ԿարևորՀասարակություն

Սենտ-Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սենտ-Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոյի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 20-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Կապանի փոխքաղաքապետ Գոռ Թադևոսյանի ուղեկցությամբ: Պատվիրակության կազմում էին Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ֆրանսիայի կողմից 2001 թ.-ի հունվարին ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքի զեկուցող, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի հեղինակ Ֆրանսուա Ռոշեբլուանը, Սենտ-Էտիենի հայկական ասոցիացիայի նախագահ Վ. Խոսրովյանը, Սենտ-Էտիենի քաղաքապետի խորհրդական, Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ Ժ. Կոտչյանը և այլք:

Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձել է նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրել է Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

Սենտ-Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ լսել են հատկապես Անատոլ Ֆրանսի հայանպաստ գործունեության մասին:

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում դրված Ֆրանսիայի կողմից 2001 թ. հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված խաչքարի մոտ ճանաչման օրենքի զեկուցող Ֆրանսուա Ռոշեբլուանը կարճ ելույթ է ունեցել՝ ներկայացնելով օրենքի ընդունման ընթացքը:

Այցի ավարտին ֆրանսիական պատվիրակության անդամները շրջել են Հիշողության պուրակում, որտեղ կա նաև հայ ժողովուրդի լավ բարեկամ Ֆրանսուա Ռոշեբլուանի տնկած եղևնին:

Կարդացեք նաև

Back to top button