայն՝ «մինչ այժմ մշակվում էր երկու փաստաթուղթ՝ կապված Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման հետ։ Խոսքը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագծի և կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարության մասին է` հաջակցություն այս տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին»։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասում է, որ հստակ չի կարող նշել, թե դիմումից հրաժարվելով ինչից է զրկվում Հայաստանը, բայց հաստատ գիտի, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մակարդակի նվազեցումը նույնն է, ինչ ՌԴ հետ կապերի խզումը։
«Սա գալիս է ամրապնդելու այն մոտեցումը, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական համագործակցության դաշտը հնարավորինս, նշաձողի առումով, իջեցնելու և արտաքին քաղաքականությունը որոշակի փոփոխելու։ Դրա անունը կդնեն դաշնակցային հարաբերություններ, դրա անունը կդնեն ԵՄ ինտեգրմանն ուղղված քայլ, դրանից իրավիճակը չի փոխվել։ Գլխավոր խնդիրն այստեղ այն է, որ ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ առաջարկած այդ ռազմատեխնիկական համագործակցությունը կամ համագործակցությունը անվտանգային այլ հարցերում որևէ ձևի ամբողջացված չէ, հստակ չի երևում, թե դրա տակ ինչ է դրված եղել, և այս իրավիճակում դժվար է, ըստ փաստական մասի՝ ասել, թե ինչ է առաջարկվել, և դրանք Հայաստանը կամ Հայաստանի իշխանությունը մերժելով ինչից է զրկվել»։

ԱԺ նախագահ Հակոբ Արշակյանի մեկնաբանություններով՝ առարկայական կորուստ Հայաստանը չի ունեցել, իսկ անվտանգային բացը՝ համոզված է, որ լրացվում է։
«Մենք ՀԱՊԿ-ից ակնկալել ենք, որ անհրաժեշտ է արձանագրել, թե որտեղ է սկսվում և ավարտվում ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածքը։ Ցավոք սրտի, այդ տարածքը և Հայաստանի կոնկրետ քարտեզը իր սահմաններով չի արձանագրվել և այս հարցերը այդտեղից են առաջացել։ Սպառազինության ձեռքբերումների տեսանկյունից ակնհայտորեն հայկական բանակը ունի սպառազինության տարբեր մատակարարներ, որը այդպես չէր, ցավոք սրտի։ Այսինքն՝ ավելի սահմանափակ քանակությամբ մատակարարներ կային։ Այս առումով առնվազն տեսնում ենք, որ այլընտրանքներ կան։ Անկեղծ պետք է ասեմ, որ անվտանգային համակարգը միայն պայմանագրեր չեն։ Դրանք սպառազինություն են, դրանք զինվորներ են, դրանք իրավական միջազգային պայմանագրեր են և այլն, և այլն։ Երբ դուք անվտանգային հարց եք բարձրացնում, մեկ կամ երկու պայմանագրով դա չի որոշվում»։
Հայաստանի պաշտոնյաները շարունակում են պնդել, որ իշխանության օրակարգում չկա ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը։
Իսկ ՀԱՊԿ քարտուղարության պարզաբանման մեջ կա հաստատում՝ Հայաստան ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։




