
Արագածոտնի, Արարատի, Վայոց Ձորի և Լոռու մարզերի տնկարաններում «Հայաստան ծառատունկ ծրագրի» մասնագետները հավաքել են Հայաստանի և Արցախի ծառերի ու թփերի հիմնական տեսակների տնկանյութը: Ընկերությունում այդ բազայից կարողանում են տնկիներ ստեղծել: Արագածոտնի տնկարանում այս տարի մոտ 30 հազար կեչու և 80 հազար սոճու տունկ է ստեղծվել։ Նախատեսվում է դրանցով համալրել Լոռու անտառները:
«Հայրենիքում ծառերը չպետք է պակասեն». 1990-ականներին վառելիքի բացակայության պատճառով ծառահատումներին ի պատասխան որոշեց Արցախյան առաջին պատերազմի օրերին Հայաստան եկած ամերիկահայ բարերարը: Քերոլին Մուգարը հիմնեց «Հայաստան ծառատունկ ծրագիրը», որը սկզբում գնում և նվիրում էր տնկիներ, մինչև որ հիմնեց սեփական տնկարարանը:

Սա Հայաստանում տնկանյութի արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերություններից մեկի ստեղծման պատմությունն է: Այսօր արդեն ընկերության տնկարանային տնտեսությունների թիվը 4-ն է: Ընդհանուր 12 հեկտար տարածքով տնկանյութի այսպես կոչված «ծննդատները» բաշխված են Հայաստանի տարբեր կլիմայական գոտիներում:
Արագածոտնի մարզի Կարին տնկարանում ենք: Աշխատանքների խորհրդատու, ընկերության հնաբնակ Սամվել Ղանդիլյանը հիշում է՝ 1996 թվականի աշնանը առաջին 12 ծառը տնկվեց Արցախի Բերձորում:

«Մենք բազմացնում ենք Հայաստանում և Արցախում արդեն հարմարված ծառերի և թփերի հիմնական բոլոր տեսակները: Այստեղ մեր տնկարանում դուք կարող եք տեսնել 200 տեսակի ծառ: Բայց մենք որպես արտադրանք տալիս ենք մոտավորապես 50-70 տեսակ: Մնացածը տեսակի պահպանման համար է, վաղը կարող է պատվեր լինել՝ արտադրենք»:
Մասնագետը պատմում է, որ ծառատեսակների բազմացումը կատարում են սերմերի և կտրոնների միջոցով: Կտրոնն այն ճյուղը, տերևը կամ մացառն է, որից ծառը կարող է «վերածնվել»:
-Տեսնում եք՝ ունենք տարբեր ջերմոցներ, հետո հանում, տեղափոխում ենք բաց դաշտ: Սրանք կեչի են, նախատեսված են անտառվերականգնման համար: Այս գեղեցկությունը, յուրաքանչյուրը 30 սանտիմերտր, այս տարվա սերմից աճածներն են: Սերմը բերել ենք, հողախառնուրդ ենք պատրաստել, լցրել այս թաղարների մեջ: Ջերմոցում ծլել է, ջերմոցից հանել շարել ենք դրսում, որպեսզի ադապտացվի բնությանը: Տնկարանի այս մասում և ներսում էլ կտեսնեք էս տարվա ծնված կեչիները, պետք է գնան անտառ, մոտ 30-40 հազար հատ են: Բացի այդ կա մոտ 80-90 հազար հատ սոճի:

-Որտե՞ղ կգնան այս կեչիները։
— Լոռի:
Տնկարանի բացօթյա հատվածում «էկզոտիկ օտարերկրացու» եմ նկատում, առաջին հայացքից զեյթունի ծառ է հիշեցնում: Սամվել Ղանդիլյանն ասում է՝ ամեն համայնքի «օտարերկրացու» 2 տունկ է տալիս: Ծառը շատ բերք է տալիս, ուստի 2-ի բերքը 1 գյուղի համար բավարար է:
-Զեյթունին նման է, պտղամիսն էլ, կորիզն էլ, բայց ունեբենին է, որի վրա ունաբ կա: Յուրահատուկ ծառ է, բուժիչ: Տեսեք, մացառներով է բազմանում, այսինք արմատը բացում ենք, մի հատ վիրավորում և ծածկում, էդտեղից էլ մացառ է դուրս գալիս: Եվ հենց դուրս գալու առաջին տարին պտուղ է տալիս: Պարսկաստանից եմ առաջին 10 ծառը խնդրել բերել են, հետո կտրոններով, մացառներով բազմացրել ենք: Ինքը բուժիչ է և՛ ստամոքսի, և՛ ճնշման համար: Մեր հողում քիչ է յոդը, բայց ինքը յոդ է պարունակում, որը օրգանիզմը կլանում է: Դու յոդը խմես, օրգանիզմը չի կլանում, իսկ ունաբի պտուղից կլանում է: Գիտեք, որ Հայաստանում հատկապես կանայք ունեն յոդի խնդիր:

-Իսկ պտուղները ինչպե՞ս են օգտագործում:
— Հենց այսպես ուտում են, չորացնում են, չրի տեսքով ձմռանն են ուտում, և յուղ են պատրաստում՝ ժոժոբայի յուղ:
Սամվել Ղանդիլյանը շեշտում է տնկանյութը տեղում արտադրելու կարևորությունը: Անտառվերականգնումից զատ, տնկանյութը պատասխանատու օղակ է նաև պարենային անվտանգության շղթայում: Մասնագետը 1 տնկարանային տնտեսության օրինակով է բացատրում գնագոյացման փոփոխությունը:

-Մենք ունենք ծառատեսակներ, որոնք շուկայի վրա են ազդել, դրանցից մեկն էլ հենց ունաբենին է: Երբ սկզբից ուզում էինք բազմացնել ունաբենի, Երևանի 5 շուկայում փնտրեցինք, ընդամենը 3 կգ գտանք, կիլոգրամը 3000 դրամով: Հիմա, որ մենք տնկիներն արտադրել, տվել ենք, շուտով փողոցում էլ են վաճառելու, խանութներում էլ՝ 600-800 դրամ է դարձել: 25 տարի առաջ առել ենք 3000 դրամով, էդ ընթացքում ամեն ինչի գինը մի 5 անգամ թանկացել է, սրա գինը մի 5 անգամ իջել է, քանի որ շատ ենք բաժանել: Մյուս ծառատեսակը նշենին է և դեղձենին, որ գները չի բարձրանում: Հենց սկզբից՝ 96 թվականից նշենին սկսել ենք արտադրել և տալ:
«Հայաստան ծառատունկ ծրագիրը»-ը տնկիների վաճառքին զուգահեռ այսօր էլ իրականացնում է բարեգործական ծրագրեր: Երևանյան գրասենյակից զատ, այն գրասենյակ ունի նաև ԱՄՆ Բոստոն քաղաքում: Կառույցի ամերիկյան մասնաճյուղը զբաղվում է ֆինանսներ հայթհայթելով: Սփյուռքահայ նվիրատուների միջոցներով Հայաստանի համայնքապատկան տարածքներում ծառատունկ են իրականացնում:




