ԿարևորՔաղաքական

Հայաստան կժամանի Ճշմարտության, արդարության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը

ՄԱԿ-ի ճշմարտության խթանման, արդարադատության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խրախուսման հարցերով հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին 2023 թվականի նոյեմբերի 16-ից 24-ը պաշտոնական այցով կգտնվի Հայաստանում։

Իր այցի ընթացքում ՄԱԿ-ի փորձագետը կգնահատի ճշմարտության, արդարադատության, հատուցման, հիշատակման և չկրկնվելու երաշխիքների խրախուսման ոլորտներում միջոցները, որոնք ընդունվել են Հայաստանի իշխանությունների կողմից՝ անդրադառնալու հակամարտության, պետության կողմից բռնաճնշման կամ քաղաքացիական անկարգությունների ժամանակ մարդու իրավունքների լուրջ խախտումներին։

Փորձագետը կհանդիպի կառավարության պաշտոնյաների, օրենսդիր մարմնի, դատական իշխանության, անվտանգության ուժերի, մարդու իրավունքների ազգային ինստիտուտի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների անդամների, զոհերի խմբերի և միջազգային հանրության ներկայացուցիչների հետ: Նա կայցելի Երևան և հանրապետության այլ վայրեր:

2023 թվականի նոյեմբերի 24-ին Հատուկ զեկուցողը մամուլի ասուլիս կհրավիրի տեղական ժամանակով ժամը 10:30-ին ՄԱԿ-ի գրասենյակի նիստերի դահլիճում (Պետրոս Ադամյան 14): Լրագրողների մուտքը խիստ սահմանափակ է։

Սալվիոլին իր զեկույցը Մարդու իրավունքների խորհրդին կներկայացնի 2024 թվականի սեպտեմբերին։

Պրն. Ֆաբիան Սալվիոլին (Արգենտինա) ՄԱԿ-ի ճշմարտության խթանման, արդարադատության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խրախուսման հարցերով հատուկ զեկուցող է նշանակվել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից 2018 թվականին։ Նա իրավապաշտպան է և պրոֆեսոր։ Ֆաբիան Սալվիոլին Լա Պլատայի համալսարանի իրավունքի դպրոցի միջազգային իրավունքի և մարդու իրավունքների պրոֆեսոր է:

Պարոն Սալվիոլին դասախոսություններ է կարդացել Ամերիկայի, Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի բազմաթիվ երկրներում և համալսարաններում: Պարոն Սալվիոլին հեղինակել է բազմաթիվ գրքեր և հոդվածներ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային իրավունքի մասին: Եղել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի անդամ 2009-2016 թվականներին, իսկ 2015-2016 թվականներին նախագահել է այն:

Որպես հատուկ զեկուցող պարոն Սալվիոլին Մարդու իրավունքների խորհրդի հատուկ ընթացակարգերի մաս է կազմում։ Հատուկ ընթացակարգերը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համակարգում անկախ փորձագետների ամենամեծ մարմինը, Խորհրդի անկախ փաստահավաք և մոնիտորինգի մեխանիզմների ընդհանուր անվանումն է, որը զբաղվում է կամ երկրում առաջացած առանձին իրավիճակներով, կամ ամբողջ աշխարհում թեմատիկ հարցերով:
Հատուկ ընթացակարգերի փորձագետները գործում են կամավորականության սկզբունքով՝ չեն հանդիսանում ՄԱԿ-ի աշխատողներ և չեն վարձատրվում արված աշխատանքի դիմաց։ Նրանք անկախ են ցանկացած կառավարությունից կամ կազմակերպությունից և գործում են սեփական միջոցներով։

Կարդացեք նաև

Back to top button