ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ծայրահեղություն, բայց ոչ հուսահատություն․ անհետ կորածի հարազատը հացադուլ է սկսել

44-օրյա պատերազմից 3 տարի անց, ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմն ումի 195 անհետ կորած, ևս 88 անհետ կորածի հարազատ ունի ԴՆԹ փորձաքննության համընկնում, բայց համաձայն չէ արդյունքների հետ։ Գոռ Մուրադյանը, որը փնտրում է պատերազմում անհետ կորած եղբորորդուն, արդեն 4 օր  «Իքս» զորամաս կոչվող պատերազմի թանգարանում հացադուլ է անում։ Նրա ձևակերպմամբ՝ պահանջն անհետ կորածների փնտրման ամենօրյա աշխատանքների վերսկսումն է և որոնողական աշխատանքներում ծնողների անմիջական մասնակցության թույլտվությունը։ Այս պահին Գոռը հարցազրույցներ չի տալիս, սակայն նրան աջակցողները մանրամասնում են 3 տարվա սպասման ու որոնումների արդյունքները։ Սամվել Հովսեփյանը որդու աճյունն ամիսներ առաջ է գտել և հուղարկավորել, շարունակում է լինել անհետ կորածների հարազատների կողքին և աջակցել նրանց։

«Սա ծայրահեղություն է, բայց ոչ հուսահատություն, սա ընդամենը ազդարարում է նոր պայքարի սկիզբ։ Պայքար այն հանգամանքի համար, որ անհետ կորածները հայտնաբերվեն, ի վերջո գոնե մեկի մասին նոր բան իմանանք,  գոնե մեկը վերադառնա։ Ես սա համարում եմ հոռետեսական քայլ, որովհետև լավատեսության համար որևէ հիմք չկար»։

Անհետ կորածների հարազատների և պատկան կառույցների կապող օղակը «Գերիների, պատանդների և անհետ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով»–ն է։ Դրան կից աշխատանքային խումբ է գործում, որում 5 ծնողներ են ընդգրկված։ Հանձնաժողովը պատասխանատու գերատեսչություններին է ներկայացնում ծնողների մտահոգությունները, խնդիրները, պահում ակտիվ կապը նրանց և պատկան մարմինների միջև։

Այդ աշխատանքները, սակայն, միայն սկզբում են խոստումնալից թվացել։ Հետո՝ ամիսը երկու կամ երեք հանդիպում է եղել, որոնք, ըստ ծնողների, անարդյունավետ են եղել:

«Շուրջ մեկ տարի առաջ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի առաքելությունը այն էր, որ կարողանար որևիցե նորություն, որևէ նոր բան հայտնել մեր ծնողներին անհետ կորածների վերաբերյալ, բայց ցավոք սրտի որևիցե մեկի հետ կապված որևէ նորություն չի եղել։ Ավելին ասեմ, այս ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովը անգործության է մատնվել։ Եթե այդպես չլիներ, ապա կլիներ որևէ տվյալ, նորություն»,- ասում է զոհվածի հայրը։

Ծնողների հիմնական բողոքները կապված են ԴՆԹ նույնականացումների և հարուցված քրեական գործերի արդար քննության հետ։ Ամիսներ առաջ՝ մայիսին, ծնողներից շատերը գլխավոր դատախազությանը դիմումներ էին հանձնել՝ տուժողի իրավահաջորդի կարգավիճակ ստանալու համար։ Այդ կարգավիճակը թույլ է տվել ծանոթանալ անհետ կորած հարազատների քրեական գործերին, կարդալ վկաների հարցաքննությունները, մասնակցել կոնկրետ այդ գործերով դատական նիստերին։

Ծնողները, սակայն, քրեական գործերին ծանոթանալով պարզել են, որ քննիչների թղթապանակները գրեթե դատարկ են, անհետացման հանգամանքները՝ հիմնականում չբացահայտված։

Այժմ նրանք պահանջում են ակտիվ աշխատանքների վերսկսում։ Ցանկանում են առաջին ձեռքից ծանոթանալ բոլոր փաստերին, տեսնել դիահերձարաններում մնացած աճյունները, ինչի իրավունքը, ըստ օրենքի, չունեն։ Գոռ Մուրադյանն ասում է՝ իրենք ոչ թե ուզում են խանգարել կամ անհնազանդության ալիք բարձրացնել, այլ սկսել համագործակցել ու անմիջական մասնակցություն ունենալ իրենց անհետ կորած հարազատների ճակատագրերի պարզմանը։ 

Գլխավոր լուսանկարում՝ անհետ կորածների հարազատները «Իքս» զորամաս կոչվող պատերազմի թանգարանում

Կարդացեք նաև

Back to top button