ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմի մրցանակը պատմական է․ Կարեն Ավետիսյան

Վավերագրական կինոյի ամենահեղինակավոր փառատոններից մեկի՝ Ամստերդամի միջազգային փաստավավերագրական փառատոնի մրցութային ժյուրին «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչել Շողակաթ Վարդանյանի՝ 44-օրյա պատերազմի անձնական ողբերգությունից ծնված «1489» դեբյուտային ֆիլմը և շնորհել գլխավոր մրցանակը: Ֆիլմը արժանացել է նաև Կինոքննադատների և կինոմամուլի համաշխարհային ընկերակցության մրցանակին։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմի մրցանակը պատմական է համարում։

«Հայաստանը ժամանակ առ ժամանակ այս փառատոնում ունեցել է իր մասնակցությունը, Հարություն Խաչատրյանի ֆիլմերն են եղել։ Իսկ 1988 թ–ին նույն գլխավոր մրցանակին արժանացել է Ռուբեն Գևորգյանցի՝«Կղզիները», բայց դա խորհրդային շրջանում։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ սա առաջին մեծ մրցանակն է»։

Գլխավոր մրցանակի համար փառատոնի հեղինակավոր ժյուրին հետևյալ ձևակերպումն էր տվել․

«Իբրև թափանցող լույս, ֆիլմը տեսանելի է դարձնում թաքնված վշտի վիթխարի ներքին լանդշաֆտը՝ անտանելի բացակայությունից ստեղծելով շոշափելի ներկայություն։ Կինոն, որպես գոյատևման գործիք, թույլ է տալիս նայել դեպի այն, ինչը մենք նախընտրում ենք չտեսնել: Եվ, վերջապես անմոռանալի օրինակ կինոյի՝ որպես սիրո ակտ»:

«1489» ֆիլմը հեղինակի՝ Շողակաթ Վարդանյանի եղբոր՝ Սողոմոնի մասունքների որոնման պատմությունն է։ Մասնագիտությամբ երաժիշտ Սողոմոնը անհետ կորել էր 44-օրյա պատերազմի յոթերորդ օրը։

Ֆիլմի անվանումը՝ «1489», Սողոմոնի մասունքներին տրված համարն է։

«Շողակաթը որոշում է արձանագրել իրենց ընտանիքի առօրյան՝ սպասումները, լուրերին հետևելը, կապի դուրս գալ –չգալը։ Ու էտ ամբողջ նյարդային թելի վրա էլ կառուցված է ֆիլմը»։

Կինոռեժիսորն այս պահին դեռ Ամստերդամում է։ Շողակաթն արդեն հասցրել է հարցազրույց տալ նիդերլանդական currenttime.tv հեռուստաընկերությանը։

Պատմել է, որ մասնագիտությամբ երաժիշտ է, բայց 2020 թ–ից սկսել է լրագրությամբ զբաղվել։ Սեպտեմբերի 27-ին սկսվեց 44 –օրյա պատերազմը։ Եղբայրն այդ ժամանակ ծառայում էր բանակում։ Կռվի արդեն 7-րդ օրը հարազատները կորցրել են կապը Սողոմոնի հետ։ Այդ ժամանակ Շողակաթին զանգահարել է իր դասախոսն ու խնդրել՝ նկարահանել եղբոր որոնման ընթացքը։ Սկզբում չի պատկերացրել, թե ինչ ու ինչպես է պետք անել։ Բայց մի օր մտել է հոր արվեստանոցն ու սկսել է նկարել որդուն սպասող հորը։ Նկահանած կադրերը ցույց է տվել իր վարպետին։ «Կինոյի պես ես նկարել»՝ ասել է դասախոսը։

«Իհարկե դասախոսիս հետ կատակում էինք, որ եղբայրս վերադառնալու է, ու նրան ցույց եմ տալու, թե մեզ ինչերի միջով է ստիպել անցնել»։

Ֆիլմի վերջին տեսարանը Շողակաթը նկարահանել է դիահերձարանում։ Ասում է՝ հայրն է խնդրել շարունակել արձանագրել այնտեղ տեղի ունեցողը.

«Գիտեք Հայաստանում կանայք չեն գնում դիահերձարան, բայց ես ասացի, որ կգնամ։ Սկզբում նրանք ցույց էին տալիս մարմնի փոքր կտորներ, բաց ես չգիտեի դեռ ինչ է ինձ սպասվում ու ինչ կարող եմ տեսնել։ Երբ մեզ կանչեցին ներս, անգամ այդ ժամանակ չէի հասկանում, թե ինչ է կատարվում։ Բայց տեսախցիկը չեմ անջատել։ Նկարահանեցի ամեն ինչ՝ ինչ կա ֆիլմում։ Ինձ թվում է, որ նրանք մտածել են, թե ես ցնորվածի, կամ խելքը թռցրածի մեկն եմ, ոչինչ չասացին, թույլ տվեցին նկարահանեմ։ Ֆիլմի ավարտուն տարբերակը դիտել է միայն մայրս,»,- խոստովանել է Վարդանյանը:

Այս մրցանակից հետո ծնողները նրան կատակով անվանում են «համաշխարհային ռեժիսոր»։ Չնայած ընտանեկան մեծ ողբերգությանը, նրանք ուրախ են, որ պատերազմի թեման ներկայացվել է միջազգային հեղինակավոր կինոփառատոնում և Շողակաթի աշխատանքը գլխավոր մրցանակին է արժանացել:

Կարդացեք նաև

Back to top button