ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Զգուշանալ երկկողմ հարթակից, որին ձգտում է Բաքուն․ փորձագետ

Արևմուտքը կրկին առաջարկում է բանակցությունների միջոցով խաղաղոթյուն հաստատել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ի պատասխան Բաքուն սպառնում է Վաշինգտոնին, հեգնելով, որ ոչ մի միջազգային հարթակ չի կարող ազդել իր դիրքորոշման վրա։

Փորձագետների կարծիքով Ադրբեջանը փորձում է ոչ միայն տարածաշրջանայի՛ն հարթակ տեղափոխել բանակցություններն, այլև երկկողմ, ինչը խիստ վտանգավոր է Հայաստանի համար։

Արևմուտքը, ի դեմս Վաշինգտոնի, կրկին ներկայանում է Երևանի ու Բաքվի միջև բանակցություններին աջակցելու դիրքորոշմամբ, նպատակ ունենալով տևական խաղաղություն ու կայունության հասնել տարածաշրջանում, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ ԱՄՆ դեմ չէ, որ այլ երկրներ ևս իրենց նպաստը բերեն հայ-դրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Արևմուտքից այս հայտարարություններին զուգահեռ՝ Բաքուն շարունակում ավելի կոշտ ձևակերպումներով սպառնալ ԱՄՆ և Եվրոպային։

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ադրբեջանական սպառնալիքների տակ նոր հարձակման համար նախապատրաստություն է տեսնում․ «Ադրբեջանը փորձում է զսպել այն պետություններին, որոնք հնարավոր աջակցություն կարող են ցույց տալ Հայաստանին և այնպես անել, որ Հայաստանը հայտնվի մեն մենակ փակուղում, ինչը կար 44-օրյա պատերազմից առաջ։ Այսինքն այն ժամանակ էլ կար բանակցությունների տապալում, Ադրբեջանի կողմից բանակցություններից հրաժարում, և դա լավ շանս էր Ադրբեջանի համար պատերազմ սկսելու։ Եվ հիմա Ադրբեջանը փորձում է նույն սցենարով շարժվել, այսինքն հայտարարությունների համատեքստում նույն տրամաբանությունն եմ տեսնում, ինչ կար մինչև 2020 թ․։ Նաև չպետք է մոռանալ, որ Արևմտյան հայտարարություններն ու կոչերը միայն Հայաստանի համար չեն արվում, դա արվում է նաև Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու համար»։

Ադրբեջանական քաղաքական հարձակումների թիրախում է նաև հայկական սփյուռքը։ Ալիևը զգուշանում է այդ գործոնից ու թերևս դրանով է պայմանավորում առկա միջազգային ճնշումները Ադրբեջանի նկատմամբ։

Նա հայտարարում է, թե իբր Հայաստանն օգտագործում է Սփյուռքը Ադրբեջանի դեմ հարձակումների համար։

Միաժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ ոչ մի միջազգային ճնշում չի կարող ազդել իր կառավարության կամքի վրա։ Փորձագետները ուշադրություն են հրավիրում նաև Ալիևի այն մոտեցմանը, ըստ որի Հայաստանն իր ապագան պետք է պլանավորի՝ ելնելով սեփական ազգային շահերից, այլ ոչ թե տարածաշրջանից հեռու գտնվող պետությունների հավակնություններից։

Քաղաքագետ Արա Պողոսյանը, այդ հայտարարության տողատակերը բացելով, պարզաբանում է՝ Ալիևը ձգտում է Հայաստանին ոչ միայն տարածաշրջանային հարթակ տեղափոխել, այլև երկկողմ բանակցությունների դաշտ բերել, ինչը խիստ վտանգավոր է Հայաստանի համար, և ոչ մի դեպքում Երևանը չպետք է համաձայնի նման ձևաչափի․

«Իրանի հետ այժմ Ադրբեջանը փորձում է բերել հարաբերությունները այնպիսի վիճակի, որպեսզի որոշակի կետերում համընկնեն իրենց շահերը, իսկ այս պարագայում, երբ Ադրբեջանը փորձում է ռեգիոնալիզմի քաղաքականության ծիրում դիրքավորվել, ինչ-որ առումով այստեղ երկուսի շահերն էլ համընկնում են, այն առումով, որ երկուսն էլ սկսել են հայտարարել, որ երրորդ երկրները չպետք է միջամտեն տարածաշրջանի հարցերին։ Նկատի ունեն Արևմուտքը առաջին հերթին, և այստեղ Բաքուն փորձում է հետագա բանակցությունները տեղավորել ռեգիոնալ հարթակներում՝ փորձեց «3+3», որը դարձավ՝ «3+2»։ Մյուս կողմից Ադրբեջանը ակտիվ խոսում է երկկողմ հարթակ ձևավորելու մասին, այսինքն Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների միջոցով փաստաթղթի ստորագրման հասնել»։

Եթե բանակցությունների երկկողմ հարթակ ձևավորվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ապա չի լինի որևէ երաշխավորող երկիր և Բաքուն էլ կձերբազատվի հետագա պատժամիջոցների վտանգից, ինչի մասին այսօր հաճախ խոսում են Արևմտյան հարթակները։ Քաղաքագետի կարծիքով այս բարդ իրավիճակում շահեկան դիրքավորվելու համար Հայաստանը պետք է իր «ճանապարհային քարտեզը» ունենա։

Նա կարծում է, որ Հայաստանը ժամանակին պետք է տարածաշրջանի երկրների հետ ռեգիոնալ ալյանս ձևավորեր, ինչը չի արել․

«Քանի որ մենք մեր գործողություններով այսօր հակադրվել ենք տարածաշրջանին, ապա տարածաշրջանային որևէ հարթակում այս պահին Հայաստանի շահերից բխող դիրքորոշում սպասելը անիմաստ է։ Երկկողմ բանակցությունները Հայաստանի համար նույնն են ինչ Ադրբեջանին տալ քարտ բլանշ հետագա պատերազմների համար, քանի որ պայմանագիր կնքելու համար պետք է ունենաս առնվազն այնպիսի ռազմական բալանս, որ կարողանաս ինքդ լինել այդ պայմանագրի երաշխավորը։ Իսկ մենք գիտենք, որ այսօր Հայաստանը չի կարող լինել այդպիսի պայմանագրի երաշխավոր։ Կարծում եմ՝ երկկողմ հարթակի մասին խոսելը պետականության նկատմամաբ դավաճանություն է, ինքնասպանություն»։

Քաղաքագետ Գառնիկ Դավթյանի կարծիքով էլ՝ Արևմտյան հարթակներում բանակցություններից հրաժարվելով, Բաքուն ակնարկում է, որ Ադրբեջանը առանց Թուրքիայի չի պատրաստվում բանակցել։

Back to top button